Ժամանակը վճռորոշ  է. Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները  խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը

Ժամանակը վճռորոշ  է. Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները  խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը

Fri, 03 Apr 2026 11:40:17 +0400


Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները նամակով դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսին, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում «Հովանավոր տերության» մեխանիզմի գործարկման խնդրանքով: Այս մասին տեղեկացնում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը», որի ղեկավարը ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն է:

«Մենք՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներ ու ներկայացուցիչներ հանդիսացողներս, հայտնում ենք մեր խորին մտահոգությունը Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ամբողջական փակման կապակցությամբ։ Սա զգալի չափով վատթարացրել է մեր հարազատների արդեն իսկ ծանր վիճակը՝ մեզ թողնելով նրանց ճակատագրի և կացության վերաբերյալ խորը անորոշության մեջ։

Հաշվի առնելով վերոգրյալը և հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում սահմանված պարտավորությունները՝ մենք, ամենայն հարգանքով, բայց նաև հաստատակամորեն կոչ ենք անում Հայաստանին պաշտոնապես դիմել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը, որպեսզի շվեյցարական կողմը ստանձնի «Հովանավոր տերության» դերը։ Սա անհրաժեշտ և հրատապ քայլ է մեր հարազատների իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը միջազգայնորեն ճանաչված մեխանիզմներով ապահովելու համար։

Մենք գիտակցում ենք, որ «Հովանավոր տերության» ինստիտուտը վերջին տասնամյակների ընթացքում չի կիրառվել ու կարող է անսովոր թվալ այսօրվա համատեքստում, սակայն բացառիկ և ապօրինի հանգամանքները, որի հետ առնչվում ենք, պահանջում են հենց այսպիսի բացառիկ միջոցներ։ Ադրբեջանը շարունակում է մեկուսացված պահել հայ գերիներին իրենց ընտանիքներից, անկախ փաստաբաններից և մարդասիրական գործունեություն իրականացնող անկողմնակալ կառույցներից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է»,-մասնավորապես ասվում է նամակում։

Նշելով, որ առնվազն 19 անձ այս պահին պահվում է Բաքվում, նրանց հարազատներն արձանագրում են, որ այս իրավիճակը հանգեցրել է իրավունքի պաշտպանության լուրջ վակուումի՝ ստեղծելով բռնության ենթարկվելու, վատ վերաբերմունքի արժանանալու և նույնիսկ բռնի անհետացման բարձր ռիսկեր։
«Հաշվի առնելով այս հրատապ և արտակարգ հանգամանքները, ինչպես նաև Շվեյցարիայի՝ որպես ԿԽՄԿ-ն հյուրընկալող և միջազգային մարդասիրական իրավունքի գլխավոր աջակից պետության կարգավիճակը, ամենայն հարգանքով խնդրում ենք՝
• Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պաշտոնապես դիմել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը, որպեսզի այն ստանձնի «Հովանավոր տերության» դերակատարությունն Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիների նկատմամբ,
• Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը՝ բավարարել Հայաստանի դիմումը և գործել որպես «Հովանավոր տերություն»՝ հնարավորին չափ պաշտպանելով գերիների իրավունքներն ու արժանապատվությունը,
• Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ որպես «Հովանավոր տերության» փոխարինող, աջակցել այս նշանակմանը և օգնել Շվեյցարիային իր գործառույթների իրականացման գործում։

Ժամանակն ունի վճռորոշ նշանակություն։ Շարունակվող հապաղումը կարող է ավելի խորացնել ապօրինի պահվող անձանց տառապանքները և մեծացնել նրանց կյանքի ու ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ սպառնալիքները։ Ուստի կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի կառավարություններին ձեռնարկել համապատասխան քայլեր իրենց մանդատի շրջանակում, և դա անել ճիշտ ժամանակին։ Բացի այդ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին խնդրում ենք աջակցել, որպեսզի ապահովվի միջազգային իրավունքի արդյունավետ կիրառումը և էթնիկ հայերի իրավունքների պատշաճ պաշտպանությունը՝ շարունակվող խախտումների պայմաններում»,-նշվում է նամակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գլխավոր դատախազը պաշտոնանկ է արվել

Գլխավոր դատախազը պաշտոնանկ է արվել Fri, 03 Apr 2026 18:00:10 +0400 Միացյալ Նահանգների Գլխավոր դատախազ…

7 րոպե ago

Երկվորյակների քննիչին ազատել են պաշտոնից

Երկվորյակների քննիչին ազատել են պաշտոնից Fri, 03 Apr 2026 17:54:55 +0400 Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի…

13 րոպե ago

Ես նույնիսկ չեմ ուզում ենթադրել այս հակահայկական հիբրիդային պատերազմի հետևանքները

Ես նույնիսկ չեմ ուզում ենթադրել այս հակահայկական հիբրիդային պատերազմի հետևանքները Fri, 03 Apr 2026 17:45:40…

22 րոպե ago

Արցախցիները թիրախավորվում են, իսկ իրավական մեխանիզմները չեն աշխատում

Արցախցիները թիրախավորվում են, իսկ իրավական մեխանիզմները չեն աշխատում Fri, 03 Apr 2026 17:36:37 +0400 Արցախի…

31 րոպե ago

Արցախցիների նկատմամբ վերաբերմունքը քննարկումների կենտրոնում

Արցախցիների նկատմամբ վերաբերմունքը քննարկումների կենտրոնում Fri, 03 Apr 2026 17:32:16 +0400 Արցախի Մարդու իրավունքների պաշտպան…

35 րոպե ago

Նիկոլը թքած կունենա այդ ամենի վրա

Նիկոլը թքած կունենա այդ ամենի վրա Fri, 03 Apr 2026 17:30:30 +0400 Արդեն հստակ երևում…

37 րոպե ago