Չորեքշաբթի , 8 Ապրիլի 2026

«Հրապարակ». Ամեն ինչ չափում են ասֆալտով, բայց ասֆալտն էլ այսքան վատ են անում

«Հրապարակ». Ամեն ինչ չափում են ասֆալտով, բայց ասֆալտն էլ այսքան վատ են անում

Thu, 02 Apr 2026 11:45:13 +0400


Փետրվարի 12-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը համայնքի ավագանուն առաջարկություն է ներկայացրել՝ Դիլիջան քաղաքի ներհամայնքային նշանակության ճանապարհների, մասնավորապես՝ Սայաթ-Նովայի, Խ. Հակոբջանյանի, 26 կոմիսարների, Խորհուրդների եւ Մոլդովական փողոցների փոսային նորոգման աշխատանքներ իրականացնելու համար։ Համայնքի ավագանին քվեարկությամբ միակամ՝ 11 կողմ ձայնով որոշել է հավանություն տալ այս փողոցների ճանապարհների փոսային նորոգման աշխատանքների իրականացմանը, Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 80 միլիոն դրամ հատկացնել (Ճանապարհային տրանսպորտ) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման (Շենքերի եւ կառույցների ընթացիկ նորոգում եւ պահպանում) տնտեսագիտական հոդվածին։

Այդ որոշման ընդունումից անցել է ավելի քան մեկուկես ամիս։ Ինչպե՞ս են ծախսվել փողոցների նորոգման համար նախատեսված գումարները, երբ Դիլիջանում շատ փողոցներ վատթար վիճակում են։ Դիլիջանի կենտրոնական մասում, հանրահայտ «Միմինո» արձանախմբի հետեւի մասում, կենտրոնից դեպի Դիլիջանի քաղաքային զբոսայգի, Դիլիջանի միջազգային դպրոց տանող փողոցի սկզբամասում բազում խոր լճակներ են: Ամեն անգամ անձրեւներից հետո ավտոմեքենաները դժվարությամբ են հաղթահարում այդ լճակները։ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանն իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում չի նորոգել տուրիստական Դիլիջանի կենտրոնական փողոցը։

Դիլիջանի բնակիչ, հասարակական ակտիվիստ Լուսինե Գրիգորյանը քաղաքի կենտրոնի ջրափոսերի մասին ասում է․ «Երկրում, որտեղ ղեկավարությունը կարծես ամեն ինչ չափում է ասֆալտի քանակով, ցավալի է տեսնել, որ հենց քաղաքի սրտում՝ տուրիստներով լի հատվածում, ճանապարհը մնացել է այսպիսի անմխիթար վիճակում։ Սա այն վայրն է, որտեղ առաջին տպավորությունն է ձեւավորվում, բայց փոխարենը ստեղծվում է անտարբերության ու անպատասխանատվության պատկեր։ Գուցե ժամանակն է ոչ միայն խոսել բարեկարգումից, այլեւ իրականում տեսանելի դարձնել այն հենց այնտեղ, որտեղ ամենաշատն է պետք»։

Դիլիջանի բնակիչ Էմմա Վարդանյանն էլ նշում է, որ Դիլիջանի այլ փողոցներ եւս վատ վիճակում են․ «Ուսանողականն էլ է նույն վիճակում։ Վերանորոգման աշխատանքները կատարում են աշնանը։ Բայց գիտե՞ք, թե որն է զավեշտալի, փոսերը մաքրում են, շիբինը լցնում ու սպասում, մինչեւ անձրեւ գա, հետո էդ թաց փոսերի մեջ ասֆալտ են լցնում։ Բնականաբար, մի սեզոն էլ չի դիմանում։ Մի անգամ հանդիպեցի բանվորներին՝ Ուսանողական փողոցի փոսերը մաքրելիս, ասացի․ «Մինչեւ անձրեւ չգա, չեք փակի, չէ՞»։ Այդպես էլ եղավ»։

Դիլիջանի ՀՈԱԿ-ն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ քաղաքի Օրջոնիկիձե փողոցում գրեյդերը լցնում է ջրափոսերը։ Դիլիջանի բնակիչներն այդ տեսանյութի տակ գրել են, որ ջրով լի փոսերի մեջ ասֆալտ չի կարելի լցնել, հետո գրել են նաեւ, որ փոսերի մեջ լցվածն ասֆալտ չէ, այլ՝ ճանապարհից քերված ասֆալտի շերտ՝ ֆրեզ։ Դիլիջանի «Հասմիկ» ծաղկի սրահի տերն էլ մեկնաբանել է․ «Էս փոխանակ քանդեք, նոր սարքեք, քանդված ասֆալտի թափոնները բերել` բակերն եք լցնում։ Դե, մալադեց ձեզ։ Նոր ասֆալտ արեք, ոչ թե ուրիշի աղբը բերեք մեր բակերը, ընտրությունները մոտենում են։ Գետափնյա փողոցի նոր ասֆալտի՞ն նայենք, թե՞մեր բակ բերված թափոններին»։

Նատալյա Դավթյանն էլ գրել է․ «Եթե մտնեք Մյասնիկյան 1-ին նրբանցք, կզարմանաք՝ ո՞նց են մարդիկ ապրում, տարիներով սպասել ենք, որ վերանորոգվի, ուրախանանք»: Տաթեւիկ անունով բնակչուհին էլ հարցրել է․ «Ե՞րբ կհասնեք դեպի հիվանդանոց տանող կամրջին (Սայաթ-Նովա): Նախորդ տարի հավաստեցին, որ առաջիկայում։ Ե՞րբ է լինելու առաջիկան»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցությանը

Որոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցությանը Tue, 07 Apr 2026 16:16:54 +0400 «Որտեղ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով