Հայաստանի ամենամեծ երաշխավորը
Sun, 05 Apr 2026 19:45:58 +0400
Սուրբ Զատիկի տոնի նախօրեին ՔՊ-ն արտահերթ համաժողով էր անում և նախընտրական ցուցակ հաստատում: Բայց վաչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը լրագրող Նիկոլ չէր լինի, եթե իրական կամ մտացածին պատմությամբ չանդրադառնար հավատացյալների ամենամեծ տոնին: Ինչևէ, վերջինս ներկայացրել է ժամանակին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ ունեցած երկխոսությունը: Ես էլ որոշեցի բաց նամակի ժանրով արձագանքել նրա ասածներին (https://www.youtube.com/watch?v=TLwpPm55ykA&t=10s):
Նիկոլ, դու չարաչար սխալվում ես, մենք չենք կարող «ուղղակի կամ պարզապես ապրել, պարզապես պետություն ստեղծել»: Որքան էլ դա ցանկանաս, չենք կարող: Չենք կարող, որովհետև պարտությամբ խաղաղություն մուրալը չի հանգեցնում խաղաղության: Հատկապես այն ցեղի մոտ, որի ներկայացուցիչն է մեր թշնամին: Նա ցանկանում է մեզ վերացնել այստեղից ու դա չի էլ թաքցնում՝ թքած ունենալով միջազգային օրենքների ու արդարության վրա: Այնպես որ պարզապես ապրելու համար դեռևս պետք է ունենալ թշնամի պետության ղեկավարի համաձայնությունը: Իսկ նա նման համաձայնություն չի տվել, չի տալիս ու տալու մտադրություն չունի: Որպեսզի չունենայինք նման համաձայնություն, պետք է ոչ թե ջարդեիր բանակի ոգին, տանեիր նրան խայտառակ պարտության, այլ պարտության մատնեիր թշնամուն: Պարտության մատնեիր մեկ անգամ, երեք անգամ, տասն անգամ, այնքան, որքան անհաժեշտ էր, որպեսզի նա մոռանար մեզ վրա հարձակվելու մասին:
Դու երևի մոռացել ես այդ երկրում հրապարակված նամականիշի մասին, որում ադրբեջանցին ավելով մաքրում էր Արցախը՝ շպրտելով դեպի Հայաստան: Դա այն ժամանակ էր, երբ քեզ համար Արցախը Հայաստան էր: Ու չնայած դրան, հենց քո շնորհիվ նա հասավ այդ նպատակին: Հիմա էլ ցանկանում է Հայաստանը մաքրել հայերից, որպեսզի մեր հայրենիքի այս վերջին կտորի վրա բնակեցնի իր ժողովրդին: Կեղծ հիմնավորում տալով, թե ինքը վերականգնել է պտմական արդարությունը՝ իր ժողովրդին վերադարձնելով «արևմտյան ադրբեջանը»: Իսկ դա այն երևույթն է, ինչը քեզ համար կարմիր լաթի դեր է կատարում:
Ի դեպ, ինչպես երևում է, Ֆրանցիսկոս պապը խելացի անձնավորթյուն է եղել: Խելացի չլիներ՝ 105 կարդինալի միջավայրում 5 քվեարկության արդյունքում չէր ընտրվի: Հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դրանց բացարձակ մեծամասնությունը ցանկանում էր ինքն ընտրվել: Խելացի չլիներ, չէր հարցնի, թե ինչով եք զբաղվելու: Որովհետև պարզապես ապրելու կամ պարզապես պետություն ստեղծելու համար անհրաժեշտ են պայմաններ: Իսկ դրանք քո շնորհիվ վերացել են: Եթե թշնամին ցանկանում է մեզ վերացնել մեր հողից, ապա նա չի թողնի, որ մենք պարզապես ապրենք: Ու դա բավարար չի, մի հատ էլ պետություն ստեղծենք: Քեզ թվում է, թե գտել ես թշնամու հետ ապրելու բանաձևը: Բայց մարդկությունը դրա ճիշտ հակառակ տարբերակն է կյանքի կոչում այնքան ժամանակ, որքան գոյություն ունի ինքը: Ու դու Աստված չես (մեղա, Տեր), որպեսզի փոխես այն, ինչ ստեղծվել է մարդկային բնույթի շնորհիվ:
Ինչ մնում է պապի ասած՝ մեր՝ նահատակ ժողովուրդ լինելուն, ապա դա հաղթահարվում է ոչ թե խաղաղություն մուրալով, այլ պատերազմի դաշտում հաղթանակ տանելով: Այն, ինչ տեղի էր ունեցել երեք տասնամյակ առաջ ու վերահաստատվել էր 2016-ի ապրիլյան առաջին օրերին: Ու ինչի շնորհիվ մեր միջից աստիճանաբար դուրս էր գալիս ցեղասպանված լինելու բարդույթը: Ինչը դու զրոյացրիր՝ մինչ այդ մեզ խոստանալով համարյա թե երկրային դրախտ: Սակայն դրախտի փոխարեն քո շնորհիվ մեզ բախտ վիճակվեց անցնել դժոխքի միջով՝ կորցնելով բազմաթիվ արժեքներ:
Նիկոլին ուղղված բաց նամակս ավարտեմ ՀՀ ԱԺ նախագահ Սիմոնյան Ալենի անհեթեթ դատողությամբ: Ինչը, ենթադրաբար, միտված է եղել նիկոլական անհեթեթությունը «զարգացնելուն»: Ուրիշ ի՞նչ բնութագիր տանք «Ադրբեջանի անվտանգության ամենամեծ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը Ադրբեջանն է» հայտարարությանը։ Այսինքն, հայատյաց քաղաքականություն վարող Ադրբեջանի նախագահ Իլհամը՝ ո՛չ ավելի, ո՛չ պակաս, Հայաստանի անվտանգության ամենամեծ երաշխավորն է: Ենթադրում եմ, որ հենց այդ քաղաքականության շնորհիվ: Ինչ մնում է Ադրբեջանի անվտանգության ամենամեծ երաշխավորին, ապա, ի գիտություն Ալենի, ասեմ, որ դա Թուրքիան է: Այն եղբայրական պետությունը, որ ռազմական փոխօգնության պես համաձայնագիր է կնքել՝ միավորելով երկուսի ռազմական կարողությունները:
Իսկ ինչ մնում է Հայաստանին, ապա Նիկոլի օրոք այն ընդամենը մրջյուն է, որ ցանկության դեպքում, եթե հարմար լինի միջազգային արձագանքի առումով, տրորեն նույնիսկ առանց դա զգալու: Ու ինքը կորչի գնա՝ ո՜ւր մնաց, թե լինի Ադրբեջանի անվտանգության ամենամեծ երաշխավորը: