«Հրապարակ». Պետության պարտքն է՝ լինել իր քաղաքացիների կողքին եւ պաշտպանել նրանց շահերը
Tue, 31 Mar 2026 11:45:52 +0400

«Հրապարակի» զրուցակիցն ադրբեջանական գերությունից 2 ամիս առաջ վերադարձած Գեւորգ Սուջյանն է։
– Հունվարի 14-ին Բաքվի գերությունից ազատված չորս հայերից թերեւս ամենահրապարակային ակտիվությամբ դու ես աչքի ընկնում։ Եթե մյուսները գուցե կաշկանդված են, Վիգեն Էուլջեքչյանն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ այլն, ապա դու խոսում ես ուղիղ եւ հասցեական։ Կարծես թե միտքդ մեր մյուս գերի եղբայրների հետ է դեռ։
– Այո, ես շատ եմ մտածում այնտեղ գտնվող մեր տղաների մասին․ այլ կերպ չեմ կարող։
– Սկզբում շնորհակալություն էիր հայտնում ՀՀ իշխանություններին, ապա սկսեցիր այնպիսի մտքեր հայտնել, որոնք կարող են ՀՀ իշխանություններին դուր չգալ, չե՞ս վախենում, որ կարող են անշնորհակալ համարել քեզ տուն վերադարձնելու իրենց ջանքերի դիմաց, գուցե նաեւ՝ հետապնդել։
– Ես ազատ արտահայտում եմ մտքերս՝ պահպանելով բոլոր մարդկային եւ բարոյական նորմերը, չվիրավորելով ոչ մեկին։ Դրա համար վախենալու ոչինչ չունեմ։ Ես համոզված եմ, որ պետության պարտքն է՝ լինել իր քաղաքացիների կողքին եւ պաշտպանել յուրաքանչյուրի շահերը, երբ դա անհրաժեշտ է՝ ինչպես, օրինակ, իմ պարագայում էր։
– Օրինակ, անընդունելի եւ նսեմացուցիչ ես համարում, եւ ճի՛շտ էլ անում ես, որ Ալիեւին շնորհակալություն են հայտնում՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում ունենք բռնի եւ ապօրինի պահվող պատանդներ։ Ո՞ւմ էր ուղղված խոսքդ։
– Ալիեւին շնորհակալություն հայտնելու մասին իմ դիրքորոշումը հստակ է․ դա ինձ համար անընդունելի է՝ թե՛ մեր պատանդների այնտեղ գտնվելու, թե՛ ոչ տեղին արտահայտությունների ֆոնին։
– Պարզ է, որ շատ բան չես կարող կամ առնվազն անվտանգային նկատառումներով իրավունք չունես բաց տեքստով ասելու։ Բոլոր դեպքերում, Բաքվում ապօրինաբար բանտարկված մեր մյուս հայրենակիցների վերադարձի շանսեր տեսնո՞ւմ ես․ արդյո՞ք այդ հարցը քաղաքական սակարկության, շահարկության հարց չի դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ։
– Այո, մեր տղաների վերադարձի շանսեր կան։ Բայց պետք է գիտակցենք, որ Ալիեւը բոլորիս է սակարկել․ հենց այդ պատճառով մինչ օրս բռնի պահում է մեր պատանդներին իր բանտերում։
– Անկախ իշխանությունների նկատմամբ քո վերաբերմունքից, անկախ քաղաքական եւ քաղաքացիական կողմնորոշումից, ինչպե՞ս կգնահատես նախընտրական շրջանում Փաշինյանի ակնարկը, թե իրենց իշխանության չընտրվելու դեպքում աղետաբեր պատերազմ կլինի։
– Ինձ թվում է՝ սա այն վերլուծության արդյունքն է, երբ ընդդիմությունը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը փակված չի համարում։ Եվ, իմ կարծիքով, իրենց հնարավոր հաղթանակի դեպքում փորձելու են մանեւրել Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցով, ինչը կարող է ունենալ լուրջ հետեւանքներ։
– Տեւական կալանքից հետո կյանքդ վերադառնում է բնականոն հուն․ ինչո՞վ ես զբաղվում այժմ, ի՞նչ ծրագրեր ու նպատակներ ունես։
– Ես զբաղվում եմ բիզնեսով եւ շարունակելու եմ այն ընդլայնել, որպեսզի կարողանամ ավելի մեծ ներդրում ունենալ իմ երկրի զարգացման մեջ։
– Պատկերացնենք, թե Ադրբեջանում պատանդառված ու ազատազրկված մեր եղբայրները լսում են քեզ․ ի՞նչ է այս մի քանի ամսվա մեջ կուտակվել քո հոգում, ի՞նչ ասելիք-ուղերձ կուզես հնչեցնել։
– Չգիտեմ՝ մեր տղաները լսում են, թե՝ ոչ, բայց եթե լսում են, ուզում եմ, որ իմանան՝ իրենք մենակ չեն։ Մենք հոգով իրենց հետ ենք, եւ պետությունն անում է ամեն բան՝ նրանց հնարավորինս շուտ վերադարձնելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր