Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Ընտրակաշա՞ռք եք փնտրում` բռնեք գործող համայնքապետերին

Ընտրակաշա՞ռք եք փնտրում` բռնեք գործող համայնքապետերին

Thu, 02 Apr 2026 18:15:57 +0400


Այնպես անել, որ «Ուժեղ Հայաստանի» հետ ցանկացած համագործակցություն, այդ կուսակցության անդամների հետ ցանկացած շփում, այդ կուսակցության գրասենյակում որեւէ աշխատանք դիտվի հանցագործություն, որ մարդիկ ոչ միայն վախենան աշխատել կուսակցության համար, այլեւ նույնիսկ շփվել կուսակցության ներկայացուցիչների հետ: Ահա թե ինչ խնդիր է դրել փաշինյանական ռեժիմն իր առաջ:

Մարտի 30-ին փաշինյանական ռեժիմին սպասարկող Հակակոռուպցիոն կոմիտեն մի հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ մի խումբ մարդիկ «Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձեւով» հասարակական կազմակերպության գրասենյակ, որից հետո Արմավիրի մարզի տարբեր բնակիչների 2025-2026 թթ․ ընթացքում ձեւական գրանցել են հիշյալ կազմակերպությունում՝ հանձնարարելով հավաքագրել անձանց, ովքեր ընտրություններին կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Պարզվել է նաեւ, որ նախապես խոստացված եւ փուլային եղանակով տրամադրվող ընտրակաշառքը ձեւակերպվել է որպես աշխատավարձ՝ դրանով փորձելով քողարկել ընտրակաշառքի տրամադրման փաստը եւ նվազագույնի հասցնել դրա բացահայտումը»: Այս սարքած գործով 5 անձի ձերբակալեցին, որոնց մեղադրում էին ընտրակաշառք ստանալու, թե ընտրակաշառք բաժանելու մեջ: Որպես փաստական հիմք՝ ինչ-որ ձայնագրություն տարածեցին, որն ընդհանրապես ոչ մի բանի մասին է, ապա նրանցից 4-ին ծածուկ բաց թողեցին, մեկի նկատմամբ կալանք կիրառեցին:

Նախ, ռեժիմին սպասարկող Հակակոռուպցիոն կոմիտեն հասարակական կազմակերպությունում աշխատանքը ներկայացնում է որպես «ձեւական աշխատանք», որ իբրեւ թե մարդկանց աշխատանքի են վերցրել ոչ թե ինչ-որ գործ անելու համար, այլ որ նրանք ձայն բերեն «Ուժեղ Հայաստանի» համար: Եթե այս աչքով նայես, ապա պետական կառավարման համակարգի 80-90 տոկոսը հենց այդ հիմքով է աշխատավարձ ստանում. մարզպետարանները, տարբեր համայնքային կառույցներ, նախարարություններն ու դրանց կից մարմինները գոյություն ունեն միայն այն բանի համար, որ ընտրություններում ձայն բերեն: Եվ որքան ուռճացված է պետական կառավարման ապարատը, այնքան մեծաքանակ է ռեժիմի միակ հենարան համարվող վարչական ռեսուրսը, որն իր կենսաբանական գոյությունն ապահովելու համար քվեարկում է ռեժիմի օգտին` ինքն իրեն վերարտադրելու համար: Կարո՞ղ է որեւէ մեկն ասել, թե ինչ հիմքով է ինչ-որ մեկը նշանակվում կամ ազատվում մարզպետի պաշտոնից. բացառապես մի հիմքով՝ կարո՞ղ է նա կազմակերպել իշխանության նախընտրական քարոզարշավը տվյալ մարզում, որքա՞ն ձայն կարող է բերել իշխանության համար: Նույնը վերաբերում է նաեւ համայնքապետերին. սրանց՝ բոլորի աշխատանքի արդյունավետությունը չափվում է ձայն բերելու կարողությամբ:

Պետական կառավարման մյուս մարմինները` քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներ, դատախազություն, ոստիկանություն, ԱԱԾ եւ մյուս նմանատիպ ռեպրեսիվ մարմիններ, բացի ձայն բերելու գործից, համատեղությամբ զբաղվում են նաեւ իշխանության քաղաքական հակառակորդների դեմ տարբեր քրեական գործեր սարքելով եւ մարդկանց ազատությունից զրկելու միջոցով նրանց գործունեությունը չեզոքացնելով: Բոլոր իշխանությունների օրոք եղել են ճնշումներ ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, հատկապես՝ նախընտրական շրջանում: Բայց որեւէ ժամանակ իշխանությունը չի մտել կուսակցությունների նախընտրական շտաբներ եւ կուսակցության համար աշխատող ակտիվիստներին չի հռչակել հանցագործներ, նրանց չի ձերբակալել ու կալանավորել, նրանց ստացած աշխատավարձը, այն էլ՝ օրինական գրանցված եւ հարկվող, չի հռչակել ընտրակաշառք, որեւէ մեկի մտքով չի անցել կուսակցության համախոհին կամ ակտիվիստին հռչակել քրեական հանցագործ եւ նրան կալանավորել ընտրակաշառք ստանալու կամ բաժանելու համար:

Ընտրակաշառքն այն է, երբ մարդուն քվեարկությունից առաջ գումար են տալիս, որի դիմաց նա պարտավորվում է քվեարկել որեւէ կուսակցության կամ թեկնածուի օգտին: Նման որեւէ դեպք փաստացի արձանագրված չէ, չկա որեւէ մեկը, որ կասի, թե իրեն գումար են տվել այս կամ այն քաղաքական ուժի, այս դեպքում՝ «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու համար: Թե ինչ է խոսվում ձայնագրության մեջ, դա հեքիաթի ժանրից է` հեքիաթ, քանի որ ռեժիմին ծառայող հատուկ ծառայությունների համար խնդիր չէ նման հեքիաթ հորինելը` որեւէ կուսակցության գրասենյակում ներդնելով իրենց ներկայացուցչին, հետո նրան հանձնարարելով հեռախոսով ինչ-որ բաներ խոսել ու ինքն իրեն ձայնագրել, դա ներկայացնելով որպես հանցագործության բացահայտման հիմք:

Չկա ընտրակաշառքի բաժանման դեպք, չկա ընտրակաշառք ստացող: Իսկ եթե որեւէ կուսակցության նախընտրական շտաբի կամ կուսակցության հետ փոխկապակցված կազմակերպության աշխատողի ստացած աշխատավարձը հռչակես ընտրակաշառք, որ նա դա ստացել է կուսակցության համար ձայն ապահովելու համար, ապա այդ հիմքով կարելի է մտնել ցանկացած կուսակցության գրասենյակ եւ կալանավորել բոլորին, որովհետեւ այդ շտաբները բացվում են հենց դրա համար` նախընտրական քարոզչություն իրականացնելու եւ կուսակցության համար քվեներ ապահովելու: Արդյունքում Հայաստանն ունեցավ եւս 5 քաղաքական հետապնդյալ, ամեն օր նոր ձերբակալվածներ ու կալանավորվածներ:

Փաշինյանը հրահանգ է իջեցրել՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության եւ, առհասարակ, ընդդիմության ցանկացած գործունեություն հռչակել հանցագործություն, մարդկանց ասել, որ հեռու մնան այս կուսակցություններից, նախընտրական շտաբներից, այլապես կարող են ձերբակալվել: Իսկ առաջ շարունակ խոսում էր արդար ընտրություններից, ազատ մրցակցությունից…

Ընտրակաշա՞ռք եք ուզում բացահայտել` գնացեք եւ կալանավորեք բոլոր երեւանամերձ համայնքների ղեկավարներին, որ նախընտրական շրջանում` հունվար-փետրվարից սկսած, համայնքային բյուջեից ֆինանսավորում են անվճար ուսանողական ավտոբուսներ, համայնքապետարանն է որոշում` որ ուսանողն ինչ հիմքով ստանա այդ ավտոբուսով երթեւեկելու արտոնություն: Տանիքներ են փոխում, օգնություն բաժանում: Ինչպես ասում է ընտրակաշառք բաժանող ռեժիմի մի հաստիքային քարոզիչ` իշխանությունը քթներից է բերելու բաժանած եւ ստացած ընտրակաշառքի ամեն դրամը, եթե հաջողի վերարտադրվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի կին մանդատը վերցրեց, մյուսը` հրաժարվեց

Մի կին մանդատը վերցրեց, մյուսը` հրաժարվեց Thu, 02 Apr 2026 18:23:04 +0400 ՀՀ Կենտրոնական ընտրական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով