Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել իր հնչեցրած արտահայտության համար
Tue, 07 Apr 2026 11:02:42 +0400
Մարտի 6-ին Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակայնորեն ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար․
«Սիրելի’ հայրենակիցներ,
Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժեվորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։
Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-oրյա պատերազմին։
Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչու նրա որդին չի ծառայել բանակում, պատասխանել էր «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»: