«Հրապարակ»․ Մեր թիմն ունի մի շատ մեծ ու անառարկելի հաղթաթուղթ
Sat, 28 Mar 2026 11:15:03 +0400
«Հրապարակի» զրուցակիցը «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անդամ, անվտանգային հարցերով մասնագետ Նարեկ Պարոնյանն է։
– Անցյալ ամիս «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը եւ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ առաջիկա համապետական ընտրություններում մեկ ճակատով հանդես գալու նպատակով։ Ըստ Ձեզ, սա քաղաքական երկարատեւ համագործակցության մեկնա՞րկ է, թե՞ նախընտրական կարճաժամկետ դաշինքային քայլ։
– «Միասնության թեւերը»՝ որպես պատասխանատու եւ ռազմավարական նպատակներ ունեցող քաղաքական ուժ, նպատակաուղղված է համագործակցության այն բոլոր ուժերի հետ, ովքեր հանդես են գալիս Հայաստանի, հայ ժողովրդի շահի սպասարկման տեսանկյունից, բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են հանուն մեր ազգային արժանապատվության, հանուն անկախ, անվտանգ, դեպի ապագան քայլող Հայաստանի։ «Հայաքվեի» մեր հարգարժան գործընկերները հենց նմանատիպ մարդիկ են, մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ են ապացուցել իրենց հայրենասիրությունը եւ նվիրվածությունը Հայաստանին։
– Այլ ուժերի հետ համագործակցության ազդակներ կա՞ն։ Օրինակ, ձեր քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը, նման հնարավորությունները չբացառելով, խոսել է նաեւ, որ շփումներ կան հայկական սփյուռքի հետ։ Կարո՞ղ եք կոնկրետ շրջանակներ մատնանշել։
– Թաթոյանի կողմից տարվում են աշխատանքներ, տեղի են ունենում հանդիպումներ, քննարկումներ, արվում է ամեն բան, որպեսզի ընդդիմադիր դաշտը կուռ, անզիջող եւ հետեւողական պայքար մղի գործող կործանարար վարչակազմի դեմ։ Ոչ մի քաղաքական հանդիպում եւ քննարկում ինքնանպատակ չէ․ մեր «Միասնության թեւերի» նպատակն է՝ իշխանազրկել օրվա պատուհաս իշխանություններին եւ մեր հայրենիքի համար ստեղծել նոր վերածնման եւ նոր ձեռքբերումների հնարավորություն։ Անկասկած, սա շատ բարդ գործընթաց է՝ մանավանդ նման բազմազան եւ խայտաբղետ քաղաքական դաշտում, բայց մենք համառ ենք ու հետեւողական եւ կանենք ամեն բան՝ մեր նպատակներին հասնելու համար։
– Հունիսի 7-ին նախանշված խորհրդարանական ընտրություններին մասնակցող հիմնական ուժերն ու դաշինքները հայտնի են, ֆավորիտների ցանկում նշվում են Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի անունները, իհարկե, ՔՊ-ն նույնպես, անկախ մեր կամքից ու քննադատությունից։ Ըստ Ձեզ, ինչպիսի՞ տեսք կունենան ապագա խորհրդարանը եւ ապագա կառավարությունը, եթե իրատեսական լինենք։
– Հարցն իրատեսականության կամ ռոմանտիզմի մեջ չէ։ Այսօր արդեն պարզ է, որ ընդդիմադիր դաշտում ձեւավորվել է մի քանի բեւեռ․ «Ուժեղ Հայաստանը» եւ «Միասնության թեւերն» այդ առումով, կարելի է ասել, սպասված նորություն են մեր հայրենակիցների համար։ Անկասկած է, որ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը պահանջարկ ուներ նոր ուժերի եւ նոր դերակատարների, եւ այս առումով համոզված եմ՝ սա կխթանի ե՛ւ մարդկանց մասնակցությունն ընտրություններին, ե՛ւ կարդարացնի շատերի սպասումները։ Գագիկ Ծառուկյանի ուժը եւս հանդես է գալիս հետաքրքիր տնտեսական եւ սոցիալական ծրագրերով։ Կարծում եմ՝ այն կկարողանա բավարարել մեր հայրենակիցների որոշ հատվածի սպասումները։ Ամեն դեպքում, մենք միշտ շեշտել ենք եւ այժմ էլ շեշտում ենք, որ առաջարկում ենք ընդդիմությանը համագործակցություն մի քանի առանցքային հարցերի շուրջ՝ որեւէ պարագայում չենք միանում ՔՊ-ին, միակարծիք եւ հաստատակամ լինենք քաղբանտարկյալների եւ քաղաքական հետապնդումների հարցում, միանշանակորեն սատար ենք կանգնում ՀԱԵ-ին եւ Վեհափառ հայրապետին եւ փորձում ենք նախընտրական փուլում միմյանց չթիրախավորել։ Սա մեր, այսպես ասած, առաջարկն է՝ բաց եւ հասկանալի։ Բայց պետք է նշեմ նաեւ, որ, ցավոք, ընդդիմադիր դաշտում կան քինախնդիր, հիշաչար եւ բարդույթավորված դերակատարներ, ովքեր փորձում են խժդժություններ մցնել ընտրական պրոցեսում, խառնել իրավիճակը… ցավոք, այդ քայլերը հա՛մ բարդացնում են ընդդիմադիրներիս գործը, հա՛մ որոշակի առումով ուժեղացնում են ՔՊ-ին։ Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք քաղաքակիրթ եւ կառուցողական աշխատանքի բոլոր-բոլորի հետ, ում նպատակն է կասեցնել այս համազգային աղետը։
– Որքան էլ խոսենք քաղաքական գործընթացների, ընտրազանգվածների եւ այլ համատեքստերի մասին, Հայաստանում շարունակում է գործել մարդ-կուսակցություն ավանդական գործոնը։ Եթե Փաշինյանը հայտարարում է, թե կառավարությունն ինքն է, ապա մյուս գործիչները գոնե համեստորեն իրենց համախոհներին են թողնում նման խոսույթը։ Ձեր քաղաքական ուժի հաղթաթուղթը հենց Արման Թաթոյա՞նն է։
– Միանշանակ, Հայաստանում կա անհատի հետեւից գնալու եւ անհատի հետ իշխանություն-հասարակություն հանրային պայմանագիր կնքելու տենդենց։ Դա շատ բնական է եւ ունի բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ։ Այս առումով կարելի է ասել, որ, այո, Թաթոյանը լավ իմաստով հաղթաթուղթ է․ իր կենսագրության, կրթության, աշխատանքային փորձի, բարեկրթության եւ բարձր մարդկային հատկանիշների շնորհիվ նա իրոք սիրված եւ ընդունված գործիչ է։ Բացի Թաթոյանի հանգամանքից, մեր թիմը նաեւ ունի շատ մեծ ու անառարկելի հաղթաթուղթ եւս․ մենք՝ բոլորս, բարձր որակի մասնագետներ ենք, յուրաքանչյուրս՝ մեր ոլորտում, եւ ոչ ոք ոչ մի պարագայում չի կարող ժխտել այդ փաստը։
– ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս հայտարարել էր, որ պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը գործարար Սամվել Կարապետյանն է, ինչին ի պատասխան՝ ձեր առաջնորդը նշել էր, որ դա Տեր-Պետրոսյանի կարծիքն է, եւ որ դուք ունեք ձեր սեփական օրակարգն ու առաջ եք շարժվում դրանով։ Ո՞րն է ձեր գլխավոր օրակարգը, բացի ընտրվելուց՝ ի՞նչ հիմնական խնդիր-նպատակադրում ունեք, որով մոտենում եք ընտրողներին։
– Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած կարծիքին, կարծում եմ, Թաթոյանի պատասխանը շատ ընդգրկուն էր, եւ այս առումով ավելացնելու բան, իմ կարծիքով, չկա։ Ինչ վերաբերում է գլխավոր օրակարգին՝ մեր գլխավոր օրակարգը ոչ թե զուտ ընտրվելն է, դա իշխանության համար պայքար է՝ հանուն իշխանության, եւ նման հարցադրումների հասցեատերը հաստատ մենք չենք, մեր գլխավոր օրակարգն անվտանգ, ամուր, սեփական ուժերով իր խնդիրները լուծող, արդար եւ հարատեւ Հայաստանն է։