«Հրապարակ». Ձեւավորելու ենք ընտրություններին մասնակցության լավագույն ձեւաչափը
Fri, 03 Apr 2026 11:45:46 +0400

«Հրապարակի» զրուցակիցն «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է։
– Առաջիկա ընտրություններին մասնակցող միակ ուժը, որը մի քանի անգամ ընտրություններով հաղթել է ՔՊ-ին, «Ապրելու երկիրն» է․ Փարաքար, Նոյեմբերյան, Ալավերդի, Տաթեւ։ Պատրա՞ստ եք զարգացնել այս հաջողությունը, այս քաղաքական «ժառանգությունն» ավելի մեծ պատասխանատվություն չի՞ առաջադրում ձեր թիմին։
– Այո՛, մեր թիմի պատասխանատվությունը մեծ է։ Բայց հստակ արձանագրենք՝ մենք ոչ միայն չենք վախենում այդ պատասխանատվությունից, այլեւ ապացուցել ենք, որ կարող ենք այն կրել։ Ձեր նշած համայնքներում մեր հաղթանակը դրա ամենացայտուն օրինակն է․ ընտրություններից հետո անմիջապես անցել ենք գործի՝ տարբեր ոլորտներում գրանցելով դրական արդյունք։ Մենք հաշվետու ենք ժողովրդին եւ դա ապացուցում ենք՝ պարբերաբար ու բաց հաշվետվությամբ։
– Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ, ինչպես ասում են՝ հայտնի ֆավորիտները, այդ թվում՝ ՔՊ-ն, լծվել են ակտիվ աշխատանքի․ մարզերում գրասենյակներ են բացում, հանդիպումներ ունենում, քարոզարշավ վարում։ Դուք, կարծես, դեռ նախընտրական «հետախուզական» դիրքերում եք․ ինչո՞վ է պայմանավորված ձեր ուժի հարաբերական պասիվությունը։
– Ես բազմիցս հայտարարել եմ՝ մեր մասնակցությունն ընտրություններին ինքնանպատակ չպետք է լինի։ Մենք գնում ենք ընտրությունների միայն արդյունք ապահովելու համար։ Հենց այդ պատճառով տարբեր հանդիպումների եւ բանակցությունների միջոցով հետեւողականորեն ձեւավորում ենք այն լավագույն ձեւաչափը, որով կմասնակցենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
– Ե՞րբ սպասենք «Ապրելու երկրի» ակտիվ մուտքին նախընտրական մրցապայքար, ի՞նչ կերպ կազդարարվի դա։
– Շարունակելով իմ նախորդ միտքը՝ հավելեմ, որ մեր թիմի վերջնական որոշման մասին հանրությունը կտեղեկացվի շատ շուտով։
– Այս օրերին ձեւավորվել են ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի դաշինքներ։ Դուք վերջնականապես որոշե՞լ եք գոնե ձեր մասնակցության ձեւաչափը․ ինքնուրույնաբա՞ր, մենա՞կ, թե՞ դաշինքով։
– Թե ինչ ձեւաչափով կմասնակցենք՝ ինքնուրույն, թե դաշինքով, որոշվելու է միայն մեկ չափանիշով՝ որն է առավել արդյունավետ։
– Իսկ ի՞նչ գլխավոր ուղերձներով եք գնալու ընտրողի մոտ, որպեսզի նա հավատա, թե հենց դուք եք ի զորու՝ երկիրն իրապես ապրեցնելու, զարգացնելու։
– Մենք մեր քաղաքացիների մոտ գնալու ենք հստակ նպատակներով. ապահովել հուսալի անվտանգություն եւ դիմակայուն պետություն, կառուցել մրցունակ եւ նորարար տնտեսություն, դարձնել մեր երկիրը կամուրջ, ոչ թե փակուղի, բարձրացնել կյանքի որակը, ապահովել բարեկեցություն եւ զարգացնել մարդկային կապիտալը։ Արդյունքում՝ քաղաքացին կզգա, որ ինքն է վերահսկում իր ապագան, լինելով հայ՝ սեփական ընտրությամբ, պահպանելով հայկական ինքնությունը եւ արժեքները։ Սա մեր հիմնական ուղերձն է, որը հիմնված է ոչ միայն խոստումների, այլեւ իրական արդյունք ապահովելու ունակության վրա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր