Մինչ ԱՄՆ-ն և Իրանը պնդում են իրենց հաղթանակի մասին, Մոսկվան նշել է պարտվողին
Wed, 08 Apr 2026 11:00:48 +0400
Ագրեսիվ, չհրահրված հարձակման մոտեցումը պարտություն կրեց։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև կրակի դադարեցումը։
«Բոլոր հայտարարություններն այն մասին, որ գլխավորն ավելի ագրեսիվ, ավելի հարձակողական լինելն է, գլխավորը սոցիալական ցանցերում հնարավորինս շատ ամեն տեսակ բաներ գրելն է, ահա և այս դիրքորոշումը կրկին ջախջախիչ պարտություն կրեց։ Ինչպես և, ըստ էության, նմանատիպ միակողմանի, ագրեսիվ ու չհրահրված հարձակման մոտեցումը»,-ասել է Զախարովան ռադիո Sputnik-ի եթերում։
Ավելի վաղ գրել ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել հարվածները Իրանին և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։
Իր հերթին, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանական կողմը հայտարարել է նաև, որ Միացյալ Նահանգները ստիպված է եղել ընդունել Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկը՝ նշելով, որ հաղթել են ԱՄՆ-ի հետ հակամարտությունում։ Թրամփը հակառակն է պնդել՝ հայտարարելով, թե հենց Վաշինգտոնն է հաղթել և հասել իր ռազմական բոլոր նպատակներին։