Ինչպես դարձանք հավատացյալ
Wed, 01 Apr 2026 21:15:05 +0400
Մեր նրբանցքը նեղացավ, նեղ անցք դարձավ: Գոմ կառուցեցին, հետո տնակ ու ավտոտնակ: Գնում-գալիս էինք` ոչ բողոքում էինք, ոչ լալիս, Աստծուն դեռ փառք էինք տալիս: Բայց մի օր էլ տեսանք կառուցում են դղյակ: Հետո ֆերմա սարքեցին, լիքը գոմեր, մեջը լցրին կթու կովեր: Բերին հավեր, հաչան շներ, շներ կծան, մեզ թողեցին մի նեղ կածան: Չդիմացանք: Ընդդիմացանք: Բողոքական դարձանք: Ում դիմեցինք, ասին՝ դիմացեք: Միայն թե մեր բողոքներին իրենք չդիմացան: Առաջարկեցին՝ դուք առաջարկեք: Տարանք հարյուր առաջարկ՝ դղյակի միջով տվեք մի նեղ արանք: Կողքով տվեք: Ուղղաթիռ տվեք: Թունել սարքեք: Օդանցք բացեք… Ստացանք մի թուղթ ծալած՝ նախորդ որոշումները չեղյալ են հայտարարված:
Անդուլ էինք՝ արինք հացադուլ: Վերևից մեկն եկավ, ասաց՝ «Ինչի՞ եք ձեզ իզուր տանջում, սոված մնում: Ինադ մի արեք՝ կերեք, խմեք, քեֆ արեք…»: Ասինք՝ նստիր խոսենք: Ասաց՝ «Նստելու համար բավարար հիմքեր չկան…»: Հեռացավ: Հետեւից՝ հազար մանկլավիկ… Էդքանին հետևում ո՞նց է տեղավորում: Բա նրբանցքում էդքան շինություն ո՞նց են տեղավորում…
Հիմա նրբանցքով անցնում ենք կուզեկուզ, սողեսող, պատերին կպչելով ու կառչելով: Մեկ խոնարհվում ենք, մեկ ծնկի գալիս, ամեն անգամ սուրբ պատերին աջահամբյուր տալիս… Ահա այսպես՝ ներկան դարձավ անցյալ, մենք էլ դարձանք հավատացյալ…