Ստի ու մահվան անարգ պարտությամբ ամենուր խայտա կյանքը Հարության, լույսի հաղթության. Բագրատ Սրբազան

Ստի ու մահվան անարգ պարտությամբ ամենուր խայտա կյանքը Հարության, լույսի հաղթության. Բագրատ Սրբազան

Sun, 05 Apr 2026 09:45:22 +0400


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավայրում բանաստեղծություն է գրել՝ Ճրագալույցի նախօրեին.

«Լույսի մի շողիկ, մի փոքրիկ լուսնիկ

Ինձ այցի եկավ:

Այնքա՜ն ջերմացնող, այնքա՜ն մտերմիկ`

Հուրհրան, ժպտուն, թրթռուն խաղով,

Իր անմեկնելի, անեզր սիրով:

Տաք զրույցի ենք նստել սիրտ առ սիրտ…

Ոչ ինքն է ուզում հեռանալ ինձնից,

Եվ ոչ էլ ես եմ ցանկանում թողնել, որ

Վերադառնա իր Արեգակին:

Շշնջում է ինձ, թե շառավիղն է Լույս Գերեզմանիդ,

Որ այսպես հուշիկ այցի է գալիս յուրաքանչյուրին,

Քո լույս Հարության համբույրի սիրով,

Զնգուն ծիծաղով առավել կյանքի:

Խուցս դարձրած մի նոր Էմմավուս.

Ինձ ճանապարհորդ հրաշք հանդիպման,

Պատմում էր անհագ սիրո հեղեղով,

Առավել ներկա, քան նույնիսկ ներկան,

Անցքերի մասին անցյալ չդարձած,

Սրտիս քարայրում քնքուշ պեղելով,

Մի անկյուն գողտրիկ կյանքի խորհրդի

Լույս Գերեզմանիդ:

Արցունքի նման կաթկթող լույսով,

Իմ լույս շողիկը

Խաչիդ ճամփան է փռում իմ առջև…

Հառնում է կրկին հայացքդ թախծոտ,

Հանդարտ ու վսեմ,

Տարածուն` դեպի հորիզոնները հավիտյանների:

Ժպիտ կա դեմքիդ` լուսավոր ծորուն,

Թևերդ բացված լայն ու ընդարձակ`

Հրավիրելով Սիրո Հանդեսի:

Ինչպես ասել է մի մեծ իմաստուն`

Քո իսկ խոսքերից հյութեղեն քամված.

-Ով մահ է փնտրում, նա է կյանք գտնում…

Փշե պսակիդ արյան շիթերի

Ամեն կաթիլը մի պատմություն է

Խտացած կարմիր,

Դժնի մատնության, ուրացման, ստի,

«Սիրո համբույրի» դավաճանական,

Կաշառված հոգու, ծախված երազի,

Շարունակ խորհուրդ երեսնարծաթյա

Առք ու վաճառքի` վաճառված կյանքի:

Լքված, միայնակ ներում ես հայցում

Ամենքի համար,

Առանց բաժանման, առանց խտրանքի…

Նույնիսկ այդ պահին, երբ հառաչեցիր.

«Արդ կատարեալ է»,

Երբ քացախային դառնահամ լեղին,

Հոգով ըմպեցիր մինչև ցմրուր,

Գամերիդ ցավից առավել ծաղկեց

Սերդ Սիրողիդ…

Ախորժելի է, պատիվ է Քեզ հետ,

Քեզ համար լինել խաչիդ խաչակից,

Տառապանք կրել, զրկանք ու կապանք,

Քան թե

Քո փառքին և արքայության լինել փառակից:

Ձեռքիցս բռնած լույսիկն իմ շողիկ,

Ինձ այցի բերեց Լույս Գերեզմանիդ…

Գերեզման, որից կյանք է ճառագում.

Վերստին ծնունդ, ոչ մահվան խորհուրդ,

Բաբախուն մի սիրտ ողջերից էլ ողջ,

Մերժած թե’ մահը, թե’ մեռելություն:

Յուղաբեր կանանց նման երկյուղած,

Ուզում եմ լսել ձայնը, թե «Յարեա՜ւ»,

Ուզում եմ ապրել կյանքը, որ «Յարեա՜ւ»:

Խուցս վերածած նոր Էմմավուսի,

Հրաժեշտ տվեց իմ լույս շողիկը`

Քաղցր համբույրը դաջելով սրտիս…

-Ա՜յ լույսիկ, լուսնիկ, քաղց լույս շողիկ

Հարազատ դարձած,

Ընկեր բարեկամ, հուրհրան կյանքի,

Արփի անվախճան ու անդավաճան:

Իմ համբույրն էլ տուր ողջ տիեզերքին,

Լույսդ ու ձայնդ հասնի ամենքին,

Երկնքին, երկրին, մեծին ու փոքրին:

Այն ուրախությամբ, որ տվել ես ինձ

Աշխարհս Հայոց լեզվի խնդությամբ,

Սիրո բերկրանքով, հույսի ցնծությամբ,

Հավատքիդ կանչով, ձայնով հաշտության,

Վախի, կեղծիքի, ստի ու մահվան

Անարգ պարտությամբ

Ամենուր խայտա կյանքը Հարության

Լույսի Հաղթության»։

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

04.04.2026

Ճրագալոյց Սբ Յարութեան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեկ խելագար կոչնչացնի ամերիկյան մեծ բանակը. ԱՄՆ ԳՇ նախկին պետ

Մեկ խելագար կոչնչացնի ամերիկյան մեծ բանակը. ԱՄՆ ԳՇ նախկին պետ Sun, 05 Apr 2026 16:30:41…

9 րոպե ago

Ջովաննա Անտոնելին անճանաչելի փոխվել է․ դերասանուհու նոր լուսանկարները զարմացրել են․ (լուսանկարներ)

Ջովաննա Անտոնելին անճանաչելի փոխվել է․ դերասանուհու նոր լուսանկարները զարմացրել են․ (լուսանկարներ) Sun, 05 Apr 2026…

24 րոպե ago

Հրաբխի ժայթքումը կարող է վնասել երկրի ողջ էլեկտամատակարարման համակարգը

Հրաբխի ժայթքումը կարող է վնասել երկրի ողջ էլեկտամատակարարման համակարգը Sun, 05 Apr 2026 16:00:32 +0400…

39 րոպե ago

Գյումրու Յոթ Վերքում` աննախադեպ հոսք․ Աջապահյանի ներկայությունը լցրել է եկեղեցին

Գյումրու Յոթ Վերքում` աննախադեպ հոսք․ Աջապահյանի ներկայությունը լցրել է եկեղեցին Sun, 05 Apr 2026 15:45:35…

54 րոպե ago

Հայտնի է Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարի թեկնածուի անունը

Հայտնի է Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարի թեկնածուի անունը Sun, 05 Apr 2026 15:30:08 +0400 «Միլանի»…

1 ժամ ago

Արցախի դրոշը՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում. ով է տեղադրել, ինչո՞ւ

Արցախի դրոշը՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում. ով է տեղադրել, ինչո՞ւ Sun, 05 Apr 2026 15:15:12…

1 ժամ ago