ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ (սերիալ, որի սցենարիստը վաղուց թոշակի է անցել, բայց դերասանները դեռ չեն հասկացել)։
Տարիներ շարունակ նույն սերիալն է։
Նույն դեմքերը, նույն խոսույթը, նույն մեղադրանքները, նույն վիրավորված հայացքները, նույն «դուք եք մեղավոր»-ները։
Մի սերիայում՝ — Դուք եք երկիրը հասցրել այս վիճակին։
Հաջորդում՝ — Ո՛չ, դուք եք։
Հետո՝ — Իսկ դուք 2018-ին ի՞նչ էիք անում։
Հաջորդ սերիայում՝ — Իսկ դուք դրանից առաջ ի՞նչ էիք անում։
Ու այդպես՝ սերիայից սերիա, նստաշրջանից նստաշրջան, տարուց տարի։
Սյուժեն վաղուց կարելի է չնայել․ միևնույն է՝ վերջում բոլորը հայտարարելու են, որ ժողովուրդը ամեն ինչ տեսնում է։
Ժողովուրդը, ի դեպ, այնքան բան է տեսել, որ արդեն սերիալի դերասաններից ավելի լավ գիտի սցենարը։
Քաղաքական դերասանական կազմն էլ առանձնահատուկ է։
Նախընտրական շրջանում սցենարը սովորում են, ելույթները մարզում, ժեստերը մշակում, հայրենասիրական դադարները ճիշտ տեղում պահում…
Բայց ԱԺ ամբիոն բարձրանալուն պես՝ վերջ։
Իմպրովիզացիա։
— «Ես ձեզ հիմա մի հարց կտամ»։ — «Դուք չգիտեք»։ — «Մենք գիտենք»։ — «Ժողովուրդը գիտի»։ — «Դուք ժամանակին…»։
Եվ երբ փաստարկներն էլ են վերջանում, սկսվում է հայկական քաղաքական բանահյուսության ամենահզոր ժանրը՝
էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ դիվանբաշուն։
ԱԺ-ն վաղուց ոչ թե քաղաքական բանավեճի, այլ կոլեկտիվ նյարդային պոռթկման բեմ է հիշեցնում։
«Աքլորակռիվը» ամենուր է՝ բոլոր նստաշրջաններում, բոլոր ժամանակներում, բոլոր կողմերից։
Փոխվում են միայն աթոռների դասավորությունը, խոսափողները և մեղադրանքի հասցեատերերը։
Իսկ դերասանները հիմնականում նույնն են։
Միակ բանը, որ հաստատ զարգացել է այս սերիալում, սերիաների քանակն է։
Եվ ամենահետաքրքիրն այն է, որ դերասանները դեռ շարունակում են խաղալ այնպես, կարծես հանդիսատեսը առաջին անգամ է տեսնում։
Չէ՛, սիրելիներս։
Մենք արդեն սցենարը անգիր գիտենք։
Պարզապես, ցավոք, այս սերիալում «վերջին սերիա» կոճակ չկա։
Ու ամեն անգամ, երբ թվում է՝ գուցե վերջապես փոխվի սյուժեն, էկրանից լսվում է հերթական ծանոթ ձայնը․
— Դուք եք մեղավոր։
Եվ հասկանում ես՝ նոր սեզոն է սկսվել։
Արիս Քարամյան
Source: USAArmenia
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր