Աննորմալ մտածողության դրսեւորումը

Աննորմալ մտածողության դրսեւորումը

Tue, 07 Apr 2026 17:15:07 +0400


Այս կիրակի ԵՄ անդամ Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են: Հունգարիայի բազմամյա վարչապետ Վիկտոր Օրբանը վերածվել է ԵՄ թշնամու: Բրյուսելում չեն կասկածում, որ Օրբանը կպահպանի պաշտոնը: Որպեսզի Օրբանը հետայսու չկարողանա արգելափակել իր որոշումները՝ ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ, եթե, իհարկե, չկարողանա չեղարկել ընտրությունների արդյունքները, ինչպես դա կատարվեց 2024-ին, Ռումինայում: Ամերիկյան Politico պարբերականի տվյալներով, ԵՄ-ում այդ առումով շրջանառվում է 4 տարբերակ: Առաջինը եւ հիմնականը քվեարկության կանոնների փոփոխությունն է: Երկրորդը ԵՄ բյուջեով Հունգարիային հատկացվելիք միլիարդների սառեցումն է: Երրորդը ԵՄ խորհրդում Հունգարիայի քվեարկության իրավունքի կասեցումն է: Չորրորդը Հունգարիան ընդհանրապես ԵՄ-ից վռնդելն է, ինչը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել:

Պատկերացնո՞ւմ եք, ԵՄ-ում պատրաստ են նույնիսկ գնալ այդ քայլին, որպեսզի ինքն այլեւս ոտնատակ չընկնի: Իսկ ինչո՞վ է Օրբանը վաստակել այդ թշնամությունը: Նախ, որովհետեւ փորձում է պահպանել պետության ինքնիշխանությունը: Այո, ԵՄ անդամ երկիրը փորձում է ինքնիշխանություն ապահովել: Ու դա հաղթահարելու նպատակով ցանկանում են կա՛մ միջամտել ընտրություններին եւ կա՛մ կյանքի կոչել Politico-ի միջոցով գաղտնազերծված չորս տարբերակներից որեւէ մեկը: Դժբախտաբար, Հունգարիան մեզանում հիշվում է Գուրգեն Մարգարյանի սպանությամբ, իսկ անձամբ Վիկտոր Օրբանը՝ մարդասպանի արտահանձնումով Ադրբեջանին, ինչպես նաեւ թյուրքախոս երկրների կազմակերպությունում իր դիտորդական կարգավիճակով:

Իսկ հակաեվրոպական դիրքորոշումը դրսեւորվում է իր երկրի քաղաքացիների բարեկեցության հաշվին Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ հատկացնելու դեմ պայքարով: Քանի որ ոչ մեկը հույս չունի, թե այդ վարկը կարող է վերադարձվել՝ գոնե տեսանելի ապագայում, ու իրենք էլ պետք է փակեն այն: Իսկ վարկ տալով էլ ընդամենը երկարաձգվելու է ռուս-ուկրաինական պատերազմը: Քանի որ նույնիսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին արդեն չի հավատում իր երկրի հաղթանակին: Իսկ երկարաձգումն ընդամենը շարունակելու է խլել մարդկային կյանքեր եւ ավելացնել երկրի ավերումը: Բայց պատերազմի շնորհիվ նախագահ Զելենսկին շարունակում է պաշտոնավարել: Միաժամանակ վարչապետ Օրբանը փորձում է պաշտպանել իր երկիրն անօրինական միգրանտների հոսքից՝ դեմ գնալով նաեւ ԵՄ-ով թույլատրված՝ միգրանտների քվոտավորված ներթափանցումը:

Վիկտոր Օրբանը եւ վերջերս նաեւ` Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մեղադրում են Ուկրաինայի իշխանություններին Հունգարիային եւ Սլովակիային մատակարարվող եւ այդ երկրի տարածքով անցնող ռուսական «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները դիտավորյալ դադարեցնելու մեջ: Ուկրաինայի իշխանություններն արդարանում են, թե դրա ենթակառուցվածքները լրջորեն վնասվել են ռուսական անօդաչու սարքերի հարվածների հետեւանքով: Որպես պատասխան՝ Հունգարիան եւ Սլովակիան դադարեցրել են դիզելային վառելիքի եւ էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումներն Ուկրաինային: Այս հարցում եւս այդ երկիրը՝ Սլովակիայով հանդերձ, ձգտում է ինքնիշխանության:

Հունգարիայից անցնենք հյուսիս եւ գանք Լեհաստան: 7 տարի առաջ, ըստ սոցհարցումների, ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները Լեհաստանում կազմում էին 6-7%: 2026-ին դրան կողմ է արդեն հարցվածների 22-25%-ը: Այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է 18-29 տարեկանների շրջանում` 35,5%: Հարց է առաջանում, թե ժամանակին ԵՄ ձգտող լեհերն ինչու են ցանկանում դուրս գալ եվրոպական դրախտից: Պատասխան՝ լեհերը բացարձակ դեմ են ԵՄ-ի միգրացիոն քաղաքականությանը, որովհետեւ չեն ցանկանում փախստականներ ընդունել, իսկ դա պարտադիր պայման է ԵՄ-ի կազմում գտնվող երկրների համար: Առանձին այդ երեւույթն ավելի լուրջ խնդրի՝ պետության ինքնիշխանության մաս է կազմում: 2021 թ. հոկտեմբերի 7-ին Լեհաստանի Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, ըստ որի՝ ԵՄ պայմանագրերի եւ ԵՄ դատարանների որոշումների որոշակի դրույթներ հակասում են Լեհաստանի սահմանադրությանը: Որոշմամբ հայտարարվել է, որ ԵՄ ինստիտուտները գործում են իրենց իրավասությունից դուրս՝ փաստացի մերժելով իրավունքի գերակայության եվրոպական սկզբունքը։

Իսկ Հայաստանում, եթե հավատանք վերջին սոցհարցումներին, բնակչության կեսից ավելին ձգտում է միանալ Եվրամիությանը: Եվ դա ներկայացվում է ոչ միայն բարեկեցության, այլեւ ինքնիշխանության աճի պրիզմայով: Փաստորեն ստացվում է, որ որոշ չափով մեր երկրի մակարդակին մոտ, թեեւ շատ ավելի բարձր, երկրները հանուն ինքնիշխանության եւ ժողովրդի բարեկեցության պահպանման կռիվ են տալիս ընդդեմ ԵՄ-ի: Իսկ Փաշինյանի իշխանությունը ցանկանում է դրանք ձեռք բերել կամ ավելացնել ԵՄ-ին միանալու շնորհիվ: Այստեղ է երեւում, թե ինչ մակարդակի կեղծիք է շրջանառում կառավարությունը: Ստացվում է նաեւ, որ Ռուսաստանի դեմ ինքնիշխանության անվան տակ մղվող սառը պատերազմն իրականում հեքիաթ է: Որովհետեւ աննորմալ բան է սեփական անվտանգությունն ապահովող երկրի դեմ կռիվ տալ նրան թշնամի վերպետական կառույցի տակ պառկելու համար՝ անունը դնելով ինքնիշխանության հաստատում: Ի՞նչ է դա, եթե ոչ աննորմալ մտածողության հերթական դրսեւորում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Բաքու․ Հայաստանը ևս օրակարգում է

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Բաքու․ Հայաստանը ևս օրակարգում է Fri, 31 Jul 2026 15:30:19 +0400…

18 րոպե ago

Այդպես է որոշել Նիկոլ կեղծարարի դատարանը

Այդպես է որոշել Նիկոլ կեղծարարի դատարանը Fri, 31 Jul 2026 15:18:44 +0400 Մեր պայքարի ընկեր…

30 րոպե ago

Նրան բերել են․ նրա՛նք էլ կհեռացնեն

Նրան բերել են․ նրա՛նք էլ կհեռացնեն Fri, 31 Jul 2026 15:15:05 +0400 Իսկական երկրի ղեկավարը…

33 րոպե ago

Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք

Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք Fri, 31 Jul 2026 15:07:16…

41 րոպե ago

Համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ է հայտնի

Համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ է հայտնի Fri, 31 Jul 2026 15:00:58 +0400 Ղրղզստանի Չոլպոն-Աթա…

48 րոպե ago

Հազարավոր ներգաղթյալներ Մարոկկոյից և Ալժիրից ներխուժել են Սեուտա

Հազարավոր ներգաղթյալներ Մարոկկոյից և Ալժիրից ներխուժել են Սեուտա Fri, 31 Jul 2026 14:54:49 +0400 Հազարավոր…

54 րոպե ago