«Հրապարակ». 53 տարվա դասախոսը դատի է տվել քոլեջի տնօրենի ԺՊ-ին
Wed, 27 May 2026 12:45:24 +0400

Իջեւան քաղաքի բնակիչ Զավեն Ալավերդյանը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Նալբանդյան 5 հասցեում գործող Տավուշի Պատրիկ Տեվեճեան տարածաշրջանային քոլեջ-հիմնադրամի։ Հայցադիմումի պահանջն է՝ կարգապահական տույժն անվավեր ճանաչել։ Քաղաքացիական հայցն ընդունվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթ եւ մակագրվել է դատավոր Նարինե Անանյանին։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում եմ, որ այդ գործով դեռեւս դատական նիստ նշանակված չէ։ Իջեւանի պետական քոլեջի երկարամյա դասախոս, գրող, լրագրող Զավեն Ալավերդյանը Ֆեյսբուքում բաց նամակ է հղել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պետ Գարեգին Խաչատրյանին, այն մասին, որ Տավուշի Պ․ Տեվեճեան տարածաշրջանային քոլեջ-հիմնադրամի տնօրինությունը դասերի ընթացքում փակում է քոլեջի բոլոր ելքերը՝ շուրջ 350 ուսանողներին եւ 80 աշխատակիցներին թողնելով արտակարգ իրավիճակների վտանգի տակ՝ հրդեհ, երկրաշարժ եւ այլն։ Նա խնդրել է ձեռք առնել համապատասխան միջոցառումներ՝ այս վտանգավոր իրավիճակն ի չիք դարձնելու համար։ Զ. Ալավերդյանի բաց նամակից եւ դրա վերաբերյալ «Հրապարակում» հոդվածի հրապարակումից հետո քոլեջի տնօրենի պաշտոնակատար Մարգարիտ Պողոսյանը Զ․ Ալավերդյանին պաշտոնական գրություն է ուղարկել, որում հանդիմանել է նրան այն բանի համար, որ նա Ֆեյսբուքում գրառում է արել՝ դրանով «խաղալով քոլեջի հեղինակության հետ»։ Զ․ Ալավերդյանը պատասխան գրությամբ հերքել է, հայտնել, որ նման նպատակ, մտադրություն չի ունեցել, նշել, որ իր նպատակը եղել է խնդրի լուծումը։
Զ․ Ալավերդյանը մեզ հայտնեց, որ մայիսի 7-ին ստացել է քոլեջի տնօրենի պաշտոնակատար Մարգարիտ Պողոսյանի գրությունը, որով նա հայտնել է, որ քոլեջի դռները դասերի ժամանակ փակում են կարգապահության նպատակով։ Այդ գրության մեջ Զ․ Ալավերդյանին ուղղված մեղադրանք կա, որ նա մի անգամ քոլեջի ուսանողներին դասաժամի ավարտից 10-15 րոպե շուտ է դուրս թողել։ Տնօրենի պաշտոնակատարը, հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223 հոդվածի 1-ին մասին եւ քոլեջի ներքին կարգապահական կանոններին, Զ․ Ալավերդյանի նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ՝ նկատողություն։ 53 տարվա դասախոս Զ․ Ալավերդյանն ինձ հայտնել էր, որ վիճարկելու է իրեն նկատողություն հայտարարելու տնօրենի պաշտոնակատարի որոշումը: Զ․ Ալավերդյանը դասերի ժամանակ քոլեջի դռները բանալիով փակելու, ուսանողների եւ քոլեջի աշխատակազմի կյանքը վտանգելու խնդրի վերաբերյալ համացանցում բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն արձագանք չի եղել։ Ալավերդյանը հայտնեց նաեւ, որ դասերի ժամանակ կրթօջախի դռները փակելու խնդիրը գոյություն ունի նաեւ Իջեւան քաղաքի հանրակրթական այլ դպրոցներում։ Տավուշի մարզի դպրոցները, բացառությամբ ավագ դպրոցների եւ վարժարանների, գտնվում են Տավուշի մարզպետի աշխատակազմի անմիջական ենթակայության տակ։
Ապրիլի 17-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական շատ դպրոցներում դասերի ժամանակ դպրոցի դռները բանալիով փակում են, ինչն արտակարգ իրավիճակների (երկրաշարժ, հրդեհ եւ այլն) դեպքում աշակերտների էվակուացիայի համար դժվարություններ կհարուցի։ Դուք, մարզպետի աշխատակազմն ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել այդ դպրոցների տնօրենների նկատմամբ»։
Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արմեն Գեւորգյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Հայտնում եմ, որ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը նման տեղեկատվություն չի ստացել»։ Տավուշի մարզպետարանն էլ, այդ դպրոցներն էլ գործում են Իջեւան քաղաքում, սակայն մարզպետի աշխատակազմն անտեղյակ է կամ այդպիսին է ձեւանում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր