Ուղիղ եթերի մեջ եմ, այ ոչխար
Wed, 01 Apr 2026 18:45:21 +0400

Ուղիղ եթեր, հանդիպում պատգամավորի հետ, հարցերն ուղղում է հեռուստադիտողը:
Հաղորդավար – Այսօր մեր հյուրն է ԱԺ պատգամավորության թեկնածու Ասլան Ասլանիչը: Մինչ ձեր հարցերը կստանանք, խնդրենք հյուրին՝ համառոտ ներկայացնել իր հարուստ կենսագրությունը:
Ասլան Ասլանիչ – Հարգելի սեղանակիցներ… (հուշում են՝ հեռուստադիտողներ) կներեք՝ սեղանին կից դիտողներ… ես աղքատ մարդու տղա եմ։ Մեր ընտանիքն այնքան աղքատ էր, որ եթե տղա չծնվեի, խաղալիք չէի ունենա։ Մանկուց հաճախել եմ հատուկ օժանդակ դպրոց, ընդունվել եմ քննությունների միջոցով։ Այդ դպրոցում յուրաքանչյուր երեխա ընտրություն չէր կարող անել առանց որակավորման: Այսօր երեք դիպլոմ ունեմ, մեկը եւս՝ մինչ ընտրությունները կստանամ նվեր։ Ակտիվ մասնակցություն եմ ունեցել Ղարաբաղի ղալմաղալին… հեռակա կարգով։ Երբ Շուշին գրավեցինք, Մոսկվայի «Բաքու» ռեստորանում մինչեւ լույս քեֆ արինք թուրքերի հետ, վերջում սալյուտ տվեցինք։ Բիզնեսս սկսեցի փոքրից. սկզբում ջրին գազ էի խառնում, հանքային ջրի տեղ ծախում, հետո գազին ջուր էի խառնում՝ ծախում: Օրերս լիֆտերի գործարանը լիֆերի շուռ տվի: Հիմա մեր արտադրած լիֆերը տոննաներով Չինաստան ենք ուղարկում, մարդիկ ծառերից կապում են ու ճոճվում դրանց մեջ։ Պայթուցիչներ եմ արտադրում. կգտնեք այնտեղ, որտեղ թողել եք ձեր երեխաներին։ Ես կարդալ չեմ սիրում, գրում եմ։ (Բջջայինի զանգի ձայնն է լսվում)
Խանգարում ես, արա… ուղիղ եթերի մեջ եմ… Այ ոչխար…
Հաղորդավար – Ունենք հեռախոսազանգ: Ալո, դուք եթերում եք…
Հարց – Ասլան Ասլանիչ, մեզ հետաքրքրում է՝ դուք հարո՞ւստ մարդ եք…
Ասլան Ասլանիչ – Ես եկել եմ ասուլիս տալու, ոչ թե պարծենալու…
Հարց – Դուք բախտավո՞ր մարդ եք, որ մեզ նման ընտրող ունեք…
Ասլան Ասլանիչ – Կանայք են բախտավոր… նրանք կին չունեն:
Հարց – Դուք դժգո՞հ եք Ձեր կնոջից…
Ասլան Ասլանիչ – Նա դեռ կարծում է, թե ամուսնացել եմ իր հոր հարստության համար: Ես էն տղեն եմ, որ կամուսնանայի ցանկացած հարուստի աղջկա հետ:
Հարց – Ինչպե՞ս գտաք Ձեր կնոջը…
Ասլան Ասլանիչ – Ես գտա, ոչ մեկին չմեղադրեք:
Հարց – Մոտավորապես քանի՞ մարդ է աշխատում Ձեր հիմնարկում…
Ասլան Ասլանիչ – Մոտավորապես՝ կեսը:
Հարց – Իսկ այդ «կեսը» չե՞ն պատմում իրար, թե ինչ են անում…
Ասլան Ասլանիչ – Չէ, ոչխարների նման լուռ աշխատում են:
Հարց – Մեր ազգը քչանում է: Մեր պապերն ունենում էին 10-12 երեխա…
Ասլան Ասլանիչ – Հարցը հիմնավոր կլուծեմ. կհավաքագրեմ 20-24 զույգ, կունենանք 10-12 երեխա:
Հարց – Մեր մշակույթի գործիչները դժգոհում են՝ իրենց գլուխը չեն կարող պահել…
Ասլան Ասլանիչ – Ես կարծում էի՝ մշակույթի գործիչները մշակույթն են պահում:
Հարց – Կարո՞ղ ենք երջանիկ ապրել…
Ասլան Ասլանիչ – Իհարկե, մարդ չի կարող ամբողջ օրը ուտել-խմել: Խոսքն իմ մասին չէ։ Միակ պարտականությունն աշխատելն է։ Աշխատեք, բարեկամներ, աշխատեք, որ երջանկությունը ձեզ այցելի…
Հարց – Իսկ Դուք ինչո՞ւ եք ուզում պատգամավոր դառնալ…
Ասլան Ասլանիչ – Էլի ձեր մասին եմ մտածում. ուզում եմ իմ մասին մտածելու հոգսից ձեզ ազատեմ։ Պատգամավորն անում է այն, ինչի համար մյուսները կհայտնվեն ճաղերի ետեւում։ Դրա համար էլ ասում եմ՝ ճիշտ ընտրություն կատարեք, իսկ մենք մեր ոչխարներով կօգնենք, որ դուք չսխալվեք… (Զանգ) Այ օչխար, չասի՞ ուղիղ եթերի մեջ եմ… Ո՞վ է… Պարոն վարչապետ, Դո՞ւք եք… Հիմա գալիս եմ… ժողովուրդ ջան, կներեք, «վերեւից» է: Թող մեր սեղանակիցներն իրենց հարցերը շարունակեն: Ես գնացի…
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր