Ղուկասյանի գործը «փլուզվում է». ի՞նչ է սպասվում
Tue, 07 Apr 2026 14:14:32 +0400
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ հարուցված աղմկահարույց քրեական գործը, կարծես, մտնում է նոր փուլ։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին քաղաքապետը ձերբակալվեց կոռուպցիոն մեղադրանքներով՝ կապված ենթադրյալ կաշառքի գործի հետ, որի շրջանակում կալանավորվեցին նաև մի շարք այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ քաղաքի գլխավոր ճարտարապետը։ Դատարանը նրա նկատմամբ ընտրել էր կալանքը՝ որպես խափանման միջոց, և գործը մտավ ակտիվ քննության փուլ։ Սակայն հետագա զարգացումները սկսեցին փոխել ընդհանուր պատկերը։
Ըստ պաշտպանական կողմի հայտարարությունների՝ քրեական գործով մի շարք հոդվածներով հետապնդումը դադարեցվել է՝ «արարքի բացակայության» հիմքով, ինչը արդեն իսկ հարված էր մեղադրանքի դիրքերին։ Բայց առավել ուշագրավը հիմա տեղի ունեցողն է։ Գործով անցնող կարևոր անձանցից մեկը՝ ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, հրաժարվել է քաղաքապետի դեմ ցուցմունք տալուց, թեև նախապես, ըստ որոշ աղբյուրների, նրան առաջարկվել էր համագործակցության դիմաց մեղմացնել կամ փակել գործը։
Նույն միտումն է նկատվում գործով անցնող գործարար Սևակ Գոմցյանի մոտ. նա, ըստ էության, չի տվել քաղաքապետին ուղղված մեղադրական ցուցմունք՝ նշելով, որ չի ճանաչում նրան կամ չի կապում իր գործողությունները նրա հետ։ Ինչպես Ղուկասյանի պաշտպաններն են նշում, ստացվում է՝ գործի առանցքային ապացույցներից մեկը՝ վկաների ցուցմունքները, սկսում են «քանդվել»։
Այս զարգացումների ֆոնին, պաշտպանների խոսքով, հնարավոր է մի քանի սցենար.
Մեղադրանքի վերաորակում կամ մեղմացում։ Գործի մասնակի կարճում. ինչպես արդեն եղել է որոշ հոդվածներով, հնարավոր է նոր դրվագների փակումը։ Բայց ամենից հավանականը քաղաքական նկատառումներով գործի երկարաձգումն է։
Մի խոսքով, Գյումրիի քաղաքապետի գործը մտել է մի փուլ, որտեղ ոչ թե նոր մեղադրանքներ են առաջ քաշվում, այլ եղածն է սկսում կասկածի տակ դրվել։ Եթե վկաների «լռությունը» շարունակվի, ապա գործը կարող է վերածվել ոչ թե դատավճռի, այլ ձգձգվող գործընթացի՝ անորոշ ավարտով։
Չնայած Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը օրերս փոխվեց տնային կալանքով, մեզ ասացին, որ Ղուկասյանի ընտանիքն ու անձամբ Ղուկասյանը վստահ են, որ նրա նկատմամբ խափանման միջոցը մոտ ապագայում չի փոխվի։ Հատկապես ընտրությունների նախաշեմին նրա ազատ արձակումը անհավանական է։ Պատմեցին, որ հարազատների հետ հանդիպման ընթացքում Ղուկասյանն ակնարկել է, որ չի էլ ակնկալում խափանման միջոցի փոփոխություն, իրեն համարում են իշխանության համար «վտանգավոր քաղաքական գործիչ»։ Նշել է, թե հարմարվել է կարգավիճակին, առաջիկա ընտրությունների հետ կապված մեծ հույսեր է կապում, և իր ազատության մեջ հայտնվելը հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում։
«Էստեղ կմեռնեմ, բայց դրանց հետ գործարքի չեմ գնա, թող ցմահ պահեն բանտում»,- ասաց Ղուկասյան ընտանիքին կանգնած մեր աղբյուրը։