Հայաստանի ընտրությունը ոչ թե վատի ու վատագույնի, այլ սխալի ու ճշտի միջեվ է
Tue, 07 Apr 2026 18:45:50 +0400
Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումը ցույց տվեց, որ սպասվելիք ընտրություններում Հայաստանի ընտրությունն այլեւս ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ասած` վատի ու վատագույնի, այլ սխալի ու ճշտի միջեւ է լինելու: Ընդ որում, Հայաստանը պատմության սխալ կողմում դնող օրակարգը, ցավոք, ոչ թե Պուտինի, այլ Նիկոլ Փաշինյանի օրակարգն է:
Ու հարցն այս առումով ո՛չ իր կայսրապետական նկրտումներից Ռուսաստանի հրաժարումն է եւ ո՛չ էլ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: Հարցը նաեւ Ռուսաստանից Հայաստանի ունեցած հսկայական տնտեսական կախվածությունը չէ եւ ոչ էլ Ռուսաստանի երկու միլիոնանոց հայկական սփյուռքի գոյությունը: Հարցը Նիկոլի առաջարկած օրակարգի ժամանակավրեպությունն է:
Այս մարդն ու իր խմբակը, թեեւ բոլորից շատ են խոսում աշխարհի փոխված լինելու ու Հայաստանի փոխվելու անհրաժեշտության մասին, միեւնույն է, նրանք, ինչպես ժամանակին չեն հասկացել, այնպես էլ շարունակում են չհասկանալ, որ աշխարհն ինչքան էլ փոխվի, միեւնույն է, նա երբեք չի փոխվի այնքան, որ միայն դեմոկրատական օրակարգերով կառավարվի:
Իհարկե, շատ է եղել այնպես, որ աշխարհին դեմոկրատիա «սովորեցնողներն» այդ նույն դեմոկրատիան ու դեմոկրատական օրակարգերն իրենց երկրների շահերի համար օգտագործեն, բայց երբեք չի եղել այնպես, որ նրանք իրենց երկրների շահերը դեմոկրատական օրակարգերին ծառայեցնեն: Եվ քանի որ իրենք՝ որպես Հայաստանը ութ տարի կառավարած խմբակ, բազմաթիվ անգամներ են ապացուցել, որ չեն կարողանում պետությունն առանց դեմոկրատիայի իմիտացիա ստեղծելու կառավարել, քանի որ ապացուցել են, որ չեն կարողանում Հայաստանի նվաճումները դեմոկրատական իմիտացիայի շրջանակներից դուրս չփնտրել, ուրեմն պետք է գոնե մարդավարի հեռանալ կարողանան:
Պետք է մարդավարի հեռանալ կարողանան, որովհետեւ, երբ իրենք չեն հեռանում, իրենք իրենց չհեռանալով հայաստանյան հասարակության մի մասին ստիպում են, որ նրանք իրենց ձայնը տան ոչ թե տարածաշրջանային խաղաղությանը, այլ տարածաշրջանային «խաղաղության իմիտացիան» Հայաստանի վրա՝ իշխանություն պահելու գնով վաճառել ցանկացողներին:
Պետք է հեռանան, որովհետեւ, երբ իրենք մնում են, իրենք իրենց մնալով հայաստանյան հասարակության մի հատվածի ստիպում են, որ նրանք ոչ թե 21-րդ դարի բանակ ու 21-րդ դարի ռազմարդյունաբերություն ունենալու, այլ դրանք չունենալու օգտին քվեարկեն:
Պետք է հեռանան, որովհետեւ, երբ իրենք հայաստանյան քաղաքականության մեջ չեն լինի, իրենց այդտեղ չլինելով իրենք հայաստանյան հասարակության մի մասին կազատեն, Հայաստանի արտաքին քաղաքականության ու երկրի տնտեսության իրական դիվերսիֆիկացման փոխարեն, թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածություն ունեցող Հայաստանի օգտին քվեարկելու բեռից: Եվս մի հանգամանք, որին հատկապես կարեւոր է անդրադառնալ: Կարեւոր է, որովհետեւ խոսքն այս ճակատագրական ընտրություններում պետությանն ու նրա ապարատի գործելակերպին է վերաբերում:
Այս առումով, պետք է հասկանանք, որ այս ընտրությունները քննություն են ոչ միայն Հայաստանի հասարակության, այլ նաեւ Հայաստան պետության համար: 35-ամյա այս պետությունը, ի վերջո, իր կայացածությունն ու հասունությունն ապացուցելու հնարավորությունն է ստացել: Հնարավորություն, որը ոչ թե իշխանությունների աղմուկն ու նրանց մանիպուլյացիաները լսելուց է գալիս, այլ երկիրը փոխելու, այն ավելի ուժեղ ու բարեկեցիկ դարձնելու հայ ժողովրդի կամքից:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ