Դատավորները հավաքվում են․ ինչ են քննարկելու
Sat, 04 Apr 2026 13:15:23 +0400
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի որոշմամբ մայիսի 5-ին դատավորների ընդհանուր ժողով է գումարվելու, օրակարգում՝ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների ընտրությունն է։
Պարզվում է՝ փոփոխություններ են տեղի ունեցել, 2-ով ավելացվել է հանձնաժողովի անդամների թիվը, եւ ընդհանուր ժողովին պետք է նրանց ընտրեն։ Բացի այդ, 10 օր առաջ հանձնաժողովից դուրս գալու դիմում է ներկայացրել հայտնի փաստաբան Հարություն Հարությունյանը, որը ակտիվ դերակատարություն է ունեցել հանձնաժողովում, պատճառն այն է եղել, որ օրենսդրական փոփոխություն է եղել, որի համաձայն՝ հանձնաժողովի անդամը չի կարող փաստաբանությամբ զբաղվել, կամ պետք է հեռանա, կամ թողնի փաստաբանությունը։ Հարությունյանը նաեւ վերջերս հայտ ներկայացրեց քաղաքականությու մտնելու․ նա իր առաջնորդած «Նոր դարաշրջան» կուսակցությունով «Ուժեղ Հայաստանի» եւ «Հայաստանը ես եմ» կուսակցության հետ դաշնիքով մասնակցելու է առաջիկա ընտրություններին։
Եւ մայիսի 5-ին դատավորների ընդհանուր ժողովում ընտրվելու է նաեւ նրա փոխարեն մեկ այլ անդամ։
Հանձնաժողովը կարևոր գործառույթ ունի․ ինչպես արդարադատության նախարարությանը, այնպես էլ նրանց կարող են դիմել՝ դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար։ Պրակտիկան ցույց է տվել այն առավել քան օբյեկտիվ, անաչառ է, քան, օրինակ, նախարարությունը, որը «կարգապահակնների» գերակշիռ մասի հարուցողն է։