Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Ձգել մինչեւ ընտրություններ

Ձգել մինչեւ ընտրություններ

Thu, 02 Apr 2026 18:45:34 +0400


Փաշինյանն այս էտապում մի շատ կարեւոր խնդիր է լուծում իր համար՝ գործը հասցնել ընտրությունների եւ այդ ճանապարհով հեռանալ: Ոչ մի, առավել եւս Փաշինյանի նման ձախողված ղեկավարի հաճելի չէ ավելորդ «բոլոլաների» մեջ ընկնելը: Ավելին ասեմ, ես ճանաչում եմ ձախողված ղեկավարների, որոնք, գիտակցելով, որ մինչեւ ընտրություններ չեն ձգելու, ինքնասպան են եղել՝ «բոլոլայից» խուսափելու համար: Հիտլերը՝ ձեզ օրինակ: Չաուշեսկուի դեպքը ճիշտ հակառակն է՝ նա նախընտրեց «բոլոլան» եւ ստացավ «բոլոլա»: Հիմա Փաշինյանն է այս խնդրի առջեւ՝ ինչպես խուսափել «բոլոլայից»: Ընտրություններով հեռանալը, կարծում եմ, լավագույն ձեւն է: Հայտարարում ես, որ գնում ես ընտրությունների, մի ծռտի ընտրարշավ ես անում, պարտվում, մի երկու օր ղժղժում ու սսկվում: Իսկ մինչեւ հաղթողներն ուշքի գան, մինչեւ աթոռները բաժանեն, դու հանգիստ ծլկում ես՝ դառնում Սահակաշվիլի:

Իսկ որպեսզի Սահակաշվիլի չդառնա, Փաշինյանը պիտի այնքան խելք ունենա, որ պարտվի իր համար ամենաձեռնտու ուժին: Հակառակ պարագայում նրա բանը բուրդ է: Մի «սերյոզնի» ձյաձյա կարող է գալ իշխանության եւ իր առաջին գործը համարի Փաշինյանին ինչպես հայ, այնպես էլ միջազգային հանրությունից մեկուսացնելը: Ընդհուպ՝ առանց «բոլոլայի», դատավորի մուրճիկի մեկ հարվածով: Մեզանում էլ ինչն է շատ՝ կալանք տվող դատավորը: Աչքներն էլ չեն ճպպացնի:

Եվ, ուրեմն, Փաշինյանին պետք է մի ուժ, որ կերաշխավորի նրա հետընտրական արեւշատությունը, այն է՝ պատասխան չտալ իր կերած բողկերի համար եւ անփորձանք հեռանալ՝ լինի իշխանությունից, թե երկրից: Մենք ունե՞նք այդպիսի ուժ: Ունենք, այն էլ՝ շատ ուժեղ ուժ: Այդպես էլ կոչվում է՝ «Ուժեղ Հայաստան»: Բացի ուժեղ լինելը, այն նաեւ վստահելի է եւ բարեհոգի: Բարեվարքության բոլոր մրցույթներում հաղթած ուժ է… Ոչ մի ավելորդ բառ, ոչ մի ավելորդ շարժում, միշտ հանգիստ, հավասարակշռված: Մարդիկ եկել, իրենց համար իշխանափոխություն են անում՝ առանց որեւէ մեկին նեղություն տալու: ՔՊ-ն ինչքան փորձում է սադրել, չի ստացվում: ՀԷՑ-ը խլեցին, չէ՞: Դուք ավելորդ բառ լսեցի՞ք ՀԷՑ-ի սեփականատերերից… Թքած ՀԷՑ-ի վրա՝ ասացին, թքած այն միլիոնների վրա, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն է ստանալու մեզնից` որպես աշխատավարձ… Կալանավորվեցին, նստեցին, հետապնդվեցին, բայց ոչ մի ավելորդ բառ իրենց թույլ չտվեցին: Օրումեջ «Ուժեղ Հայաստանի» ավտոբուսներ են տանում տուգանային հրապարակներ, ընդդիմադիր մամուլն աղմկում է, իսկ «Ուժեղ Հայաստանից» բողոք կա՞: Եվ, ուրեմն, ինչքա՞ն էշ պետք է լինի ձախողված կառավարող ուժը, որ այսքանից հետո հենց «Ուժեղ Հայաստանի» մեջ չտեսնի պլստալու իր միակ հնարավորությունը:

Մյուսները, սակայն, «Ուժեղ Հայաստանի» չափ բարի չեն: Նրանք դեմ չեն «բոլոլային», բայց «բոլոլայի» համար տարբեր ժամկետների կողմնակից են: Ընդդիմությանը թիկունքից աջակցող ՀՀԿ-ն, օրինակ, համարում է, որ «բոլոլա» պետք է անել ընտրություններից առաջ… Ասում են՝ ի՞նչ մի դժվար բան է, ժողովրդին հանում ես փողոց, ռազ-դվա՝ իմպիչմենտ ես անում Նիկոլին, ու վերջ: Իսկ երբ հարցնում ես՝ բա որ չեղա՞վ… Սկսում են Ֆեյսբուքում «ուժեղ» գրառումներ անել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ու նրա ղեկավարի դեմ, թե դուք ԱԺ ընտրությունների անցողիկ շեմն էլ չեք հաղթահարելու: Այ, այսպիսի ընդդիմություն էլ ունենք՝ ընդդիմությանը թիկունքից «օգնող»:

Իսկ «բոլոլայի» մասով ի՞նչ է առաջարկում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը: Այստեղ ասում են, որ «բոլոլա» անպայման լինելու է, բայց՝ իշխանափոխությունից հետո: Ձախողված իշխանությունները, իսկ նրանց մասին քիչ է ասել «ձախողված», իշխանափոխությունից հետո, հունիսի 8-ից սկսած, օրենքով ենթարկվելու են ամենախիստ պատասխանատվության: Ընդհուպ հոդվածներն են նշում. «Արցախի հանձնում», «Հազարավոր զոհեր», «Հայաստանի օկուպացիա»…

Եվ այնպես է ստացվել, սոցհարցումներն էլ նույնն են ասում, որ Փաշինյանը հայտնվել է երկընտրանքի առջեւ՝ ում հանձնվել… Այն ուժին, որ իրեն թույլ կտա խուսափե՞լ «բոլոլայից», թե՞ այն ուժերին, որ խոստանում են իրեն պատասխանատվության ենթարկել, այսինքն՝ «բոլոլային»: Փաշինյանը, կարծում եմ, ընտրել է առաջին տարբերակը, իսկ թե ժողովուրդը որ տարբերակն է ընտրել, պարզ կդառնա մեկ այլ սոցհարցումից՝ ո՞վ է կողմ, որ Փաշինյանն ու ՔՊ-ն կառավարական շենքերը լքելուց հետո պատասխանատվության չենթարկվեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընտրակաշա՞ռք եք փնտրում` բռնեք գործող համայնքապետերին

Ընտրակաշա՞ռք եք փնտրում` բռնեք գործող համայնքապետերին Thu, 02 Apr 2026 18:15:57 +0400 Այնպես անել, որ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով