«Հրապարակ». Մի մասը հիասթափություն է ապրել, բայց չեն ուզում հետքայլ անել
Wed, 01 Apr 2026 12:45:57 +0400

Հարցազրույց արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի հետ
– Այսօրվա քաղաքական եւ մշակութային գործիչների մի մասը եղել են Ձեր խմբագրած «Գրեթերթի» եւ Հայաստանի գրողների միության երիտասարդ գրողների սեկցիայի սաներ, որի պատասխանատուն ես էի: Այդ ինչպե՞ս նման սերունդ մեծացավ՝ անկախության շրջանում ձեւավորված․ Արցախ հանձնող, ցեղասպանություն ուրացող, պատմություն ու հիշողություն ժխտող… Ցավոք, այն ժամանակ էլ դա տեսանելի էր, եւ մենք լայնախոհ ըմբռնումով համարում էինք, թե դա այլընտրանքային մտածողություն է:
– 2018-ին, երբ սկսվեց այդ չարաբաստիկ շարժումը, հրապարակում հիմնականում ջահելներն էին: Հիշում եմ, երբ տնից դուրս էի գալիս, հանկած լսում էի` Օրբելի փողոցը փակածների միջից գոռում էին` պարոն Խանջյան, միացեք, պարոն Խանջյան… նայում էի` մեր թերթի հեղինակներն են: Ոգեւորված էին, նրանք այն ժամանակ տասնութ-քսան տարեկան երիտասարդներ էին, ջահելներին բնորոշ է հեղափոխական անհեռատես ոգեւորությունը: Հիմա նրանց մի մասն անպայման հիասթափություն ապրել է, գրող են, ի վերջո, տեսնելու էին՝ այս ամեն ինչն ուր է գնում: Բայց քանի որ խիստ էին խանդավառված, հիմա երեւի չեն ուզում հետքայլ անել, իրենց սխալը խոստովանել: Բայց գրողը, արվեստագետը պիտի համարձակ լինի. սխալվել ես, ոչինչ, պատահում է, սխալը նաեւ նրա համար է, որ մարդ կարողանա սթափ հետեւություններ եզրակացնել ու հաջորդիվ ճիշտ քայլեր անել: Մի մասն էլ հարմարվել է, կոմֆորմիզմի վարակն է, սպառողական հասարակություն է ձեւավորվում, չէ՞, հարմարվել, լռել:
– Գուրգեն Խանջյանն իր ապրած ժամանակի գրողն է, մեր ժամանակը գրող գրողն է: Այսօր ի՞նչ կգրեք, կարծում եմ` գրելու նախանձելի նյութ ունենք:
– Գրական եռանդս տարիքի հետ մի քիչ պակասել է, հանդարտ էսսեիստիկայի կողմն է թեքվել, ցավում եմ, որովհետեւ էս ժամանակն այնպիսի ցցուն կերպարներ է մատուցում, այնպիսի իրավիճակներ, պիեսների ու վեպերի հրաշալի նյութ: Օրինակ, մեր առաջնորդի եւ նրա ուսապարկերի կերպարները: Գրականության մեջ շատ կան, չէ՞, նման կերպարներ, բայց մերը բացառիկ է: Հուսամ, որ ավելի եռանդուն գրողներ կհայտնվեն ու կանդրադառնան իրենց ժամանակին, կգրեն այն: Թեեւ սխալվում եմ, նրանցից մի քանիսն արդեն գրել են ու լավ են գրել: Իսկ, առհասարակ, գրականության համար մի քիչ ցավ եմ ապրում՝ այն իմաստով, որ սպառողական հոգեբանությունը մտնում է նաեւ գրողների մեջ, ջահել գրողների մի մասը գնում է այդ, այսպես ասած, «ֆաստֆուդային» տրամաբանության ճանապարհով` արագ սպառվող գրականություն, հաճելի, թեթեւ ընթերցելիք, որ ընթերցվում է, ասենք` կարկանդակ ուտելու պես, որ կծում ես, կեսից կարող ես շպրտել ու ոչինչ չես կորցնի: Բայց, մյուս կողմից, քանի որ մեր երկրում ընթերցողը փոքրաքանակ է, եւ գրականությունը, այսպես թե այնպես, բավարար փող չի բերում գրողին, իսկական գրականությունն իր տեղը պահպանում է: Պակասում է, սեղմվում է, բայց` ադամանդի պես, ինչքան սեղմվում, այնքան ավելի է փայլում: Նույնն էլ մեր ընթերցողն է` քչացել են, բայց կա մի շրջանակ, որ իսկական արժեքը ճանաչում է եւ գնահատում: Ամեն դեպքում, իսկական գրականությունը մնում է` պակասում է, բայց մնում է, եւ նրա ընթերցողն էլ է մնում:
Հուսիկ Արա
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր