«Մեզ ասում են՝ դուք չկաք բազաներում». արցախցի երեխաները քաղցած են
Fri, 27 Mar 2026 23:15:12 +0400

Արցախից տեղահանված Կարինե Միրզաջանյանը երեք երեխա ունի՝ 2, 3 եւ 7 տարեկան: Երեք տարեկանին խնամքի կենտրոն է հանձնել, իր առողջական խնդիրների պատճառով: Մյուս երկուսին մի կերպ պահում է Չարենցավանի դոմիկում: Ոչ առաստաղն է առաստաղ, ոչ հատակը՝ հատակ, ոչ պատուհանը՝ պատուհան: Անգամ լողացնել երեխաներին չի կարողանում: «Չարենցավանում Արցախից եկած մարդիկ կան, իրանց տներում եմ լողացնում», -ասում է Կարինեն:
Նա երեխաների հետ Հայաստան է եկել 2020 թվականին: Մարտունու շրջանում է ապրել, հետո Ստեփանակերտում, հետո՝ Չարենցավանում: Բռնի տեղահանվածների համար նախատեսված ոչ մի ծրագրից չի օգտվում: Դուք բազաներում չկաք` վերջ», – ասել են նրան սոցապում, ու ջնջել են եւ անցյալը, եւ նախկին կյանքը:
«Ես չեմ խաբում, անձնագիրս ցույց տա՞մ», – ասում է կինը:
Հավաքարարություն է անում ու ստացած չնչին փողերով երեխաների համար հաց առնում: Շոր, կոշիկ բարի մարդիկ են տալիս, բլոգերներ են գալիս նրա մոտ, սնունդ են բերում ու նկարվում` դնում համացանց: Մի կերպ դրանով կարողանում է պահել երեխաներին:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ, մի անգամ ուղարկել եմ գործերս, մերժել են: Ասում են՝ դուք չկաք բազաներում: 20 թվից որ տեղահանվել եք, ճանապարհին ձեզ չեն նկարել, ձեր մուտքը չեն գրանցել, ասում են՝ տենց մարդ չկա, բայց երեխաներս կան, չէ՞, փաստ են: Ո՞նց կերակրեմ: Ոչ նպաստ են տալիս, ոչ աջակցություն», – պատմում է 33 տարեկան կինը:
Չարենցավանի քաղաքապետը երբեմն այցելում է նրան, ձմռանը փայտ է բերել երեխաների համար, բայց Կարինեն նրան չի դիմում:
«Մարդը հողատարածքը տվել ա, փեդ ա բերել, որ էրեխեքը չմրսեն, մի անգամ օգնեն, երկու անգամ օգնեն՝ ամաչում եմ», – ասում է նա։
Իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն օր խոսում է արցախցիների տնավորվելուց, նրանց տրամադրվող օգնությունից եւ անգամ Եւրոպաներում է ելույթներ ունենում, թե` ամեն ինչ անում ենք, որ արցախցիների կարիքները հոգանք:
Ցանկացողները կարող են կապվել Կարինեի հետ` 098302720 համարով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր