Ես պատկերացնում եմ, թե այս մի քանի ժամում նա ինչքան վատ բաներ է այնտեղ տեսել
Fri, 03 Apr 2026 22:15:50 +0400
«Հրապարակի» զրուցակիցը նախկին դատավոր Պարգև Օհանյանն է:
– 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվել է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանին բացասական ժեստեր է ցույց տվել: Այդ ամենը Փաշինյանն ու նրա ձեռքի խաղալիքը դարձած դատական իշխանությունները դիտարկել են որպես մահափորձ և դպրոցական երիտասարդին տարել երկամսյա կալանքի: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է Հայաստանի դատական համակարգն այս աստիճան ենթարկվում գործադիրին: Առհասարակ ի՞նչ կարծիք ունեք այս պրոցեսների մասին:
– Ցավը նրանում է, որ այս երևույթը կա ու կլինի` կալանավորումը միշտ էլ օգտագործվում է որպես պատիժ: Քաղաքակիրթ երկրներում նման երևույթ չկա, դե իսկ մենք սիրում ենք համեմատվել քաղաքակիրթ պետությունների հետ, սակայն բացառապես այն հարցերում, որոնք ձեռնտու են օրվա իշխանություններին: Լայնորեն կիրառված մեթոդը քաղաքակիրթ աշխարհում` գրավն է: Անգամ այն պարագայում, եթե այս երեխայի գործում լինեին կալանավորման հիմքեր, միևնույն է նրան պետք է թեկուզ գրավով, բայց ազատ արձակեին:
Ասենք` 200 հազար դրամի դիմաց, բայց մենք տեսնում ենք, որ դեռահասին դարձրել են ֆուտբոլի գնդակ, էստեղից տանում են էնտեղ, էնտեղից` էստեղ: Տարան Արմավիր, հետո` Աբովյան, էս հիվանդանոցից էն հիվանդանոց են տանում, չի կարելի: Ինչքա՞ն կարող է այդ երեխան դիմանալ: Ախր քրեակատարողականը լավ տեղ չի, նա ի՞նչ պետք է այնտեղ սովորի: ՔԿ-ներում ճիշտ չեն դաստիարակվում, հատկապես, այդ տարիքի երիտասարդները: Ես պատկերացնում եմ, թե այս մի քանի ժամում նա ինչքան վատ բաներ է այնտեղ տեսել: Այս ամենը մեծ անխղճություն է, եթե չասեմ` անբարոյականություն: Երեխա է, էլի, ասենք թե հուզվել էր, մի քիչ էլ ագրեսիվացավ:
Ի դեպ` եկեք չմոռանանք, թե այդ դեպքը երբ տեղի ունեցավ, քրիստոնեական ամենամեծ տոներից մեկի ժամանակ: Իսկական քրիստոնյան պետք է իմանար, որ այդ օրերին սատանան ակտիվանում է, չէր կարելի եկեղեցում այդպես վարվել: Չի կարելի գայթակղվել և տալ գայթակղվելու առիթ այս օրերին: Աստվածաշունչն ասում է` ամեն մարդ էլ կարող է գայթակղվել, բայց վայ նրան, ում պատճառով կգա գայթակղությունը:
– Նիկոլ Փաշինյանը, որն անգամ ԲԴԽ նախագահ է ազատում աշխատանքից` նամակի միջոցով, պարբերաբար հայտարարում է, որ ոչ մի կապ չունի դատական իշխանության հետ, իբրև այդ ինքը չէ հանձնարարություններ տալիս դատավորներին և այլն: Հավատո՞ւմ եք նրա խոսքերին:
– Եթե մի երկուսի աչքը լավ վախեցնում է, մյուսներն այնպես են աշխատում, որ շեֆը հանկարծ ու հանկարծ չբարկանա: Հայտնի առակ կա նապաստակի, աղվեսի, առյուծի և գայլի աչքերի մասին, այդ առակը հիշեցի…. մեր դատական համակարգը հոշոտված է: Ասում են` այնպես աշխատենք, որ հանկարծ մեզ աշխատանքից չհեռացնեն, այ սա է դատական համակարգի վիճակը իրականում:
– Հնարավո՞ր է Հայաստանում մի օր, երբ իշխանություն փոխվի, դատական իշխանության վիճակը լավանա, այն դառնա օրենքի տառին համապատասխան` անկախ, թե՞ բոլոր իշխանություններն էլ սիրում են հնազանդեցնել դատական իշխանությանը:
– Մասամբ ճիշտ եք, բոլորն էլ, այո, սիրում են հնազանդեցնել իրավական համակարգը, քանի որ այն շատ կարևոր համակարգ է: Ինչպես տեսնում ենք` Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Քննրական կոմիտեն բացահայտ ծառայում են իշխանություններին, իսկ դատական համակարգը, ցավոք, կցորդի դերում է, սակայն այլ հարց է, թե որ իշխանությունն ինչ չափով է այդ կցորդին փորձում ճնշել: Մի իշխանություն շատ է միջամտում, մի իշխանություն քիչ է միջամտում: Տպավորություն է, որ այժմ դատավորները բոլոր գործերով հաշվետու են:
Սովետի ժամանակ կարելի է ասել բոլոր գործերով կար կուսակցական հաշվետվություն: Դատավորները ինչ-որ տեղ հաշվետու էին կուսկոմիտեի քարտուղարին, բնական է, որ կոմիտեի քարտուղարի դարդուցավը չէր վերջացել, որ ամեն մի փոքր գործով հետաքրքրվեր, բայց ամեն դեպքում այդ հաշվետվողականությունն այն ժամանակ էլ կար: Ասենք օրինակ` քանի ամուսնալուծություն, քանի գույքի վեճ և այլն:
– Վերադառնալով կիրակի օրվա Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, ի՞նչ կասեք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիկնապահները ուշացած ներխուժեցին եկեղեցի և մարդկանց հրմշտելով մոտեցան խորանին: Հավատացյալ մարդն իրեն այդպե՞ս է պահում: Ի դեպ` կապ ունի՞, թե աղոթքը եկեղեցու որ մասից է հնչում: Նիկոլ Փաշինյանը գուցե վախենում էր, որ Աստված իր աղոթքները եկեղեցու հետեւի հատվածից չի լսի….
– Ցավոք, շատերը այդ տոնին ուղղակի նայում են զուտ որպես ծաղկազարդ, գնում են եկեղեցի, դրսից մի երկու ճյուղ-մուղ են առնում և հեթանոսի պես այն տանում են օրհնելու, որ տանեն տուն, բայց այդ տոնը նախ խորհրդանշում է խոնարհություն:
Պատկերացրեք, որ խոնարհության պատարագի ժամանակ ինչ-որ մեկը բիրտ ուժով մտնում է եկեղեցի, այն դեպքում, երբ այդ օրը Հիսուսը Երուսաղեմ մտավ ավանակի վրա նստած: Գուցե այդ 18-ամյա երեխան տրվեց գայթաղկությանը, բայց ո՞վ էր առիթը գայթակղության: Նույնիսկ եթե դատավորը վախենում է այդ գայլի աչքերից և նման որոշում է կայացնում, ապա նա պետք է դատավորին ասեր` մի կալանավորիր, մի գնա այդ քայլին: