Ո՛չ խիղճ, ո՛չ մարդկություն
Wed, 01 Apr 2026 09:00:08 +0400
Քրեական օրենսգիրքը սեփական շահերին ծառայեցրել են Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները, բայց սրանք մի ուրիշ կատաղությամբ են դա անում` խտրականություն չդնելով իրենց թիրախների միջեւ:
Կին կլինի, տարեց մարդ կլինի, հիվանդ կլինի, անչափահաս կլինի, ազգային հերոս կլինի` ոչ մի նշանակություն չունի: Իհարկե, եթե օրենքը նույն խստությամբ կիրառվեր բոլորի հանդեպ, կարող էինք մտածել, որ դաժան են բոլորի նկատմամբ, եւ եթե սկզբունքային մոտեցում է` աշխատում է բոլորի պարագայում: Բայց մենք աջուձախ տեսնում ենք պատժից խուսափող յուրայիններ, ծանր հանցանք կատարած եւ ազատության մեջ մնացած անձինք, տարբեր հանցագործությունների նկատմամբ աչք փակելու բազում օրինակներ: Եվ, առհասարակ, եթե խոսքի համար որեւէ մեկն այս երկրում դատվում է, ապա առաջինը պետք է դատվի Նիկոլ Փաշինյանը:
Եթե բռնության մեղադրանք է հարուցվում 18-ամյա պատանու նկատմամբ, որն ինքնապաշտպանության է դիմել եւ ոչ մեկին չի էլ վնասել, ապա բռնություն կիրառած ոստիկանները, մարդկանց վրա մարտական նռնակներ նետած ուժայինները, ընդդիմադիրներին կամերաների առաջ ծեծած պատգամավորներն ու Նոր Նորքի թաղապետը պետք է վաղուց պատիժ կրելիս լինեին:
Այնպես որ, երբեք Հայաստանում օրինականությունն այսքան նսեմացված չի եղել, եւ արդարությունն այնքան ոտնահարված չի եղել, որքան հիմա է: Եվ, առհասարակ` ամեն զանցանքի ու մանր հանցանքի պատճառով մարդկանց բանտ նետելու համար մի ուրիշ հոգեխեղվածություն պետք է ունենաս, անհաղթահարելի ատելություն պետք է տածես քո ազգի հանդեպ: Իսկ 18 տարեկան գերազանց սովորող, մտավորական ընտանիքի զավակին կալանավորելու համար պետք է ո՛չ զավակ ունենաս, ո՛չ խիղճ, ո՛չ տղամարդկություն: Եվ պետք է սարսափից կորցրած լինես իրականության զգացումդ ու բարոյականությունդ: