Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք- շինություն
Fri, 03 Apr 2026 16:50:09 +0400

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին:
2026 թվականի մարտին, դատախազի միջնորդագրերի հիման վրա, ապամոնտաժվել են ևս 11 հողամասերում գտնվող 16 շինություններ, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը (Դատախազությունն առանձնատան վերաբերյալ հայց է ներկայացրել իրավասու դատարան), ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունը:
Այսպիսով, 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 34 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 86 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:
Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից՝ բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցված քոթեջը, ինչպես նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը: Հատկանշական է, որ նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները նույնիսկ վարձակալության իրավունք չեն ունեցել:
Դատախազությունը 2026 թվականի փետրվարի 2-ին տեղեկացրել էր նաև, որ 2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը):
Հիշեցնենք, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են.
• Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 97 հասցե),
• «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե),
• Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե),
• ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցե),
• «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 88 հասցե):
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգությանը, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։ Կառավարության՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ սահմանված է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը:
Այսպիսով՝ ապամոնտաժվող կառույցներն «այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝
• Դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ,
• Դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ,
• Դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր