Երեքշաբթի , 31 Մարտի 2026

«Հրապարակ». Նիկոլից վախենում եք` չեք խոսում, Արցախի, հայ գերիների մասի՞ն ինչու չեք խոսում

«Հրապարակ». Նիկոլից վախենում եք` չեք խոսում, Արցախի, հայ գերիների մասի՞ն ինչու չեք խոսում

Tue, 31 Mar 2026 10:45:56 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի շենքում՝ Պուշկինի 60 հասցեում, երեկ ներկա է գտնվել ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակի բացման հանդիսավոր արարողությանը։ Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն էլ անվանակոչվել է Հովհաննես Չեքիջյանի անունով։

Նախքան անվանատախտակի բացումը, 98-ամյա Չեքիջյանը փորձ է արել երգչախմբի հետ, որին ներկա են գտնվել նաեւ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին եւ երգչախմբին՝ գործունեության համար. «Հարգելի պարոն Չեքիջյան, հարգելի մաեստրո, իմ խոնարհումը Ձեր առաջ, Ձեր գործունեության առաջ։ Մենք շատ ենք խոսում արժեքների եւ արժեքահեն հասարակության մասին, եւ աներկբա է՝ այն արժեքը, որը Դուք ստեղծել եք, վերջին հարյուրամյակի մեր ամենահիշարժան եւ նշանավոր ձեռքբերումներից մեկն է։ Եվ պատահական չէ ամենեւին, որ Հայաստանի Հանրապետությունը, ի ճանաչումն այդ վաստակների, Ձեզ շնորհել է ՀՀ ազգային հերոսի կոչում։ Միայն մի բանի համար եմ ցավում, որ մենք դեռեւս չենք կարողանում գտնել այն բանաձեւերը, որ այն, ինչ որ Դուք ներկայացնում եք, հասու լինի հնարավորինս շատ մարդկանց»։ Ապա նաեւ խոնարհվել է Չեքիջյանի առաջ, նրա ձեռքը սեղմել, սրտանց ժպիտներ են փոխանակել: Սակայն պարզ է, որ այս ամենն արդյունք է այն բանի, որ Չեքիջյանն իշխանամետ հայացքներ ունի` եթե նա երբեւէ քննադատած լիներ Փաշինյանին, վերջինս անգամ չէր հիշի նրա գոյության մասին:
Եվ հենց այս օրերին մենք տեսնում ենք, թե ինչպես է 82-ամյա ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն, որը քայլում է մեծ դժվարությամբ, պայքարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, իսկ պայքարի պատճառն Իրանի դեմ պատերազմն է։ Փաստորեն, մեզանում չկան նման դերասաններ, արվեստագետներ, մտավորականներ, որ ոչ թե մի հեռավոր երկրում իրենց իշխանությունների թույլ տված սխալների, այլ հենց մեր երկրում կատարվողի համար պայքարեին։ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը հաճախ է խոսում մտավորականների կռացած, կրավորական կեցվածքի, ստրկացած կարգավիճակի մասին:

Նա մեզ հետ զրույցում ասում է․ «Երբ ես խոսում եմ այդ կալիբրի մշակութային գործիչների մասին՝ Հովհաննես Չեքիջյան, Արտավազդ Փելեշյան, Տիգրան Մանսուրյան եւ այլն, որոնց ձայնն աներկբա կարող էր լսելի լինել, օրինակ՝ ռազմագերիների, Արցախի ոչնչացվող ժառանգության հարցում եւ այլն, ինձ ասում են՝ ի՞նչ ես ուզում, ծեր մարդիկ են` թող մեռնեն-գնան, պանթեոնում թաղվեն։ Այսինքն, ես իրավունք ունեմ եզրակացնելու, որ այս մարդկանց կռիվը պանթեոնում թաղվելն է՝ «երկուսը երեքի վրա» է նրանց պայքարը։ Հանուն այդ փոսի, նրանք պատրաստ են բոլոր իշխանությունների համար լաքեյ աշխատել։ Ստրասբուրգում մի առիթով ԵԽԽՎ-ում պետք է ընդունվեր սերբիացի կամավոր Մելիսա Մարկովիչի հակահայ բանաձեւը՝ Սարսանգի ջրամբարի հետ կապված։ Մեզ հետ միասին, որպեսզի այդ բանաձեւը կյանքի չկոչվի, լոբբինգ էր անում Էմիր Կուստուրիցան՝ լինելով Մարկովիչի հայրենակիցը։ Պատկերացնո՞ւմ եք՝ մենք մեր հույսը դրել էինք մի մարդու վրա, որը հայ չէ, եւ նա մեզ հավասար կռիվ տվեց հակահայ բանաձեւի դեմ։ Այսօր մենք տեսնում ենք, որ նման կալիբրի մշակութային գործիչներ ունենք, սակայն նրանք զրո են։ Ցավոք, ես մտերիմ եմ եղել Արտավազդ Փելեշյանի հետ, նա այսօր մեկ ձայն անգամ չի հանում։ Սրանց մշակութային ժառանգությունը պետք է վառել։ Չի կարող արվեստագետը լինել հոգուց անջատ։ Այս մարդիկ չունեն հոգի, չունեն բարոյականություն, բարոյականությունը չի կարող լինել առանց էմպատիայի, առանց զգացմունքի։ Բաքվի բանտում խոշտանգվում են հայ մարդիկ, ովքեր ֆինանսավորել են սրանց նմաններին։ Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանն այս մարդկանց վրա լիքը փողեր են ծախսել։ Սրանց նման անշնորհակալների արվեստը Աստծուց չէ, այլ սատանայից է։ Սրանց մշակույթը պետք է մերժվի։ Ոչինչ չունեն կորցնելու, ֆինանսապես անկախ են, չեն նայում իշխանությունների կոպեկին, բայց այնքան անբարոյական են, այնքան հեռու են հայ լինելուց, որ գլուխները ավազից չեն հանում։ Սրանց մեջ սովետից մնացած վախն է ապրում։ Անգամ չեմ ուզում սրանց անվանել մտավորական։ Սովետիզմից մնացած վախվորած սուբյեկտներն ի՞նչ մտավորական։ Սրանք միշտ վախենում են օրվա իշխանությունից, իսկ արվեստագետը չի կարող լինել վախեցած։ Այն արվեստը, որ ստեղծել են, սատանայական է։ Չեմ հավատում, որ նման ֆիլմեր նկարած վարպետ Արտավազդ Փելեշյանը կարող է լինել այսքան ձայնազուրկ եւ կարող է այսքան լռել։ Մեր պետականությունը կանգնած է կորստի վտանգի առաջ։ Լավ, Նիկոլից վախենում եք, չեք ուզում մտնել ներքաղաքական դեբատի մեջ, լավ, բա Արցախի մշակութային ժառանգության, հայ ռազմագերիների եւ մյուս թեմաների մասին ինչո՞ւ եք վախենում խոսել։ Տարրական շնորհակալության զգացում չունեցող մարդկանց մասին ենք մենք խոսում։ Ամոթ, հազար ամոթ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սառույցը հալվու՞մ է․ ԱՄՆ-ն և Վրաստանը բանակցել են

Սառույցը հալվու՞մ է․ ԱՄՆ-ն և Վրաստանը բանակցել են Tue, 31 Mar 2026 03:00:00 +0400 Վրաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով