Տիկին Կալլաս, ընդունիր պարոն Ամստերդամին
Mon, 30 Mar 2026 19:15:51 +0400

Նախորդ օրը հրապարակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի նամակը ԵՄ չինովնիկներից Կայա Կալլասին:
Չնայած նամակի ծավալին՝ 4 էլեկտրոնային էջ, այն արժե կարդալ: Որովհետև լիքը բաներ կարող ենք սովորել: Նախ այն, որ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնակատար և միաժամանակ Եվրահանձնաժողովի փոխնախագահ տիկնոջը պետք է դիմել «Ձերդ Գերազանցություն» դիմելաձևով:
Երկու օր առաջ G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը «Իրենց գերազանցությանը» բառիս բուն իմաստով տեղը դրեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Տիկինը պահանջում էր, որպեսզի Միացյալ Նահանգներն ուժեղացնի ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ ինչպես խոստացել էր Ռուբիոն անցյալ տարի: Վերջինս էլ դրան տվեց միակ տրամաբանական պատասխանը, որ եթե դա ձեզ չի բավարարում՝ դաշտը կարող ենք զիջել ձեզ:
Երկրորդ, Ռոբերտ Ամստերդամի նամակում արծարծվում է ԵՄ հիբրիդային արագ արձագանքման թիմի՝ Հայաստան գործուղելու հարցը: Ու էն գլխից պարոն Ամստերդամը պահանջում է, որպեսզի այդ քայլն օգուտ բերի ոչ միայն գործող իշխանությանը, այլև ընդդիմությանը: Բայց դա ձևակերպված է այնպիսի ոճով և արտահայտություններով, որպեսզի «ազնվական ծագմամբ» տիկինն իրեն վատ չզգա, որ նման հարցով իրեն դիմում է «Ռուսաստանի գործակալ» հանդիսացող միլիարդատեր գործարարի փաստաբանը: Իրականում, եթե բացենք Վիքիպեդիան, ապա կիմանանք որ «Նրանց գերազանցությունը» ծնվել է ոչ թե էստոնական ինչ-որ ազնվականի, այլ ՍՄԿԿ անդամ, Խնայբանկի էստոնական բաժանմունքի կառավարիչ Սիիմ Կալասի ընտանիքում: Իսկ նամակն էլ կարծես գրված է ոչ թե 21-րդ, այլ, ասենք, 18-րդ դարում: Եվ ողղված է ոչ թե ընտրական պաշտոն զբաղեցնող, այլ Աստծո օծյալ, երկրագնդի վրա նրա փոխանորդ անձին:
Ինչևէ, պարզվում է, որ տիկնոջը գրված բաց նամակն արդեն երկրորդն է՝ առաջինն ուղղված էր Եվրախորհրդարանի նախագահին (ներկայումս Ռոբերտա Մեցոլան է Մալթայից): Քանի որ գրվել է երկրորդը, ապա ենթադրելի է, որ առաջինին պատասխան չի տրվել: Կամ եթե տրվել է՝ այն չի բավարարել նամակագրին: Թեև ավելի շուտ կողմ եմ առաջին տարբերակին: Առաջին նամակում, ըստ փաստաբանի, «շարադրված էին մտահոգություններ Հայաստանում քաղաքական բազմակարծության սահմանափակման վերաբերյալ, ներառյալ՝ կրոնական ազատությանը, դատական անկախությանը վերաբերող խնդիրներին և քրեական գործընթացների այնպիսի կիրառմանը, որոնք վտանգում են ընտրական գործընթացները»։
Ինչպես երևում է, հայաստանյան ողջ ներքին կյանքը մտահոգիչ է ամերիկացի փաստաբանի համար: Դա հենց ժողովրդավարական կոչված կառավարման իրական՝ խիստ բացասկան էության բացահայտումն է: Իրականում Հայաստանում հաստատված է ոստիկանական միապետություն: Զարմանալի է, որ մեր ժողովրդի մտածողության՝ թագավոր ունենալու անկատար երազանքը մարմնավորվել է գահին բացարձակ ոչ արժանի անձի մեջ: Ու այդ անձին պահում է իրավապահ համակարգը: Համակարգի այն կառույցները, որ վաղուց պետք է նրա նկատմամբ հարուցեին քրեական վարույթներ: Ընդ որում, ոչ մեկը կամ երկուսը, այլ բազմաթիվ. եթե ես ասեմ 10, մեկ ուրիշը հանգիստ այն կարող է կրկնապատկել կամ նույնիսկ տասնապատկել: Բայց քանի որ այդ անձի պաշտոնավարումը ձեռք է տալիս արևմտյան աշխարհին ու հատկապես ԵՄ-ին, վերջինս էլ պետք է ամեն գնով պահպանի նրա իշխանությունը: Պահպանի` գումար հատկացնելով, քարոզչական ակցիաներով, դրա ներքին (ոստիկանական բռնություններ) և արտաքին (44-օրյայից հետո Արցախի հանձնումն ու հայաթափումը, Իլհամի պահանջները կատարելը) քաղաքականությանն աջակցելով: Միակ բացառությունը Ռուսաստանի վտարումն է երկրից, որ ինքը դեռևս չի համարձակվում կյանքի կոչել:
Իսկ պարոն Ամստերդամը խնդրում է իր և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպում տիկին Կալասի հետ, որպեսզի քննարկվեն «Հիբրիդային արագ արձագանքման թիմի մանդատը և գործառնական շրջանակը» (1)։ Պարզաբանվի այն հարցը, թե «ինչպես է ԵՄ-ն մտադիր ապահովել ներառական ներգրավվածություն բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչների հետ» (2)։ Դիտարկվի «ԵՄ աջակցությամբ լրացուցիչ փաստահավաք մեխանիզմի ստեղծման» հարցը (3)։ Ներդրվեն «երաշխիքներ, որոնք կապահովեն ԵՄ կողմից աջակցվող նախաձեռնությունների լիարժեք համապատասխանությունը ՄԻԵԿ-ի (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ICCPR) շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին և ԵՄ իրավական սկզբունքներին» (4)։
Ենթադրում եմ, որ պարոն Ամստերդամի երկրորդ բաց նամակը ևս կմնա անպատասխան՝ եթե, իհարկե, տիկին Կալասի գրասենյակում ջուր ծեծող պատասխանով չարձագանքեն: Որովհետև բոլոր այն արժեքները, որով ժամանակին բնորոշվում էր (՞՞՞) Եվրամիությունը, փոխարինվել են աշխարհաքաղաքական շահերով: Իսկ դրանք վաղուց արդեն մեկը մյուսին հակոտնյա են: Մեր միակ հույսը, որ այստեղ ինչ-որ բան կարող է փոխվել, կյանքի կկոչվի, եթե հայաստանցիների մեծամասնությունը մասնակցի ԱԺ ընտրությանը: Եվ իր քվեարկությամբ արձանագրի իշխող քաղաքական ուժի և նրա առաջնորդի նկատմամբ իր իրական վերաբերմունքը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր