Հարվածել են դեմքին. նրան գետնին են գցել, իսկ ո՞վ է ճաղերի ետևում
Thu, 02 Apr 2026 13:02:35 +0400

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է, որ ԵՄ ներկայացուցչության շենքի մոտ կազմակերպել է ակցիա՝ ի պաշտպանություն Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի։
Նրա խոսքով՝ ակցիայի նպատակը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելն է գործի վրա և բարձրաձայնել երիտասարդի կալանավորման հարցը։
Աշոտյանը իր ելույթում կոշտ քննադատությամբ դիմել է Եվրոպական Միության ներկայացուցիչներին՝ մեղադրելով նրանց անգործության և երկակի ստանդարտների մեջ։ Նա հայտարարել է, որ եվրոպական կառույցները հաճախ խոսում են ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին, սակայն, ըստ նրա, չեն արձագանքում կոնկրետ դեպքերին Հայաստանում։
Աշոտյանի պնդմամբ՝ Դավիթ Մինասյանի կալանավորումը անարդար է և կապված է եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ, որը նա որակել է որպես խոսքի արտահայտման հետևանք։ Նա նշել է, որ նման դեպքերը հակասում են իրավական պետության և ժողովրդավարության սկզբունքներին։
Ելույթի ընթացքում Աշոտյանը նաև քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ պնդելով, որ երկրում տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ և դատական համակարգի խնդիրներ։
Նա ընդգծել է, որ շարունակելու են բարձրաձայնել երիտասարդի ազատ արձակման պահանջի մասին:
«Դավիթ Մինասյանը 18 տարեկան է։ Նա աշակերտ է։ Նրա միակ «հանցանքը» Սուրբ Աննա եկեղեցում գտնվելն էր Ծաղկազարդին՝ շրջապատված անվտանգության ուժերի բռնությամբ։ Նրան հարվածել են դեմքին։ Նրան գետնին են գցել։ Եվ ո՞վ է ճաղերի ետևում։ Ոչ թե նրան հարվածած տղամարդիկ։ Դավիթը։ Մի ժեստի համար։ Մի խոսքի համար։
Այսօր նա նախնական կալանքի տակ է ինչպես սովորական հանցագործ։ Երկու ամիս։ Հիասթափված էմոցիայի համար «վարչապետի» ներկայությամբ, ով, ըստ երևույթին, իրեն օրենքից և Աստծուց վեր է համարում»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր