Նոր պատմական դրամա, որն արժե դիտել
Thu, 29 Oct 2026 21:00:17 +0400

Այսօր ռուսական կինովարձույթ դուրս կգա «Կայսրության ծնունդը» նոր պատմական դրաման՝ նվիրված ռուսական ցարի` Պյոտր 1-ին կայսեր ժամանակաշրջանին, երբ Ռուսաստանը վերածվում է կայսրության։ Նախագիծը պատմում է 18-րդ դարասկզբին Ռուսաստանում ծավալվող դեպքերի մասին, երբ երիտասարդ միապետը տեւական պատերազմ է սկսում Շվեդիայի դեմ, որպեսզի իր երկրի համար ապահովի ելք դեպի Բալթիկ ծով։ Սյուժեի հիմքում ոչ միայն ռազմական արշավն է, այլ նաեւ այն մեծածավալ փոփոխությունները, որոնք Պյոտր Մեծն իրականացնում է Ռուսաստանում։ Նարվայում 1700 թվականին կրած պարտությունից հետո Պյոտր Մեծը սկսում է վերակառուցել բանակը, ստեղծում է հզոր նավատորմ՝ հաղթահարելով հին վերնախավի դիմադրությունն ու ամրացնելով իր իշխանությունը։ Փորձություններ, հիասթափություններ, խաբեություններ եւ դավաճանություններ։
Այս ամենն ուղեկցում է երիտասարդ ցարին մինչեւ 1709 թվականին Պոլտավայի մոտ տարած հաղթանակը եւ Ռուսական կայսրության հռչակումը։ Պյոտր Մեծի կերպարը մարմնավորել է Ալեքսանդր Գորբատովը, Ալեքսանդր Մենշիկովինը՝ Միլոշ Բիկովիչը։ Հանդես են եկել նաեւ Յուլյա Պերեսիլդը, Ալեքսեյ Գուսկովը, Վիկտոր Դոբրոնրավովը եւ ուրիշներ։ Ռեժիսորն է Անդրեյ Կրավչուկը, որը հայտնի է իր պատմական նախագծերի իրականացմամբ։ Սցենարը գրել է Անդրեյ Զոլոտարյովը։ Նկարահանումներն ընթացել են Ռուսաստանի պատմական մի շարք քաղաքներում՝ Պետերբուրգ, Մոսկվա, Տուլա եւ այլն։ Ֆիլմը, ի դեպ, արդեն ստացել է պետական իշխանությունների «օրհնությունը» եւ, վստահաբար, առաջ է մղվելու պետությանը հասանելի բոլոր տարբերակներով։ Նկատենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ռուսական իշխանությունները մեծ շրջադարձ են կատարել դեպի իրենց պատմություն, եւ ռուսական պատմական հաղթական ու վերելքների ժամանակների պատմությունը հաճախ է էկրանավորվում ու մատուցվում հանդիսատեսին։ Երիտասարդ սերնդին եւս այդ ոգով են փորձում դաստիարակել` հայրենասիրության, հայրենիքի պաշտպանության զգացումներ արթնացնելով ու խրախուսելով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր