«Հրապարակ»․ Փոխմարզպետի սիրտը պատգամավորի աթոռ է ուզում
Sat, 28 Mar 2026 09:45:22 +0400
Կոտայքի փոխմարզպետ՝ ՔՊ-ական Հայկ Մկրտչյանը խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակում է: ՔՊ ներկուսակցական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով, նա 274 թեկնածուի մեջ 199-րդ տեղն է զբաղեցրել:
Հայկ Մկրտչյանը Կոտայքի մարզպետի տեղակալն է 2022-ից։ Մինչ այդ զբաղվել է բիզնես գործունեությամբ, աշխատել է պետական եւ համայնքային կառավարման ոլորտում։ Նա ուզում է պատգամավոր դառնալ իր երազած ազատ, անկախ եւ ինքնիշխան Հայաստանում: Իր էջում գրել է. «Պետությունը հյուրանոց չէ, որը կարելի է փոխել, ոչ էլ ապաստան՝ ուրիշի հովանու տակ: Հայաստանն ինձ համար սուրբ է, եւ ես այն չեմ փոխի աշխարհի ոչ մի բարեկեցիկ անկյան հետ։ Բայց հայրենասիրությունը միայն զգացմունք չէ, այն նաեւ սեփական ողնաշարն ուղիղ պահելու կամքն է։ Մենք պետք է դադարենք փրկիչներ փնտրել դրսում։ Ո՛չ այլ պետության կազմ մտնելը, ո՛չ էլ որեւէ գերտերության՝ լինի դա Ռուսաստանը, թե մեկ այլ ուժ, «տակը պառկելը» կամ կամակատարը դառնալը չեն կարող լինել մեր ապագայի տեսլականը… Մենք պետք է լինենք մեր երկրի միակ տերը, պատասխանատուն ու կառուցողը։ Մեր պատիվն ու պետականությունը սակարկության առարկա չեն»:
Մի քանի հարց ուղղեցինք նրան: Փաշինյանը խոստովանեց, որ 2020-ին գիտակցված զոհողության է գնացել, որի արդյունքում «ձեռք ենք բերել պետություն եւ անկախություն»։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։ «Վարչապետի խոսքը չեմ մեկնաբանում, ոչ էլ դրա իրավունքն ունեմ՝ մեկնաբանելու: Կարծում եմ՝ ինքը շատ պարզ, հստակ ասեց»: Ասաց, որ 5 հազար տղա զոհեցինք, որ անկախություն ունենանք, մի՞թե Հայաստանն անկախ չէր։ «Հայաստանն ազատ, անկախ եղել է, բայց այդքան էլ ազատ, անկախ չի եղել: Մենք հիմա ուզում ենք, որ անկախ լինի, ոչ մեկից կախված չլինի: Սենց հեռախոսով սխալ է հարցազրույց վերցնելը, կներեք, ժամանակ չունեմ»: Մի հարց էլ` Փաշինյանն ասում է, որ խաղաղություն է բերել, մյուս կողմից՝ սպառնում է պատերազմով․ եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի։ «Ես ՔՊ անդամ եմ, բայց դա իրավունք չի տալիս՝ իր խոսքը մեկնաբանեմ»: Դուք իսկապե՞ս պատգամավոր եք ուզում դառնա, թե՞ ուղղակի ՔՊ-ի համար ձայն եք հավաքելու։ «Դա արդեն չեմ մեկնաբանի»: Ոչինչ չեք ուզում մեկնաբանել, բայց ուզում եք պատգամավոր դառնալ, վերջերս Ձեր անունը շրջանառվում էր Ձեր եկամուտների հայտարարագրի առումով, որտեղ կային անշարժ գույք, տրանսպորտային միջոց, խոշոր փոխառություններ, բանկային եւ կանխիկ միջոցներ, գրվեց հնարավոր շահերի բախման եւ կոռուպցիոն ռիսկերի մասին։ «Լավ, էլի, լավ, էլի, խնդրում եմ, ում պետք էր, ինչ պետք էր, ճշտել են, տեսել են ու անունը կապել են: Մեկը մի անհեթեթություն գրել է, չեմ պարզաբանելու, ցանկություն էլ չունեմ»: