Իսկ հասարակությունն ուզո՞ւմ է, որ Ադրբեջանը դառնա Հայաստանի անվտանգության երաշխավոր
Tue, 07 Apr 2026 18:15:49 +0400

Նիկոլ Փաշինյանը սկսեց, Ալեն Սիմոնյանը շարունակեց: Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Կիպրոսի անվտանգության երաշխավորը Թուրքիան է, իսկ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը` Ռուսաստանը: Նիկոլ Փաշինյանի միտքն ավելի բացեց Ալեն Սիմոնյանը` ապրիլի 4-ին տեղի ունեցած ՔՊ համաժողովում բացահայտելով ՔՊ-ի խաղաղության հայեցակարգը, ըստ որի՝ Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է: Ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս է Ադրբեջանը երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը եւ ինչի՞ դիմաց:
Մինչեւ Փաշինյանի` իշխանության գալը Հայաստանի անվտանգության երաշխավորը Հայաստանի զինված ուժերն էին ու նաեւ դաշնակիցները`ի դեմս Ռուսաստանի, որի հետ Հայաստանն ուներ եւ ունի ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագիր, եւ ՀԱՊԿ-ը: Սա նշանակում էր, որ արտաքին ագրեսիայի դեպքում Հայաստանի զինված ուժերն իրենց վրա են վերցնում Հայաստանի եւ այն ժամանակ՝ նաեւ Արցախի տարածքի պաշտպանությունը, իսկ անհրաժեշտության դեպքում դիմում են դաշնակցին կամ դաշնակիցներին՝ ռազմական աջակցություն տրամադրելու համար: Սառեցնելով անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը`102-րդ ռազմաբազան հռչակելով որպես Հայաստանի անվտանգությանը սպառնացող գործոն, Փաշինյանը փոխում է Հայաստանի անվտանգության կոնցեպցիան:
Ի՞նչ է իրենից ներկայացնում նոր կոնցեպցիան, ըստ որի՝ Հայաստանն իր անվտանգության երաշխավոր ճանաչում է Ադրբեջանին: Փաստացի, Հայաստանն ընդունում է, որ ինքը պարտվել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում, ընդունելով իր պարտությունը՝ Հայաստանը համաձայնում է կատարել հաղթող երկրի կողմից իրեն ներկայացվող բոլոր պահանջները: Ադրբեջանը դառնում է Հայաստանի փաստացի տերը` կարող է որոշել թե՛ Հայաստանի ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, նշանակել եւ ազատել Հայաստանի կառավարիչներին՝ նրանց օժտելով տեղական ինքնավարությամբ, ինչպես, օրինակ, հարկերի հավաքումն է, եւ դրանք ծախսելու հարցում որոշումներ կայացնելու իրավունքը: Փողը կամ դրա հիմնական մասը մնալու է տեղական իշխանության տնօրինության տակ։ Այս դեպքում Ադրբեջանն է որոշում, թե ով պետք է լինի Հայաստանում իշխանություն, որ քաղաքական ուժը եւ որ քաղաքական գործիչը:
Որպեսզի սա լավ հասկացվի, բերենք ընդամենը մի երկու օրինակ. 1953 թվականին ԱՄՆ հատուկ ծառայությունները պետական հեղաշրջում իրականացրին Իրանում, իշխանությունից հեռացնելով վարչապետ Մոհամադ Մոսադեղի կառավարությունը, միայն այն բանի համար, որ նա համարձակվել էր ազգայնացնել երկրի նավթարդյունաբերությունը, իսկ 1956 թվականին խորհրդային բանակը դաժանորեն ճնշեց հունգարական հեղափոխությունը, այնտեղ վերահաստատելով իրեն հնազանդ կառավարություն` վարչապետ նշանակելով Յանոշ Կադարին: Հունգարիայի անվտանգության երաշխավորը Խորհրդային Միությունն էր, բայց անվտանգության երաշխավոր ասելով, պետք չէ հասկանալ միայն արտաքին անվտանգությունը։ Դա ներառում է նաեւ ռեժիմի անվտանգությունը, քանի որ այդ ռեժիմն է ապահովում երկրի լոյալությունը երաշխավորի նկատմամբ:
Ի՞նչ ունենք Հայաստանի դեպքում. Ալիեւը համաձայնել է ստանձնել Հայաստանի երաշխավորի դերը` ապահովել Հայաստանի արտաքին անվտանգությունը, չհարձակվել Հայաստանի վրա, եւ ռեժիմի անվտանգությունը` ապահովել Փաշինյանի իշխանությունը Հայաստանում: Սրա դիմաց Փաշինյանը պարտավորվել է կատարել Ալիեւի բոլոր հրահանգները, անկախ նրանից՝ կվերաբերվեն դրանք արտաքին, թե ներքաղաքական կյանքին: Արտաքին քաղաքականության հարցում դա հարաբերությունների խզումն է Ռուսաստանի հետ, իսկ ներքաղաքական կյանքում՝ փաստացի հրաժարումն անկախությունից` Անկախության հռչակագրի դուրսմղումը Սահմանադրությունից: Դրանից հետո Ադրբեջանը հնարավորություն կստանա ներկայացնել այլ` ավելի կոնկրետ պահանջներ՝ ինչպես տարածքային, այնպես էլ ներքին կյանքի կազմակերպման հարցերում: Փոխարենը Ալիեւը կերաշխավորի Փաշինյանի իշխանությունը` հայ հասարակության կողմից նրա իշխանության վիճարկման դեպքում կարող է ռազմական օժանդակություն տրամադրել, զորք կամ հատուկ նշանակության ուժերի միջոցով հատուկ գործողություն կազմակերպել՝ ապահովելով ռեժիմի անվտանգությունն ապագայում:
Չնայած Փաշինյանը համաձայնել է ընդունել Ադրբեջանի երաշխավորությունը, բայց գործարքի կայացմանը խանգարում է երկու հանգամանք` հայ հասարակության դիմադրությունը եւ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում, որովհետեւ Ադրբեջանը չի կարող Հայաստան զորք մտցնել եւ աջակցել Փաշինյանին՝ պահելու իր իշխանությունը, եթե Հայաստանի տարածքում առկա են երրորդ երկրի զինված ուժեր, որը կարող է ռազմական կոնֆլիկտ հրահրել Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ, ինչն Ալիեւին պետք չէ եւ չի մտնում անվտանգության երաշխավորության ստանձնման պայմանների մեջ: Փաշինյանը մտադիր է այս երկու խնդիրները լուծել միաժամանակ` 2026 թվականի ընտրությունների ժամանակ վերջնականապես կոտրել հայ հասարակության դիմադրությունը, իսկ դրանից հետո Ռուսաստանից պահանջել, որ ամբողջությամբ դուրս գա Հայաստանից, այդ թվում` ռազմաբազան հանի Հայաստանի տարածքից եւ Հայաստանն ամբողջությամբ հանձնի Ադրբեջանի երաշխավորությանը: Չի բացառվում, որ, որպես անվտանգութան հավելյալ երաշխիք, Ադրբեջանը զորք մտցնի Հայաստան, որ Հայաստանի անվտանգությունն ավելի «երաշխավորված» լինի:
2026-ի ընտրությունները, մեծ հաշվով, դրա մասին են. ուզո՞ւմ է հայ հասարակությունը, որ Ադրբեջանը դառնա Հայաստանի անվտանգության երաշխավոր` նշված պայմաններով, թե՞ մերժում է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր