Իրանը մերժել է 48–ժամյա հրադադարի վերաբերյալ ԱՄՆ–ի առաջարկը․ ԶԼՄ
Sat, 04 Apr 2026 13:00:52 +0400
Իրանը մերժել է ԱՄՆ–ի առաջարկը կարճաժամկետ հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի 2–ին ԱՄՆ-ն բարեկամ երկրի միջոցով առաջարկել է 48-ժամյա հրադադար։
«Իրանի պատասխանն այս առաջարկին տրվել է ոչ թե գրավոր, այլ մարտադաշտում՝ շարունակելով ծանր հարձակումները», – նշել է աղբյուրը։
Fars-ը նաև նշում է, որ հրադադարի հասնելու ԱՄՆ դիվանագիտական ջանքերը ակտիվացել են այն բանից հետո, երբ Իրանը հարվածել է Քուվեյթի Բուբիյան կղզում գտնվող ամերիկյան ռազմական պահեստին։
Նախկինում The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Պակիստանի գլխավորությամբ միջնորդների կողմից հրադադարի հասնելու ջանքերը փակուղի են մտել։
Հրատարակության տվյալներով՝ Թեհրանը հրաժարվում է առաջիկա օրերին Իսլամաբադում հանդիպել ամերիկացի ներկայացուցիչների հետ և Վաշինգտոնի պահանջները համարում է անընդունելի։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել միջազգային հանրությանը պարզել, թե ով է իրականում կողմնակից երկխոսությանը՝ Իրա՞նը, թե՞ Միացյալ Նահանգները։