Օգնենք կարիքի մեջ գտնվող երեխաներին
Thu, 29 Oct 2026 20:50:43 +0400

Մինչ իշխանությունը վստահեցնում է, որ Արցախից բռնի տեղահանվածների համար արվում է ամեն ինչ՝ նրանց սոցիալական վիճակը բարելավելու նպատակով, սակայն իրականում այդպես չէ՝ վիճակը վատ է, և օրեցօր վատթարանում է։
Մեր խմբագրությունը պարբերաբար անդրադառնում է արցախցիների անհատական խնդիրներին։ Գրեթե բոլոր հրապարակումներն արձագանք են գտնում, մեր ընթերցողները կապ են հաստատում կարիքավոր մարդկանց հետ՝ օգնելով մեղմել նրանց սոցիալական խնդիրները։
Այդ ընտանիքներից մեկն էլ Լիանա Ոսկանյանի ընտանիքն է, որի մասին մի անգամ գրել ենք․ Լիանան ունի վեց անչափահաս երեխա՝ 4-ից 17 տարեկան։ Նրանցից փոքրը՝ Ավետիսն աուտիզմ ունի։ Լիանան իր և երեխաների գոյությունն ապահովում է պետության կողմից հատկացվող չնչին թոշակով ու նպաստով, որից վերջերս զրկվել է։ Ստացվող թոշակն էլ հազիվ բավականացնում է տան վարձը վճարելու համար։ Նպաստն էր հաց գնելու միակ հույսը՝ կտրել են։ Նա չի կարողանում մշտական աշխատանք գտնել, քանի որ միայնակ է հոգում երեխաների խնդիրները, իսկ փոքրիկին շաբաթական մի քանի անգամ պետք է մասնագետի մոտ տանի։
Ընտանիքը տեղեկացել է, որ այն տան վարձը, որտեղ այս պահին բնակվում են, մոտ ժամանակներս կրկին բարձրանալու է։ Լիանան չգիտի, թե ինչպես են հաղթահարելու սպասվող ձմեռը և դրա բերած դժվարությունները։ Նա հոգնել է, հուսահատ է՝ վեց տարի շարունակ ամեն օր նման խնդիրների է բախվում։
Մեզ հետ զրույցում Լիանան նշեց, որ դիմել է մի քանի պետական մարմինների, սակայն հույս չունի, որ իր խնդիրները լուծում կստանան։ Ավագ երեխան մոտ ժամանակներս կդառնա 18 տարեկան, և կզորակոչվի բանակ, ինչը նոր դժվարությունների կառաջացնի։
Հարգելի ընթերցողներ, անտարբեր մի՛ եղեք այս ընտանիքի նկատմամբ։ Օգնեք Լիանային, որ ընտանիքը գոյատեւի, երեխաներն իրենց անտեսված չզգան։
Լիանայի հեռախոսահամարն է՝ 094277773
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր