Ադրբեջանցի բլոգերը հորդորում է ձայն տալ Փաշինյանին
Wed, 01 Apr 2026 13:15:57 +0400
Ադրբեջանում խոշորացույցով հետեւում են Նիկոլ Փաշինյանի քայլերին, մանավանդ՝ ընտրությունների նախաշեմին: Ադրբեջանին ձեռնտու է Փաշինյանի ընտրվելը, քանի որ Ալիեւի եւ ոչ մի պահանջ անկատար չի մնում Փաշինյանի կողմից: Ընտրություններից առաջ ադրբեջանցի հայտնի բլոգերներն են ակտիվացել եւ սկսել են քարոզել Փաշինյանի օգտին:
Քյամրան Ռազմովար անունով բլոգերը ներկայացնում է Հայաստանի ընտրություններին մասնակցող թեկնածուներին եւ հորդորում, որ ընտրությունների օրը քվեարկեն Փաշինյանի օգտին: Մասնավորապես նա ասում է. «Հայաստանում թեկնածուները չորսն են՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան եւ Նիկոլ Փաշինյան: Գագիկ Ծառուկյանը բիզնեսմեն է` 70 տարեկան: Քրիստոսի արձան է կառուցում, դրանով կարող է շատ լավ արդյունք ունենալ տուրիզմի ոլորտում, բայց չի կարող լինել Հայաստանի վարչապետ: Մյուս թեկնածուն Սամվել Կարապետյանն է, ռուսամետ, բիզնեսմեն, միլիարդատեր: Եթե նա գա իշխանության, Ռուսաստանը կրկին կսկսի Հայաստանը ղեկավարել, ոնց դա արել էր վերջին 20 տարիներին: Ուզում եք, որ Ռուսաստանի հե՞տ լինեք, ուզում եք, որ Թուրքիայի սահմաններին կանգնեն ռուս սահմանապահնե՞րը` գնացեք, Սամվել Կարապետյան ընտրեք: Երրորդ թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, որը ծնվել է Ադրբեջանում, հանկարծ կրկին որոշել է դառնալ Հայաստանի վարչապետ: Մենք գիտենք, թե նա ինչպես է դարձել Հայաստանի ղեկավար, գիտենք, թե 1999 թվականին ինչ եղավ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի հետ: Նրան ընտրելու դեպքում էլ դուք կախված կլինեք Ռուսաստանից: Ո՛չ, Արցախը կամ Ղարաբաղը Քոչարյանը հետ չի բերի: Արցախը հետ բերելու միակ ճանապարհն ուղիղ պատերազմ հայտարարելն է Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Բոլոր ղարաբաղցիներն արդեն Հայաստանի քաղաքացիություն են ձեռք բերել: Կա՛մ որպես տուրիստ պետք է գաք Ղարաբաղ, կա՛մ պատերազմ հայտարարեք Ադրբեջանին:
Եվ, վերջապես, չորրորդ անձը Նիկոլ Փաշինյանն է: Մի քիչ հին մարդ է, բայց հոգեհարազատ է: Ղարաբաղյան կռիվ եղավ, նա ասաց, որ Ղարաբաղը Հայաստան է, բայց հետո այն դարձավ ադրբեջանական: Փաշինյանը Հայաստանում ման է գալիս, «պեռաշկի» եւ սուջուխ է ուտում, շատ մոտ է ժողովրդին: Իրեն այդքան էլ չեն սիրում, նրա հետ անգամ եկեղեցում են կռվում, նա թմբուկ է նվագում, նրանից կինն է հեռանում: Ինչեր ասես նրա օրոք չեղավ, բայց փաստն այն է, որ այս չորս թեկնածուից նա միակն է, որ կպահպանի խաղաղությունը տարածաշրջանում: Մնացած երեքը կա՛մ դեպի Ռուսաստան կգնան, կա՛մ չգիտեմ ուր: Ես խորհուրդ կտամ, որ հայերն ընտրություն կատարեն Փաշինյանի օգտին, քանի որ եթե համեմատենք մյուսների, միլիարդատերերի հետ, Փաշինյանն իրական է, հասարակ մարդ է եւ երեքից ջահել է՝ 50 տարեկան: Ես կրկին հորդորում եմ` հայեր, ընտրեք Փաշինյանին»: