«Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է
Sat, 28 Mar 2026 13:15:52 +0400

Հարցազրույց արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի հետ
– Քարտեզը, որ Փաշինյանը փակցրել է կրծքին ու ման է գալիս, արդյո՞ք մենք այդ սահմաններով Հայաստան ունենք այսօր: Չէ՞ որ հենց ինքն է բզկտել մեր քարտեզը, իսկ մյուսներից հարգանք է պահանջում տարածքային ամբողջականության նկատմամբ:
– Իր կրծքին փակցրած քարտեզի ներքեւից, իմ պատկերացմամբ, արդեն մի 2 սմ պիտի կտրի. հողի վրա տասնյակ կիլոմետրեր են, Մեղրին է, Սյունիքը, որն ինքն արդեն տվել է, սուսուփուս: Ինքն ինչի դեմ խոսում է, ասենք` Քոչարյանը Մեղրին իբր փոխելու էր Ղարաբաղի հետ, իմացիր` շուտով դա ինքն է անելու եւ արեց: Ո՞ւմ է տվել. նախ՝ Ամերիկային, Թրամփին: Իսկ Թրամփն ուր մտնում է, քանդուքարափ է անում, տեսնում ենք: Թրամփի շահը ո՞րն է, Մեղրու միջանցքից ակնկալվող այդ մի քանի դոլա՞րը, իհարկե՝ չէ, քաղաքական շահն է: Այսինքն, ինքը մեզ ուզած ժամանակ ներքաշելու է քաղաքական այս կամ այն արկածախնդրության մեջ: Իսկ որոշ ժամանակ հետո, եթե Իրանի հետ հարաբերությունները կարգավորվեն, իրեն արդեն պետք չգա Սյունիքը` վերավաճառելու է: Իսկ ո՞վ է գնելու. բնականաբար՝ ադրբեջանցին կամ թուրքը: Նիկոլը Սյունիքն արդեն տվել է, ես այդպես եմ տեսնում: Այդ ժեշտի կտորը, որ կպցրել է կրծքին եւ անընդհատ աչքներս է խոթում, թե իրական Հայաստանն է, ինքն արդեն բզկտել է, վերից, վարից, կողքից, կրծոտել է իր սիրած կուկուռուզի պես: Սահմանազատումը չսկսված` Գորիս-Կապան ճանապարհն ինչո՞ւ ես տալիս: Ես չեմ կարծում, որ հիմա սկսվել է այդ սահմանազատումը: Ո՞ւր է` աջից, ձախից տարածքներ տվեց, ու դրանով ավարտվեց սահմանազատումը, մինչեւ Ալիեւի նոր նկրտումները: Բացի էդ ժեշտի կտորից` կա մեծ Հայրենիք, որը մեր սրտի մեջ է, որն էդ ժեշտով չափելի չէ, պատմականով է, հոգեւորով, ուզում է մեր սրտերն էլ մտնի` իր անհայրենիք խմբագրումներն անի։ Չի ստացվելու: Փաստորեն, այս մարդն ու իր թիմն էկզիստենցիալ, գոյաբանական դավաճանություն են իրականացնում Հայաստանի, հայ ազգի նկատմամբ: Որովհետեւ նրանց դավաճանությունը չի սահմանափակվում այս ժամանակահատվածով, նրանք մեր խորհրդանիշներն են ջնջում ժամանակի մեջ, Հոգեւոր Հայաստանն են ջնջում, հերոսների անուններն են մոռացնել տալիս, Եկեղեցին են ուզում կազմաքանդել: Այսինքն, սրա արմատները գնում են ետ, հասնում մինչեւ Հայկ ու Արարատ ու տարածվում նաեւ առաջ` ապագայի վրա, որովհետեւ եկող սերնդին ի՞նչ գաղափարախոսություն է մատուցվում, ի՞նչ է սովորելու սրանց հանձնվողական քարոզչությունից, երեխան սրանց կրծոտած, կրտած պատմության դասագիրքը վերցնի` ի՞նչ պատկերացում պիտի կազմի իր հայրենիքի մասին: Սա տոտալ դավաճանություն է մեր ազգի նկատմամբ: Եվ ցավալին այն է, որ մենք հանդուրժում ենք, գլխներիս դրել` տանում ենք այս իշխանություններին: Ու եթե թույլ տանք, որ եւս մի անգամ վերընտրվեն, դա արդեն իսկապես կործանում է լինելու: Եթե եւս 5 տարի իրենք այս խանդավառությամբ Հայաստանի հերն անիծեն, դա արդեն վերջն է լինելու՝ հայի տեսակի ու Հայաստան երկրի:
– Իսկ հազարամյակներով ստեղծած մեր պատմական եւ մշակութային արժեքներն այս «իրական Հայաստանի» մեջ տեղավորվո՞ւմ են: Քարոզում են, թե ինչը կապ չունի այդ թիթեղի վրա պատկերված տարածքի հետ, պետք է մոռանանք. սկսած մեր իրական հոգեւոր արժեքներից` գողթան երգերից, Մատենադարանի ձեռագրերից, էպոսից, Նարեկացուց մինչեւ նորագույն շրջան, բոլորն այդ թիթեղի սահմանած տարածքում չեն ծնվել, ապրել: Սա ո՞ւր է տանում` իրական Հայաստան` առանց հոգեւորի ու արմատների՞:
– Օտարում են մեզ մեզնից, զրկում բովանդակությունից: Իրենք երբեք էլ չեն խոսում քո նշած արժեքների մասին: Իրենք հաստատել են, որ իրենց հերոսը հարկատուն է: Երբեւէ տեսե՞լ ենք, որ մեր իշխանավորները խոսեն մշակույթից, արվեստից, գրողներից, նկարիչներից, կոմպոզիտորներից, գուցե հասու չեն, բայց գոնե մակերեսորեն հիշատակեն: Երբ եկավ իշխանության, ի՞նչ արեց առաջնահերթ. վերացրեց պետական մրցանակը, նախագահի մրցանակը, որ տրվում էր արվեստի, մշակույթի, գիտության գործիչներին: Իրենց պետք չէր, հոգեւորը պիտի դուրս գար, հետին պլան անցներ, պիտի մնար չոր պրագմատիզմը: Լիբերալ գաղափարներով տոգորված մարդիկ են: Մեր ընկերների, ծանոթների կամ այլ շրջապատում երբ խոսում ենք մեր կորուստների մասին, աչքերի մեջ ցավ ենք տեսնում, ափսոսանք, ողբերգություն: Իսկ սրանք ինչի մասին էլ խոսեն, ես ոչ մեկի աչքերի մեջ ո՛չ ցավ եմ տեսել, ո՛չ ափսոսանք: Անհայրենիք մարդիկ են, թքած ունեն` հող է, երկիր է, հայ մարդ է: Իշխանություն ունենալու տարածք է ընդամենը: Գոնե վարչապետը, որ հաստատ ատում է արցախահայերին. լսեցինք նրա արտահայտությունը` ես Հայաստանը փրկեցի Ղարաբաղի կապանքներից: Այսինքն, խոստովանում է, որ ինքն է հրահրել պատերազմը, պարտվել, հազարավոր զոհեր տվել, որ «փրկի» Հայաստանը: Եվ ի՞նչ, հիմա, երբ չկա Արցախը, եւ այդ կողմից բաց են մեր սահմանները, փրկվա՞ծ ենք: Չեմ կարծում, թե գոնե այդ «իրական Հայաստանի» հայերին ինքը սիրում է: Չէ, դա պարզ երեւում է իր պահվածքից, հայատյաց է: Հիմա քվեներ են պետք, դրա համար է իրեն պատեպատ խփում. սրա-նրա պայուսակն է տանում, կրծքանշան նվիրում, սրտիկ ցույց տալիս, անդադար ուտում, չգիտեմ, թե ինչ խեղկատակություններ անում… Բա էն ավտոբուսը, նայում ես` ոնց որ մանկապատանեկան ուսումնարանի սաներ լինեն: Էդ ի՞նչ թռչկոտել եք՝ թռչկոտում, անմեղսունակ մանկամիտների պես, ինչի՞ առթիվ եք ուրախ թռչկոտում, ի՞նչ մի լավ բան եք արել… Ապշելի են այս անլրջությունը, թեթեւսոլիկությունը: Երկիրը կործանման եզրին են հասցրել` պարում են, սրտիկ են ցույց տալիս, զվարճանում են: Մենք այսպիսի՞ իշխանություն ենք երազել…
– Արդեն 8-րդ տարին է՝ երկիրը ղեկավարում է, մենք կարող ենք կորուստներն ու ողբերգությունները շարունակ թվարկել, մինչդեռ ինքը համարում է աննախադեպ ձեռքբերումների, պետության եւ պետականության կայացման շրջան: Այս տխուր կրկեսը շարունակվելու դեպքում ի՞նչ է մեզ սպասվում. առջեւում ընտրություններ են:
– Ծնկած, խեղճացած իշխանություն է: Երբ ինքն այցելության է գնում ուրիշ երկիր, ամաչում ես, որ սա քո երկրի ղեկավարն է: Գնացել էր Վրաստան՝ լուրջ բանակցությունների, հազար ու մի խնդիր կա, բայց ինքը թմբուկ է զարկում, աշուղ է դարձել: Գոնե կարգին թմբուկ զարկել իմանա, չէ, էստեղ էլ է դիլետանտ, ամեն տեղ է դիլետանտ: Կառավարության նիստի ժամանակ ինքն իր բերանով ասում էր, որ 7 տարի մնացել են առաջին դասարանում: Ստացվում է, մենք մեր հարկերից էդ մարդկանց ուսման վարձն ենք տալիս, որ սովորեն: Երկրի փողերն ու պարգեւավճարները տանեն, երկիրն էլ սպասի, թե երբ են դառնալու արհեստավարժ մասնագետներ, եթե երբեւէ դառնալու են: 30 տարի բանակցությունները տարվում էին այն տրամաբանությամբ, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի, արցախահայության ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունն է պաշտպանում, միջազգային հավասարակշիռ վերաբերմունքն էլ էր դրա վրա հիմնվում, Մինսկի խմբի գործունեությունն էլ: Ալիեւի ձեռքերն էլ կապված էին դրանով: Իսկ այս մարդը եկավ ու հայտարարեց, թե Արցախը Հայաստան է եւ վերջ: Պատահակա՞ն էր․ ո՛չ, դա պատերազմի բացահայտ հրավեր էր, որովհետեւ դրանով Նիկոլը, փաստորեն, ի լուր աշխարհի հայտարարեց, թե տարածքային պահանջներ ունենք: Ու փլցրեց ամբողջ բանակցային կառույցը ու բացազատեց Ալիեւի ձեռքերը: Իսկ վաղն արդեն փափուկ ուժով, նրանք մի քանի տասնամյակում հանգիստ կգրավեն Հայաստանը (Բաթումը՝ վկա). տներ կառնեն, բիզնեսներ կդնեն, էլ չեմ ասում՝ իրենց նշած 300 հազարի վերադարձը: Ո՞վ է դեմը կանգնելու` էս կապիտուլյանտնե՞րը: 30 տարիների բոլոր ձեռքբերումները զրոյացրին: Մեզնից ովքեր ազգասեր են, ազգային արժանապատվություն ունեն, կթողնեն կգնան երկրից, կմնան նրանք, ովքեր պատրաստ կլինեն գլխիկոր սպասարկելու թուրքի շահը, թուրքի հայաստանյան խրախճանքը: Կարծում եմ, ընդդիմությունն իր եռանդի մեծ մասը պիտի ծախսի դրա վրա` ժողովրդին բացատրի, թե ինչ է սպասվում իրենց, եթե այս իշխանությունները նորից մնան: 21 թվականին ասում էինք` չլսեցին, արդյունքը տեսանք, էլի՞ գնանք արկածախնդրության: Եթե ժողովրդի մեծ մասը համաձայն է դառնալ թուրքի սպասարկու եւ իրենց ձայնը նորից կտա ուսապարկերին ու բռնապետին, արդեն չգիտեմ էլ ինչ ասեմ, ինչ բնորոշում տամ մեզ: Ի դեպ, «ուսապարկ» բնորոշումը, կարծեմ, իրենցից մեկն է տվել իրենց ու շատ դիպուկ: Գոնե մեկ անգամ տեսնեինք, որ նրանցից գոնե մեկը համարձակվի որեւէ հարցով այլ կարծիք ունենալ, ո՛չ` միաձայն են, հանց ռոբոտներ: Եվ ինչպիսի ստորաքարշություն, իրենք ուսապարկն են մի մարդու, որն ինքը վախեցած է, կծկված դրսում, իսկ ներսում հանկարծ աքլորանում է, գոռգոռում, ձեռքերը հիստերիկ թափ տալիս, անհեթեթ շարժումներ անում… Ապշում ես, մենք սրա՞ն էինք արժանի: Հիշենք մեր բոլոր առաջնորդներին, իրենց մեծ կամ փոքր սխալներով հանդերձ, արժանապատվություն են ունեցել, պատիվ, իրենց պատեպատ չեն խփել, ո՛չ ջղացնցվել են, ո՛չ սրտիկ ցույց տվել: Ինձ թվում է, որ ժողովրդի մի մասը մինչեւ հիմա էլ դեռ խաբվածության մեջ է մնում: Ինքն արհեստավարժ պոպուլիստ է, կարողանում է խաբել, ստել, կեղծել, մանիպուլացնել: Միամտություն կա հայերիս մեջ, հեշտ ենք հավատում, բայց հուսանք, որ սիրահարվածների, կռապաշտների թիվը պակասում է: Նաեւ հնարավոր է` ընտրակեղծիքներ լինեն, վերընտրվելու համար իրենք ամեն ինչի պատրաստ են: Պիտի ընդդիմությունն իր ձայներին տեր կանգնի: Թույլ չեն, ուժեղ մարդիկ են, պիտի կարենան: Եթե այս անգամ էլ չկարողացան, ես կսկսեմ կասկածել, որ պարզապես չուզեցին:
– Կա՞ մի արժեք ու սրբություն, որ պղծած չլինեն, որոնք մեզ համար, թվում էր, կարմիր գծեր էին: Հասարակությունն անտարբեր թմբիրի մեջ է, իսկ մտավորականությունը, որ այդ արժեքների կրողն ու պահապանը պետք է լիներ, մեծ մասով անհաղորդ է: Կե՞ղծ ենք, սո՞ւտ ենք, միայն գրպան ու ստամո՞քս ենք` անկախ մեր թվացյալ առաքելությունից:
– Ոչ բոլորն են այդպես: Մտավորականների մի խումբ կա, որ ակտիվ է, արձագանքում է, մի մեծ խումբ էլ կա, որ ներքուստ ընդվզում է, համաձայն չէ, բայց չի արտահայտվում, ինչ-որ բանից վախենում է: Բայց այդպես վախենալով հեռուն չենք գնա, էդ ընդվզումը, ըմբոստությունը պիտի կայանան, դուրս բերվեն հրապարակ: Կան առանձին մտավորականներ` ռեժիսորներ, դերասաններ, գրողներ, նկարիչներ, գիտնականներ, որ խոսում են, արտահայտվում են, բայց կան նաեւ այնպիսիք, որ առավոտից իրիկուն, նստած՝ Նիկոլի գովքն են անում: Վաղը, երբ եւ եթե իշխանություն փոխվի, իրենք էլ են պատասխան տալու, ամեն մեկը՝ իր չափով: Էդ պատասխանը տալու են վաղ թե ուշ, չեն խուսափելու:
– Հանուն արդարության ասենք, որ այսօր Նիկոլ գովերգողների մեծ մասը ժամանակին Սերժ էր գովերգում: Եթե վաղը Մեհրիբան Ալիեւան եկավ Հայաստանում իշխանության, սրանք հայտնվելու են նրա աղախնոցում` անկախ սեռից, միայն թե կերակրամանին մոտ լինեն: Ես կարեկցում եմ Նիկոլ ընտրած կուկուռուզ ծախողին, բայց այդ «մտավորականների» համար գետինն եմ մտնում, որոնց զգալի մասը մեր ընկերներն են:
– Կարծում եմ, մենք կտեսնենք նրանց մետամորֆոզները, կտեսնենք, թե ինչպես են արագ փոխվում. կսկսեն չքմեղանալ, արդարանալ, նոր իշխանություններին գովերգել, շողոքորթել:
Հուսիկ Արա
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր