Դու մենակ ես, մենակ ես
Fri, 03 Apr 2026 09:00:49 +0400

Պետք չէ զարմանալ այն նյարդայնության, հիստերիայի, ջղաձգումների, անհավասարակշիռ պահվածքի եւ տարօրինակ միմիկայի վրա, որ նկատում ենք Նիկոլ Փաշինյանի մոտ:
Ոչ ոք չէր դիմանա, շատերս ուղղակի ողջ չէինք մնա, եթե մեր սեփական ժողովրդին, մեր պետությանն այդքան վնաս պատճառած լինեինք, այդքան ստեինք ու ստերի մեջ խճճվեինք, լարախաղացի նման դեգերեինք թշնամու եւ բարեկամների, Արեւմուտքի եւ Արեւելքի, բարի ու չարի, վախի եւ քաջության միջեւ: Այդքան սթրեսի ենթարկվեինք, այդքան փակուղու մեջ լինեինք եւ երկիրն էլ մղած լինեինք այսպիսի խոր ու անհուսալի փակուղի: Հետն էլ փորձեինք վերարտադրվել, որովհետեւ ապրել ենք ուզում եւ լավ ապրել ենք ուզում:
Եթե փորձեինք մարդկանց համոզել, որ մածունը սեւ է, եւ չարը` բարի: Փորձեինք հանրության նսեմ կրքերը ջրի երես հանել եւ հույսը դնել մարդկանց խավարամտության, դյուրահավատության, հիմարության ու անգրագիտության վրա եւ քաջ գիտակցեինք, որ խելացի ու գրագետ զանգվածը, եթե անգամ չի ատում ու զզվում քեզնից, ապա գոնե շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, եւ նվազագույնը` խղճում է ու արհամարհում քո ամոթալի ջանքերը:
Ոչ մի բանական մարդ, իրականում, չէր դիմանա այս հոգեկան եւ էմոցիոնալ փորձությանը, որով անցնում է Նիկոլ Փաշինյանը մենակ: Մենակ՝ որովհետեւ նրա թիմում ոչ ոք մազաչափ չի թեթեւացնում նրա հոգսը: Նրա իշխանությունից օգտվողները շատ են, բեռը կիսողներ չկան, եւ անգամ կողակիցն իր կողքին չէ, չնայած հեռվից ամեն ինչով աջակցում է: Նա մենակ է նաեւ այն պատճառով, որ մեր երկրում կատարված ամեն ինչի միակ պատասխանատուն է եւ իր որոշումները կայացնելիս` անգամ եթե ունի խորհրդատուներ, նրանք ստվերում են եւ երբեք չեն կիսելու պատասխանատվությունը, անգամ երբ ինքը պատասխան տա օրենքի առաջ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր