Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ Առանց ամաչելու քարտեզը կտրտել, խփել է պիջակի վրա, դու ո՞վ ես, դո՞ւ ես այդ սահմանները գծել

«Հրապարակ»․ Առանց ամաչելու քարտեզը կտրտել, խփել է պիջակի վրա, դու ո՞վ ես, դո՞ւ ես այդ սահմանները գծել

Tue, 07 Apr 2026 09:15:49 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է դիվանագետ, վերլուծաբան Վարդան Հակոբյանը։

– Փաշինյան-Պուտին հանդի­պման ժամանակ ՌԴ նախագահի հնչեցրած կոշտ հայտարարություններից հետո արդեն առաջին քայլերն են արվում՝ Հայաստանից արտահանվող ծաղիկները կասկածի տակ են դրվել, թե արդյո՞ք դրանք ՀՀ-ում են արտադրվել, ու արգելվել է մուտքը ՌԴ։

– Պուտինի ասելով՝ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանը միջոց չէ՝ Ռուսաստանի հաշվին սպեկուլյացիա անելու համար: Այսինքն, եթե դուք ԵԱՏՄ անդամ եք, մենք թույլ ենք տալիս` տրանսպորտային կապը կա, շուկան կա, դա չի նշանակում, որ պետք է այդ շուկան ծակեք ու կողքից օգտվելով, այս կամ այն պետությունների ապրանքներ, առանց հարկվելու, վաճառեք ԵԱՏՄ շուկայում։ Դուք ծաղիկներից եք ասում, իսկ Թուրքիայից բերվող հսկայածավալ ապրանքները, որ գալիս են ու տարվում են Ռուսաստան, դրա դիմաց ո՞վ պետք է վճարի… եվրոպական որոշ ապրանքներ: Հայաստանը դարձել է տրանզիտ, ըստ էության, մաքսանենգությամբ են զբաղված` դրսի ապրանքները բերես եւ առանց հարկ վճարելու Ռուսաստանում վաճառես, դու դրանից օգուտ ստանաս, այդ երկրներն օգուտ ստանան: Սա առաջին անգամը չէ, քանի անգամ զգուշացրել են, հիշեք լոլիկների պատմությունը: Նույնը անում էր Մոլդովան, երբ որ Ռումինիայի միջոցով այդ ապրանքները բերում էր, հետո մտցնում ռուսական շուկա: Նույնիսկ Բելառուսն է նման բաներ արել, այդ ամեն ինչը ռուսները կասեցրին: Այստեղ հայ կամ բելառուս տարբերությունը չէ, բելառուսների նկատմամբ էլ է այդպես արվել, Էստոնիան էր դրանից չափազանց օգտվում: Մի ժամանակ կար, երբ Էստոնիան աշխարհում երկրորդ տեղն էր գրավում՝ գունավոր մետաղներ արտահանելու մասով, Հայաստանն էլ, այսինքն՝ կազմակերպել էին ռուսական հյուսիսից այդ ամբողջ հին, չօգտագործվող մետաղները կամ ինչ-որ ճանապարհով օգտագործվող, հանում էին դուրս, Էստոնիան, որ ինքը դրանք չուներ: Նույնը Լեբեդը կազմակերպել էր Սիբիրից, արտահանում էր նյութեր Հայաստանից դեպի Իրան: Նման բաներ եղել են, եւ Ռուսաստանն ասում է, որ դրանք կընդհատեմ: Իսկ դրանք շատ մեծ գումարներ են, որ նստում էին սրանց ձեռքում: Կամ այդ պարգեւավճարները, որ տալիս եք ձեր թիմի անդամներին, այդ գումարները որտեղի՞ց՝ Ռուսաստանի տարածքում մաքսանենգ ապրանքներ վաճառելու միջոցով, չէ՞ որ այդ ապրանքները չեն հարկվում:

– Այս դեպքում Փաշինյանի ու իր քաղաքական թիմի ինքնավստահությունն ինչո՞վ եք բացատրում, այսինքն՝ իրենք մտածում էին, որ ռուսները չեն հասկանում, թե ինչ է կատարվում, աչք են փակելու, որ Հայաստանն իրենցից օգտվում է, ու իրենց համար թշնամական Եվրամիություն են գնում:

– Հիշեք․ 2018 թվականին Պուտինը որ եկել էր Հայաստան, այդ ծաղրական վերաբերմունքը նրա նկատմամբ, հետո վազել օդանավակայան, փաթաթվելը եւ այլն, հիշո՞ւմ եք ժողովրդի մեջ ինչ էին տարածում՝ ասում էին, որ Փաշինյանն այնքան խելացի է, որ Պուտինին կռացրեց` այդ բառով եմ ասում, դուք հասկացեք` ինչ բառով էին ասում, որ մատների վրա ֆռռացնում է Պուտինին: Քաղաքական խուլիգանություն, առանց հասկանալու, որ Պուտինն այդքան մեծ տերության նախագահ է ու մեծ տերության հարցերով է զբաղված, եւ հիմա, որպեսզի չշեղվի ինչ-որ մի ճանճի տզզոցից, ուշադրություն չի դարձրել: Ինչպես ուշադրություն չի դարձրել որոշ այլ պետությունների կամ քաղաքական գործիչների նկատմամբ, բայց հիմա եկել է ժամանակը, եւ ասում է՝ տղա ջան, որոշել ես, որ գնում ես դեպի Եվրոպա, լավ, այդ դեպքում ես ասում եմ, որ դա մեր այս քաղաքականության հետ անհամատեղելի է:

– Իսկ դա ինչպե՞ս կազդի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա՝ հաշվի առնելով, որ ընտրություններ են առջեւում:

– Այս խոսակցությունից հետո` Պուտինի կողմից կարմիր գծեր ներկայացնելուց ու պահանջներ դնելուց հետո, ինձ թվում է, որ ոչ թե այս իշխանություններն ինչ-որ տեղ կփոխեն իրենց քաղաքականությունը, կասեն` լավ, էլ չենք անի, ոչ, հակառուսականությունը նոր թափ է ստանալու, որովհետեւ այդ մարդը՝ մարդ ասվածը, պարտավորվել է եվրոպացիների առաջ, պարտավորվել է թուրքերի առաջ: Թուրքերին ձեռք են տալիս այս հակասությունները, որ պետք է անպայման կտրի, խզի կապերը Ռուսաստանի հետ: Եվ սա ի՞նչ է անելու, ռուսաֆոբիան, հակառուսականությունն ուժեղացնելու է: Հիշեք․ մինչեւ ընտրությունները կլինեն ցույցեր դեսպանատան մոտ, հակառուսական միտինգներ: Մեկը կա, որ հեռուստատեսությամբ այս մի ամիս է՝ ասում է․ ռուսները հիբրիդային պատերազմ են սկսել: Երբ քաղաքական գործիչը մեկ ուրիշին գնահատական է տալիս, դա չի նշանակում հիբրիդային պատերազմ: Հիբրիդային պատերազմն այն է, ինչ անում է Կայա Կալլասը, ինչ անում են եվրոպացիները, ինչ անում էին ամերիկացիները… գունավոր հեղափոխություն, ֆինանսավորում՝ պեռաշկիներ բաժանել եւ այլն:

– Ռուսաստանի զգուշացումները՝ կոնկրետ քայլերի տեսքով, Հայաստանի ներսում ինչ-որ աջակցությամբ կդրսեւորվե՞ն:

– Ես կոնկրետ քայլի հավանականություն չեմ տեսնում: Պուտինի քաղաքական վարվելակերպն է դա: Այդ ինչի՞ պետք է Հայաստանում անի, եթե իրենց համար կարեւորագույն պետությունում՝ Ուկրաինայում չարեց կամ այլ երկրներում։ Դա իր ոճը չէ:

– Այսինքն՝ Փաշինյանի խաղերի համար վճարելու ենք մենք՝ շարքային քաղաքացիներս:

– Այո, զուսպ էր խոսում, վերջին հաշվով, եթե այդ զսպվածության տակ նայենք, ասում էր՝ հայ ժողովուրդ, դուք մեր բարեկամ ժողովուրդն եք եղել, մենք միշտ պատրաստ ենք եղել, սա ենք արել, այն ենք արել, այսինքն՝ մի ուրացեք այդ ամենը, բայց եթե դուք եք ընտրում այս ճանապարհը, մենք ոչ մի բանով այլեւս ձեր առաջ պատասխանատվություն կամ պարտավորություն չունենք: Հիմա եթե դուք դա գնահատելով չեք ընտրում սրան եւ վռնդում եք իշխանությունից, այդ հարցում մենք նորից ամեն կերպ ձեզ օժանդակելու ենք:

– Կրեմլում չգիտե՞ն, որ Փաշինյանն իր ձեռքում է կենտրոնացրել բոլոր ուժային կառույցները, ժողովուրդը դեմ է Փաշինյանին, որ նաեւ ընտրությունները կեղծելու հնարավորություն ունեն:

– Այսինքն, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում` զորք վերցնի, գա մտնի, ընտրություններին խառնվի՞: Նա նման բան չի անի, նա անում է մաքսիմումը: Ասում է՝ ձեր ընտրությունից է կախված՝ ԵԱՏՄ, թե՝ ԵՄ, մենք ձեզ տարածաշրջանում տեր կկանգնե՞նք, թե՞ ոչ, ձեր ընտրությունից է կախված` մեզ հնարավորություն կտա՞ք, որ պաշտպանենք միջազգային հարաբերություններում ձեր շահերը, թե՞ ոչ: Եթե դուք չեք ուզում, ես ոչինչ չեմ կարող անել: Այսինքն, եթե տեսնի, որ դա էլ չկա, ու արդեն բանը բանից անցնում է, նա ուղղակի զորքով կմտնի, կօկուպացնի, ինչպես բոլշեւիկներն արեցին: Այն ժամանակ մի քիչ այլ հարաբերություններ էին, բայց զոռով մտան, միջանցքն էլ բացեցին Զանգեզուրի, Նախիջեւանն էլ, Ղարաբաղն էլ տվեցին Ադրբեջանին, ասացին` այսպես պետք է լինի, ու վերջ, արեցին: Հիմա դուք բերում եք դրան, որ Ռուսաստանը գա, ուժով իշխանություն փոխի, սահմաններ գծի եւ այլն: Մինչեւ հիմա այդ անձը, որ առանց ամաչելու քարտեզը կտրտել, խփել է պիջակի վրա, դրա ամբողջ արտաքին արեւմտյան սահմանները ռուս-թուրքական, ռուս-իրանական սահմաններն են: Դա քո սահմանները չեն, դու ո՞վ ես, որ այդ սահմանները գծել ես, ախր, կա միջազգային պայմանագիր` 1921 թվականի` ռուս-թուրքական: Ինքն իրեն դիրքավորում է, թե ես շուստրի տղա եմ, իմ թիկունքում այնքան ուժեր կան…

– Այն էլ խոփը քարի՞ն առավ:

– Այո, դե Պուտինի բնավորությունն այդպիսին է` հանդարտ խոսեց, ամաչելով, բայց երբ տեղը գալիս է, այնպիսի վիճակի մեջ է դնում, որ … Այդ զրույցը, որ ցույց տվեցին, ցուցադրական մասն էր, իսկ թե առանձնազրույցի ժամանակ ինչ է ասել, մնում է միայն երեւակայել: Ամենայն հավանականությամբ, ասել է` եթե թույլ տվեցինք, որ մի քանի քայլ անես, չի նշանակում, որ գերտերության հետ կարող ես ոտք մեկնել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ինձ համար Արցախի էջը փակ չի, բայց սատարում եմ ՔՊ-ին

«Հրապարակ»․ Ինձ համար Արցախի էջը փակ չի, բայց սատարում եմ ՔՊ-ին Tue, 07 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով