«Հրապարակ»․ Հին ծրագիրը վերադարձել է՝ նույն վտանգներով եւ անփոփոխ
Sat, 28 Mar 2026 11:45:05 +0400

Փաշինյանի կառավարությունը «պարապ մնալ» չի սիրում․ դպրոցները փակելուն զուգահեռ, հիմա էլ e-draft համակարգում շրջանառվում է մի նախագիծ, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզի 30 գյուղական ամբուլատորիա կօպտիմալացվի, ինչի մասին վաղուց էր խոսվում:
Այսպես՝ «ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։ Գեղարքունիքի մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության եւ որակի բարձրացման նպատակով, ավելի հմուտ եւ օպտիմալ կառավարման համար առաջարկվում է միաձուլման եղանակով առողջության առաջնային պահպանման կենտրոնները վերակազմակերպել «փնջերի»: Միաձուլման արդյունքում ենթադրվում է վարչական աշխատակազմի կրճատում, որը կհանգեցնի «փնջի» վարչական անձնակազմի աշխատավարձի բարձրացման, արդյունքում որակապես նոր մակարդակի վրա կդրվի մարզում առողջության առաջնային պահպանման օղակում կառավարումը, որը միտված է ավելի մրցունակ կառավարման համակարգ ունենալուն:
Առաջարկվող վերակազմակերպումը կնպաստի բժիշկ-մասնագետների (ներկայում զբաղեցնում է երկու եւ ավելի դրույք՝ ներառյալ տնօրենի մեկ դրույքը)՝ բացառապես բժշկական գործունեությամբ զբաղվելուն եւ ազգաբնակչությանն առավել որակյալ, հասանելի ու մատչելի բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելուն, առողջապահական ցուցանիշների եւ բնակչության գոհունակության բարելավմանը: Ինչպես նաեւ՝ կառաջանան տնտեսված, միավորված եւ խնայված ֆինանսական միջոցներ, որոնք էլ կուղղվի՝ կազմակերպության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով վերազինմանը՝ որոշակի ծառայություններ ավելի հասանելի դարձնելով բնակչությանը (այդ ծառայությունները կմատուցվեն տեղում): Միաձուլման ձեւով վերակազմակերպել Գեղարքունիքի մարզի «Սարուխանի բժշկական ամբուլատորիա» եւ «Գանձակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ները՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի N 1 առողջության կենտրոն» ՊՈԱԿ: «Լճափի ԱԱՊԿ»-ն, եւ «Նորատուսի բժշկական ամբուլատորիան» եւ «Կարմիրգյուղի բժշկական ամբուլատորիան» կմիաձուլվեն՝ դառնալով «Գեղարքունիքի մարզի Գավառի N 2 առողջության կենտրոն» ՊՈԱԿ, եւ այսպես շարունակ:
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շրջանառվող նախագծի արդյունքում 30 գյուղական ամբուլատորիայից կմնա 9-ը: ««Ապագան» կրկին հետապնդում է Գեղարքունիքի մարզի գյուղական ամբուլատորիաներին: ՏԿԵ նախարարության կողմից 2 նախագիծ կար ներկայացված, մեկը վերաբերում էր Գեղարքունիքի, մյուսը՝ Արարատի մարզին: 2024 թվականին, երբ քննարկեցինք ԱԺ-ում, բացերն ասացինք, լայն քննարկման արդյունքում իրենք հետ կանգնեցին, սակայն նախագիծը նորից բերել են, եւ շատ տարօրինակ է, որ անգամ չեն փոխել: Դեղերի գնման հետ կապված մասը, որովհետեւ այսօր ամբուլատորիաները, կարելի է ասել, դեղեր չեն գնում, ամբողջությամբ օֆերտայի հիմք է դրված, եւ դեղորայքը քաղաքացիները գնում են դեղատներից: 2024 թվականին չիրականացված ծրագիրն այսօր վերադարձել է՝ նույն տրամաբանությամբ, նույն վտանգներով։ Սա առողջապահական բարեփոխում չէ, սա համակարգի ձախողման օրինականացում է, որի հետեւանքը կրելու է գյուղացին»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր