ՔՊ-ականները գժության ու անպատկառության նոր մաստեր-կլասներ են ցուցադրում
Sun, 05 Apr 2026 09:00:18 +0400

Մինչ ադեկվատ մարդիկ փորձում են բացատրել ՀՀ քաղաքացիներին, թե ինչ վտանգներ է պարունակում ՔՊ-ի իշխանության մնալը Հայաստանի ու կոնկրետ յուրաքանչյուր հայի համար, ՔՊ-ականները գժության ու անպատկառության նոր մաստեր-կլասներ են ցուցադրում, փորձում հերթական «պարտությունը» հաղթանակ ներկայացնել:
Սրանց թվում է, թե գազի գնի բարձրացման, Հայաստանից Ռուսաստան արտահանման կրճատման, ատոմակայանի, երկաթուղու, միջանցքի մասին Պուտինի և Օվերչուկի շատ ուղիղ հնչեցրած սպառնալիքներն ընդամենը կատակ են ու իրենք էլ էնքան ինքնիշխան ու դուխով տղերք են, որ ի պատասխան կսպառնան, թե` դուրս կգանք ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, Պուտինի ոտները կթուլանան ու հետ կանգնի իր մտադրություններից:
Սրանք անգամ չեն պատկերացնում, թե ինչ կրակի հետ են խաղում և այդ սպառնալիքների թեկուզ կեսի իրականացումն ինչ կնստի մեր պետության ու ժողովրդի վրա: Նռնակը ձեռքին կապիկը սրանց համեմատ ողջախոհության մարմնացում է: Նույն անմեղսունակությամբ արդեն մեզ պարտության են տարել, կյանքեր խորտակել, հողեր հանձնել…
8 տարին ավելի քան բավարար ժամանակ է, որ մեր ժողովուրդը հասկացած լիներ, որ սրանք զրո պատասխանատվությամբ և զրո քաղաքական խոհեմությամբ իշխանություն են: Վաղը երբ գազը եռապատիկ թանկանա, ապա բոլոր արտադրությունները Հայաստանում կանգնեն..շղթայական ռեակցիայով կյանքը կանգ կառնի Հայաստանում: Ոչինչ չեք արտադրի, ոչինչ չեք արտահանի, մասսայական կրճատումներ կլինեն, ով էլ կաշխատի`աշխատավարձն ու թոշակը ցամաք հացի էլ չեն բավարարի…
Եվ բոլոր նրանք, ովքեր հանգիստ են տարել Արցախի կորուստը` որովհետև արցախցի չեն, պատերազմի զոհերը` որովհետև մերձավոր չեն կորցրել, քաղբանտարկյալների գոյությունը` որովհետև իրենց տնից կալանավոր չունեն, եկեղեցու դեմ արշավը` որովհետև անհավատ են ու «տերտերներին չեն սիրում»…այդ աղետից փրկվելու հնար չեն ունենալու: Տնտեսական կոլապսը, գներն ու թանկացումները բոլորին են վերաբերվելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը բոլորի կյանքն է խաթարելու…
Կարո՞ղ է արևմուտքը չեզոքացնել այդ վտանգները: Անշուշտ ոչ: Որովհետև արևմուտքը մեզ գազ և էներգիա չի տալու, աշխատանքով չի ապահովելու, բարեգործություն չի անելու…միայն ցավակցելու է, ինչպես արեցին Արցախի դեպքում:
Որպեսզի հասկանանք, թե ինչ անպատասխանատու ու տխմար իշխանության հետ գործ ունենք, մի փոքրիկ դրվագ եմ ուզում հիշեցնել. 2023-ի նոյեմբերին Լարսը քաղաքական պատճառներով փակվել էր, վարչապետի աշխատակազմի ղեկավար կոչվող բույսը ստատուս էր գրել, թե` «Լարսի անցակետը փակվելը մեզ վրա չի ազդի, եթե մեր բիզնեսը նոր շուկաներ գտնի»: Այս պոռոտախոսներին թվում է, թե շուկա բացելը կուկուռուզ եփել -ծախելու նման մի բան է: Սրանք անգամ չեն հետևում Վիճակագրական տվյալներին: Այս 3 տարում որևէ նոր շուկա գտե՞լ եք, որևէ նոր արտադրություն ստեղծվե՞լ է: Գոնե գիտե՞ք ինչքան է կրճատվել Հայաստանից արտահանումը դեպի այլ շուկաներ և ինչքան է մեծացել մեր կախումը ռուսական շուկայից:
Բայց ես համոզված եմ, որ եթե արտահանումը մի օր լրիվ դադարի, ռուսական շուկան էլ ամբողջությամբ փակվի, բիզնեսներ ոչնչանան, ՀՀ բյուջեն անգամներով կրճատվի, սրանց վեջը չի լինի, կասեն` ռուսներն են մեղավոր, մենք մեղք չունենք ու…կշարունակեն կրճատված բյուջեից ճոխ պարգևավճարներ ստանալ, իսկ մյուսները թող կոտորվեն…
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր