Ինչպես լրացնել մարզային բժիշկների թափուր հաստիքները
Tue, 07 Apr 2026 12:15:26 +0400
Տավուշի մարզի պետական առողջապահական հիմնարկներում կան բժիշկների թափուր հաստիքներ։ Որոշ հաստիքներ էլ զբաղեցնում են տարեց, կենսաթոշակառու բժիշկները։ Տավուշի մարզպետի աշխատակազմը հայտնում է, որ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ Տավուշի մարզի համար սահմանված է 5 նպատակային ուսուցման տեղ։ Նպատակային տեղերում ընդունված ուսանողները սովորում են անվճար եւ ուսումնառության ընթացքում ստանում են կրթաթոշակ: Նպատակային տեղերում ընդունված դիմորդները պայմանագիր են կնքելու ՀՀ առողջապահության նախարարության հետ, որի համաձայն՝ ուսումն ավարտելուց եւ ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո պարտավորվում են վերադառնալ հարազատ մարզ եւ առնվազն 3 տարի ժամկետով աշխատել մարզի բժշկական կազմակերպություններում:
Սա վատ տարբերակ չէ, եւ այս մեխանիզմը հատկապես լայնորեն կիրառվում էր Սովետական Միությունում, երբ բուհերի շրջանավարտները պարտավոր էին երկու տարի աշխատել մարզերում, ապա նոր կարող էին վերադառնալ եւ աշխատանքի ընդունվել մայրաքաղաքում: Հատուկ հանձնաժողովներրը 5-րդ կուրսեցիներին առաջարկում էին ընտրություն կատարել, թե որ մարզում են ուզում աշխատել, իսկ սահմանամերձ գյուղերում նույնիսկ հավելավճար էին ստանում: Իհարկե, ավելի ճիշտ կլիներ մարզերում աշխատող բժիշկների աշխատավարձերը, աշխատանքային պայմանները բարելավել, որպեսզի նպատակային ուսուցման տեղերում սովորած, մարզեր գործուղվածները 3 տարի անց չհեռանային մարզի բուժհիմնարկներից՝ կրկին առաջացնելով թափուր հաստիքներ: