Իսրայելն ընդունել է Իրանի մասով Թրամփի առաջարկը, իսկ Լիբանա՞նը․ հայտարարություն
Wed, 08 Apr 2026 10:00:10 +0400
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում հայտնել է Իսրայելի կողմից Իրանի հետ հրադադարի համաձայնագրի պահպանման մասին։
«Իսրայելը աջակցում է նախագահ Թրամփի որոշմանը՝ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարվածները, եթե Իրանը անհապաղ բացի նեղուցները և դադարեցնի Միացյալ Նահանգների, Իսրայելի և տարածաշրջանի երկրների վրա բոլոր հարձակումները։ Իսրայելը նաև աջակցում է ԱՄՆ ջանքերին՝ ապահովելու համար, որ Իրանը այլևս միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չներկայացնի Միացյալ Նահանգների, Իսրայելի, Իրանի արաբ հարևանների և աշխարհի համար։ Միացյալ Նահանգները Իսրայելին հայտնել է իր հանձնառությունը՝ առաջիկա բանակցություններում հասնելու այս նպատակներին, որոնք կիսում են Միացյալ Նահանգները, Իսրայելը և Իսրայելի տարածաշրջանային դաշնակիցները։ Երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա», – ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։
Իրանական կողմն ավելի վաղ հայտարարել էր, թե ԱՄՆ-ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Ի դեպ, այս ընթացքում Լիբանանի վրա իսրայելական հարձակումները շարունակվում են: Ինչպես հաղորդում է Ալ Հադաթ հեռուստաալիքը, հրեական պետության պաշտպանության բանակը Լիբանանի հարավում հարվածել է շտապօգնության մեքենային, որի հետևանքով զոհվել է 4 մարդ։