Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
Mon, 06 Apr 2026 16:40:42 +0400
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և պատրաստ է ներդրում ունենալ անհրաժեշտության դեպքում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ճեպազրույցի ժամանակ։
«Վրաստանը աջակցում է Հարավային Կովկասի երկրների միջև խաղաղ գոյակցությանը և կառուցողական համագործակցությանը, ինչպես նաև դրան ուղղված նախաձեռնություններին։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք դրական ներդրում ունենալ այդ հարաբերությունների զարգացման գործում», – ասել է Կոբախիձեն։
Նա նշել է Հարավային Կովկասի երկրների համագործակցության կարևորությունը տարածաշրջանի համար։ Վարչապետը նաև ընդգծել է Միջին միջանցքի աճող դերը աշխարհում տիրող իրավիճակի ֆոնին։
Հիշեցնենք` մարտի 4–ին Թբիլիսիում տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ Կոբախիձեն ընդգծել էր, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կարևոր է Վրաստանի համար, և երկիրը կանի ամեն ինչ տարածաշրջանում հետագա խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու համար։