Վաղն էլ որ ասեն՝ Հայաստանը Միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ պիտի ասի
Thu, 02 Apr 2026 12:01:30 +0400
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը հնչել էր Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում՝ կապված Ղարաբաղի հարցի հետ։
Լրագրողների հետ զրույցում պատգամավորը տարակուսանք է հայտնել այն մոտեցման առնչությամբ, ըստ որի՝ Հայաստանի դիրքորոշումը պայմանավորվել է այլ պետության քայլերով։ Նրա գնահատմամբ՝ նման հայտարարությունը չի համապատասխանում անկախ պետության ղեկավարին, քանի որ երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը պետք է ձևավորվի սեփական շահերից ելնելով, այլ ոչ թե երրորդ երկրների դիրքորոշումներից կախված։
«Վաղն էլ որ ասեն՝ Հայաստանը Միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ պիտի ասի՝ լավ, որ դուք ասում եք, ուրեմն՝ վե՞րջ, այդպե՞ս պետք է լինի։ Դա մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք՝ անկախ նրանից, թե երրորդ երկրները, այլ պետություններ ինչ վերաբերմունք ունեն այդ հարցի վերաբերյալ։ Դա է անկախ պետություն լինելը»,- նշել է նա:
«Մենք Ղարաբաղը ճանաչել ենք Ադրբեջանի մաս այն բանից հետո, երբ դա արել է ՌԴ-ն»,- երեկ, հիշեցնենք, Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել էր Փաշինյանը: