Ես պատկերացնում եմ, թե այս մի քանի ժամում նա ինչքան վատ բաներ է այնտեղ տեսել

Ես պատկերացնում եմ, թե այս մի քանի ժամում նա ինչքան վատ բաներ է այնտեղ տեսել

Fri, 03 Apr 2026 22:15:50 +0400


«Հրապարակի» զրուցակիցը նախկին դատավոր Պարգև Օհանյանն է:

18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվել է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանին բացասական ժեստեր է ցույց տվել: Այդ ամենը Փաշինյանն ու նրա ձեռքի խաղալիքը դարձած դատական իշխանությունները դիտարկել են որպես մահափորձ և դպրոցական երիտասարդին տարել երկամսյա կալանքի: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է Հայաստանի դատական համակարգն այս աստիճան ենթարկվում գործադիրին: Առհասարակ ի՞նչ կարծիք ունեք այս պրոցեսների մասին:

– Ցավը նրանում է, որ այս երևույթը կա ու կլինի` կալանավորումը միշտ էլ օգտագործվում է որպես պատիժ: Քաղաքակիրթ երկրներում նման երևույթ չկա, դե իսկ մենք սիրում ենք համեմատվել քաղաքակիրթ պետությունների հետ, սակայն բացառապես այն հարցերում, որոնք ձեռնտու են օրվա իշխանություններին: Լայնորեն կիրառված մեթոդը քաղաքակիրթ աշխարհում` գրավն է: Անգամ այն պարագայում, եթե այս երեխայի գործում լինեին կալանավորման հիմքեր, միևնույն է նրան պետք է թեկուզ գրավով, բայց ազատ արձակեին:

Ասենք` 200 հազար դրամի դիմաց, բայց մենք տեսնում ենք, որ դեռահասին դարձրել են ֆուտբոլի գնդակ, էստեղից տանում են էնտեղ, էնտեղից` էստեղ: Տարան Արմավիր, հետո` Աբովյան, էս հիվանդանոցից էն հիվանդանոց են տանում, չի կարելի: Ինչքա՞ն կարող է այդ երեխան դիմանալ: Ախր քրեակատարողականը լավ տեղ չի, նա ի՞նչ պետք է այնտեղ սովորի: ՔԿ-ներում ճիշտ չեն դաստիարակվում, հատկապես, այդ տարիքի երիտասարդները: Ես պատկերացնում եմ, թե այս մի քանի ժամում նա ինչքան վատ բաներ է այնտեղ տեսել: Այս ամենը մեծ անխղճություն է, եթե չասեմ` անբարոյականություն: Երեխա է, էլի, ասենք թե հուզվել էր, մի քիչ էլ ագրեսիվացավ:

Ի դեպ` եկեք չմոռանանք, թե այդ դեպքը երբ տեղի ունեցավ, քրիստոնեական ամենամեծ տոներից մեկի ժամանակ: Իսկական քրիստոնյան պետք է իմանար, որ այդ օրերին սատանան ակտիվանում է, չէր կարելի եկեղեցում այդպես վարվել: Չի կարելի գայթակղվել և տալ գայթակղվելու առիթ այս օրերին: Աստվածաշունչն ասում է` ամեն մարդ էլ կարող է գայթակղվել, բայց վայ նրան, ում պատճառով կգա գայթակղությունը:

– Նիկոլ Փաշինյանը, որն անգամ ԲԴԽ նախագահ է ազատում աշխատանքից` նամակի միջոցով, պարբերաբար հայտարարում է, որ ոչ մի կապ չունի դատական իշխանության հետ, իբրև այդ ինքը չէ հանձնարարություններ տալիս դատավորներին և այլն: Հավատո՞ւմ եք նրա խոսքերին:

– Եթե մի երկուսի աչքը լավ վախեցնում է, մյուսներն այնպես են աշխատում, որ շեֆը հանկարծ ու հանկարծ չբարկանա: Հայտնի առակ կա նապաստակի, աղվեսի, առյուծի և գայլի աչքերի մասին, այդ առակը հիշեցի…. մեր դատական համակարգը հոշոտված է: Ասում են` այնպես աշխատենք, որ հանկարծ մեզ աշխատանքից չհեռացնեն, այ սա է դատական համակարգի վիճակը իրականում:

– Հնարավո՞ր է Հայաստանում մի օր, երբ իշխանություն փոխվի, դատական իշխանության վիճակը լավանա, այն դառնա օրենքի տառին համապատասխան` անկախ, թե՞ բոլոր իշխանություններն էլ սիրում են հնազանդեցնել դատական իշխանությանը:

– Մասամբ ճիշտ եք, բոլորն էլ, այո, սիրում են հնազանդեցնել իրավական համակարգը, քանի որ այն շատ կարևոր համակարգ է: Ինչպես տեսնում ենք` Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Քննրական կոմիտեն բացահայտ ծառայում են իշխանություններին, իսկ դատական համակարգը, ցավոք, կցորդի դերում է, սակայն այլ հարց է, թե որ իշխանությունն ինչ չափով է այդ կցորդին փորձում ճնշել: Մի իշխանություն շատ է միջամտում, մի իշխանություն քիչ է միջամտում: Տպավորություն է, որ այժմ դատավորները բոլոր գործերով հաշվետու են:

Սովետի ժամանակ կարելի է ասել բոլոր գործերով կար կուսակցական հաշվետվություն: Դատավորները ինչ-որ տեղ հաշվետու էին կուսկոմիտեի քարտուղարին, բնական է, որ կոմիտեի քարտուղարի դարդուցավը չէր վերջացել, որ ամեն մի փոքր գործով հետաքրքրվեր, բայց ամեն դեպքում այդ հաշվետվողականությունն այն ժամանակ էլ կար: Ասենք օրինակ` քանի ամուսնալուծություն, քանի գույքի վեճ և այլն:

– Վերադառնալով կիրակի օրվա Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, ի՞նչ կասեք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիկնապահները ուշացած ներխուժեցին եկեղեցի և մարդկանց հրմշտելով մոտեցան խորանին: Հավատացյալ մարդն իրեն այդպե՞ս է պահում: Ի դեպ` կապ ունի՞, թե աղոթքը եկեղեցու որ մասից է հնչում: Նիկոլ Փաշինյանը գուցե վախենում էր, որ Աստված իր աղոթքները եկեղեցու հետեւի հատվածից չի լսի….

– Ցավոք, շատերը այդ տոնին ուղղակի նայում են զուտ որպես ծաղկազարդ, գնում են եկեղեցի, դրսից մի երկու ճյուղ-մուղ են առնում և հեթանոսի պես այն տանում են օրհնելու, որ տանեն տուն, բայց այդ տոնը նախ խորհրդանշում է խոնարհություն:

Պատկերացրեք, որ խոնարհության պատարագի ժամանակ ինչ-որ մեկը բիրտ ուժով մտնում է եկեղեցի, այն դեպքում, երբ այդ օրը Հիսուսը Երուսաղեմ մտավ ավանակի վրա նստած: Գուցե այդ 18-ամյա երեխան տրվեց գայթաղկությանը, բայց ո՞վ էր առիթը գայթակղության: Նույնիսկ եթե դատավորը վախենում է այդ գայլի աչքերից և նման որոշում է կայացնում, ապա նա պետք է դատավորին ասեր` մի կալանավորիր, մի գնա այդ քայլին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ժողովուրդ ջան, մի՞թե հաշտ ենք այս ամենի հետ․ Չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք

Ժողովուրդ ջան, մի՞թե հաշտ ենք այս ամենի հետ․ Չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք Fri, 10 Jul …