«Հրապարակ»․ Ոչ մի փաստաթուղթ, ոչ մի ֆոտո, ոչ մի ապացույց գոյություն չունի
Wed, 01 Apr 2026 10:15:59 +0400
Մարտի 26-ին Ադրբեջանի նախագահը հրամանագիր ստորագրեց, ըստ որի՝ մարտի 31-ն Ադրբեջանում նշվելու է որպես ցեղասպանության օր: Ըստ Ալիեւի, որը պարբերաբար է այս մասին հայտարարում, մենք` հայերս, 1918 թվականին «ցեղասպանել» ենք ադրբեջանցիներին։ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան ցեղասպանության օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում կրկնելով Ալիեւի տեքստը՝ մանրամասն նկարագրում է, թե որ բնակավայրերում քանի ադրբեջանցի են հայերը սպանել: Ի դեպ, այդ վայրերի թվում է նաեւ Երեւանը։
Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը, որն ուսումնասիրել է Ալիեւի տարբեր տարիների պնդումները, ասում է, որ խոսքն այստեղ, իհարկե, ոչ թե պատմական իրողության, այլ շինծու «նարատիվի» մասին է, որի հիմնադիրը դեռ Հեյդար Ալիեւն է, եւ որը բավականին կասկածելի է: «Այո, նրանք պնդում են, որ 1918 թվականին նման իրադարձություններ տեղի են ունեցել, եւ այդ ֆոնի վրա Փաշինյանը հերքում է ցեղասպանությունը: Սա արձանագրված փաստ է»:
Այսինքն՝ սա առաջ է տարվում, որ հետո ասեն՝ դուք հրաժարվեք Հայոց ցեղասպանության ճանաչումից, մենք էլ սրանի՞ց կհրաժարվենք: «Ոչ, դուք հրաժարվեք ցեղասպանությունից, իսկ մենք կշարունակենք այս նարատիվը: Ամեն ինչ շատ հստակ է: Իսկ Փաշինյանն ասում է՝ մենք հրաժարվում ենք ցեղասպանությունից, իսկ դուք ինչ ուզում եք, այն էլ պնդեք, մենք ամեն ինչ կընդունենք»,- ասում է Արմինե Ադիբեկյանը:
Ադրբեջանցիները որպես ջարդեր հաճախ նշում են նաեւ 90-ականների իրադարձությունները, որ Ավշարում են եղել, Գուգարքում, Արարատյան դաշտավայրում են մի երկու գյուղ նշում: «Իրենք պարբերաբար թարմացնում են աշխարհագրությունը: Մի երեք մարդ է մահացել, անունը դնում են ցեղասպանություն: Իրականում, նրանք վավերագրության հետ խնդիր ունեն, փաստերով ամրապնդման, որովհետեւ ոչ մի փաստաթուղթ, ոչ մի ֆոտո, ոչ մի ապացույց գոյություն չունի: Ինչ-որ մեկը պատմում է, որ իր պապիկն իրեն պատմել է ինչ-որ բաներ: Ապացուցողական բազա նրանք չունեն, դա ապացուցելը բարդ է: Ասեմ ավելին՝ այդ նույն մարտի 31-ի՝ իբր ջարդերի ֆոտոներն իրականում 1905 թվականի հայերի ջարդերի լուսանկարներն են, այնտեղից են վերցված: Նա ինչ ուզում է խոսի, հարցը դա չէ, հարցն այն է, թե հայկական կողմն ինչպես է դրան արձագանքում, ինչ հակաքայլերի է պատրաստ գնալ: Մեր խնդիրը ոչ թե այն է, թե ինչ է Ալիեւը խոսում, այլ՝ թե մենք ինչ ենք անում այդ ուղղությամբ: Իսկ մենք, ավելի շուտ՝ սրանք, ոչինչ չեն անում»:
Ադրբեջանի գլխավոր արգումենտը Գուբայում 2007 թվականին հայտնաբերված զանգվածային գերեզմաններն են, որոնք ներկայացվում են որպես ցեղասպանության ուղիղ ապացույց: Ըստ Ադրբեջանի պաշտոնական վարկածի, սրանք 2018 թվականին հայերի կողմից սպանված ադրբեջանցիներն են, սակայն, նախ, չկա աճյունների միանշանակ թվագրում 2018 թվականով, եւ երկրորդը՝ հաստատված չէ այդ աճյունների էթնիկ պատկանելությունը: Կա՞ որեւէ երկիր, որն ընդունում է սա, լուրջ է վերաբերվում Ալիեւի այս պնդումներին կամ թեկուզ հավասարության նշան է դնում նրա այս «պատմվածքների» եւ Արցախում իրենց իրականացրած էթնիկ զտման հետ: «Ոչ, չկա որեւէ երկիր, որը սա ընդունում է, որովհետեւ նրանք շատ լուրջ խնդիրներ ունեն ակադեմիական ուսումնասիրությունների, գիտության հետ: Նրանք գիտնականներին այս թեմային մոտ չեն թողնում: Նրանք ֆինանսավորում են ինչ-որ «ալտերնատիվ» պատմաբանների, որոնք լեգալիզացնում են իրենց այս ցնդաբանությունները: Իսկ միջազգային ատյաններում ներկայացնելու համար պետք է լուրջ փաստագրական բազա լինի: Արդյունքում նրանք մնացել են սահմանափակված Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան շրջանակի մեջ: Բայց միջոցառումներ են կազմակերպում ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ Մերձավոր Արեւելքում: Նրանք չեն նստում ձեռքները ծալած: Գումարած սրան, հարցն այն է, թե որն է իրենց վերջնակետը՝ ուղղակի հայերին վարկաբեկե՞լը, թե՞ ռեպարացիան, այսինքն՝ պատերազմական տուգանքներն ու փոխհատուցումները»:
Բնականաբար, ոչ մի նորմալ մարդ չի կարող ընդունել, որ, օրինակ, Երեւանում կամ թեկուզ մի գյուղում հայերը մորթել են հարյուրավոր ադրբեջանցիների: Եվ, ուրեմն, ո՞րն է ադրբեջանական նարատիվների, այս ցնդաբանության վտանգը: «Պատկերացրու, դու, քո տանը նստած, քեզ պատմում են, որ Աֆրիկայում ինչ-որ մի ցեղ ցեղասպանել են: Նախ, քեզ հետաքրքիր չէ այդ ցեղի ճակատագիրը, եւ երկրորդ՝ դու ունես ինչ-որ տնտեսական շահեր ցեղասպանողի կամ ցեղասպանվածի հետ, ըստ կոնյունկտուրայի, եւ դու հրապարակվածին հավատով ես վերաբերվում եւ դրա հիման վրա կոնֆլիկտի մասնակիցների նկատմամբ քո քաղաքականությունն ես ձեւավորում: Այս իմաստով, այո, կան վտանգներ, բայց գլոբալ առումով նրանք թքած ունեն, թե դու ինչ ես մտածում այս ամենի մասին, եթե դրանից չեն բխում լուրջ հետեւանքներ, ռեպարացիա, տարածքային զիջումներ, օրինակ»,- ասում է Արմինե Ադիբեկյանը: