Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան
Thu, 29 Oct 2026 23:51:51 +0400

Լրագրող, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը գրել է․
Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները, նրա յուրաքանչյուր հայտարարության հետ, օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում։ Ապրիլյան հեղափոխոության օրերին «բռնությունը մեր երկրում այլևս տեղ չունի» կոչով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցում ուղղակի աջակցություն հայտնեց ԱԺ-ում ծեծկռտուք հրահրող, «աթոռով, թե ինչով» ընդդիմությսն վրա գրոհող ՔՊ խմբակցության անդամների բռնության գործողություններին։
2018թ․ մայիսի 8-ին, «վարչապետի համաժողովրդական թեկնածու» Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր․ «Ուզում եմ համաժողովրդական շարժման անունից ասել, որ ատելությունը և ատելության քարոզը մեր ոճը և ոճաբանությունը չէ, և մեր համոզմամբ՝ Հայաստանում չպիտի տեղ լինի նման երևույթների համար»։
Մինչդեռ իր կառավարման ութ տարիների ընթացքում Փաշինյանն ինքն է դարձել ատելության աննահանջ քարոզիչը՝ պետական բարձր ամբիոններից անվերջ ատելություն սփռելով։
Նիկոլ Փաշինյանն իրականում իր թիմակիցների բռնությանն աջակցում է ոչ միայն այն պատճառով, որ նրանք արարագորեն նմանվում են իրեն, այլ նախևառաջ այն պատճառով, որ այդ բռնության և ծեծկռտուքի մեջ նա իր իշխանության հենարանի ամրությունն է ստուգում։ Դա միակ բանն է, որ նրան հետաքրքրում է․ իր իշխանության ամրությունը և թիմակիցների հուսալիությունը։ Այսօր ՔՊ խմբակցության բռնության գործողություններում Նիկոլն առաջիկա մի քանի շաբաթների համար ստուգեց այդ ամրությունը։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այստեղ ևս անսպասելի ոչինչ չկա․ եթե երկրում համապետական ընտրություններն ապաքաղաքական են, ապա չկան նաև քաղաքական քննարկումներ, քաղաքական պայքար, քաղաքական միտք և օրակարգ, ինչի հետևանքով ապաքաղաքական ընդդիմությունն այսպես թե այնպես դառնում է իշխանության օրակարգի մասնակից, իսկ այդ օրակարգը հենված է Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի և նրա կողմից քաջալերվող բռնության գործողությունների վրա։
Եվ թեպետ Նիկոլ Փաշինյանն աստվածավախ չէ, բայց նույնիսկ աստվածամերժերի համար Աստվածաշնչյան բանաձևումը հստակ է՝ «Քամի սերմանողը փոթորիկ կհնձնի»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր