«Հրապարակ»․ Նրանց «բիզնեսը» պետական բյուջեն է, պետք է ընդունել՝ բավական «հաջող» բիզնես է
Wed, 08 Apr 2026 12:45:11 +0400
Զրուցակիցս «Կիրովականյան կյանք» ռադիոհաղորդումների եւ «Գուգարք» թերթի նախկին խմբագիր, բանաստեղծ Արամայիս Դուրինյանն է:
– Այսօր ամենաքննարկվող թեմաներից է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը։ Ի՞նչ հնարավոր հետեւանքներ եք տեսնում հակասությունների շարունակության պարագայում։
– Դա այն թեման է, որը երկար է լինելու հանրային ուշադրության կենտրոնում։ Եվ բնական է, որովհետեւ խոսքը ոչ թե պարզապես հանդիպման, այլ մեր պետության ապագայի ուղղության մասին է։ Տեսակետ կա, թե հանդիպման նախաձեռնողը հայկական կողմն է։ Իմ գնահատմամբ՝ ավելի հավանական է, որ կազմակերպվել է ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ երկկողմ հարաբերություններում կուտակված հարցերի պարզաբանման նպատակով։ Վերջին շրջանում հաճախ են հնչել կոշտ հայտարարություններ՝ ուղղված Ռուսաստանին, այդ թվում՝ մեղադրանքներ Արցախի հարցում, հիբրիդային պատերազմի մասին խոսույթ, նաեւ ակնարկներ՝ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ։ Նման հայտարարությունները չեն կարող հետեւանքներ չունենալ։ Ռուսական կողմը, իմ տպավորությամբ, բավականին հստակ ներկայացրեց իր դիրքորոշումները՝ ընդգծելով հնարավոր զարգացումների ռիսկերը։ Սա ուղերձ էր ոչ միայն իշխանություններին, այլեւ՝ ողջ հայ հասարակությանը։ Պետք է հստակ ասել՝ վարչապետի ոչ մի խոսք, ոչ մի քայլ պատահական չէ։ Բայց նույնքան հստակ է, որ այդ քայլերի մեծ մասը չի բխել մեր ժողովրդի շահերից։ Նրա յուրաքանչյուր հայտարարություն դառնում է սենսացիա, ցավոք՝ ոչ դրական իմաստով։ Մենք գործ ունենք քաղաքականության հետ, որը հետեւողականորեն հեռացնում է երկիրն իր բնական դաշնակցային միջավայրից եւ տանում դեպի վտանգավոր անորոշություն։ Այսօր արդեն ակնհայտ է՝ երկիրը կանգնած է ոչ թե պարզապես դժվարությունների, այլ ճակատագրական ընտրության առաջ:
– Ի՞նչ նկատի ունեք՝ «վտանգավոր անորոշություն», «ճակատագրական ընտրություն» ասելով։
– Երբ ամեն օր թիրախավորվում է մեր ռազմավարական գործընկերը, երբ խոսվում է ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, երբ հնչում են մեղադրանքներ «հիբրիդային պատերազմի» վերաբերյալ, պետք է հասկանալ՝ դա ուղղակի հռետորաբանություն չէ, «ընտրյալ» ուղի է։ Եվ այդ ուղին մեր ազգի համար ունի ծանր գին։ Եթե Հայաստանը դուրս գա ռուս-հայ տնտեսական եւ անվտանգային համակարգից, հետեւանքները լինելու են շատ կոնկրետ, ոչ թե տեսական. օդային հաղորդակցությունները կարող են դադարեցվել, տնտեսական կապերը խզվել կամ կտրուկ թուլանալ, արտահանումը ռուսական շուկա լուրջ հարված «կուտի», հարյուր հազարավոր աշխատողներ կկանգնեն սոցիալական խնդիրների առաջ: Մի՞թե սա սոսկ քաղաքական բանավեճ է եւ ոչ թե գոյաբանական հարց։
– Տնտեսական հետեւանքների մասին շատ է խոսվում, կարո՞ղ եք ավելի հստակեցնել։
– Այստեղ պետք էլ չէ գունազարդ «թղթերով» փաթեթավորել իրականությունը։ Եթե գազի գինը, օրինակ, բարձրանա 3-3.5 անգամ, ինչպես արդեն տեղեկացվել է, դա նշանակում է՝ մարդիկ չեն կարողանա նույն «ջերմեռանդությամբ» ջեռուցել իրենց տները, էլեկտրաէներգիան կթանկանա նույն շղթայով, հացի գինը կարող է «երկինք» հասնել, ջերմոցային տնտեսությունները կփակվեն, տաքսին ու տրանսպորտը կդառնան շքեղություն: Այս ամենը կբերի մեկ բանի՝ զանգվածային աղքատացման։ Դա գիտակցո՞ւմ ենք: Նրանք, ովքեր որոշումներ են կայացնում, այս ամենի իրական բեռը չեն կրելու։ Մինչ ժողովուրդը հաշվարկում է՝ ինչպես վճարի կոմունալը, իշխանության ներկայացուցիչները միլիոնավոր դրամների աշխատավարձեր են ստանում, պարգեւավճարներ են բաժանում իրենց։ Խոսվում է նորից միլիարդավոր դրամների պարգեւավճարների մասին։ Նրանց համար գազի թանկացումը թվաբանական «գործողություն» է, ոչ թե ազգի գոյաբանական խնդիր։ Նրանք նաեւ «գործարարներ» են, բայց ո՛չ շուկայական իմաստով։ Նրանց «բիզնեսը» պետական բյուջեն է, եւ պետք է ընդունել՝ բավական «հաջող» բիզնես է. ո՞ւմ հայտնի չէ, թե 8 տարում ինչեր ձեռք բերեցին՝ պալատներ, հսկայական գույք, կուտակված հարստություն` բյուջեն «ողջ» լինի: Եվ բնական է հարցը՝ երբ ժողովուրդն աղքատանում է, իսկ իշխանությունը՝ հարստանում, ո՞ւմ շահերն են սպասարկվում։
– ՔՊ-ն դրանով չի բավարարվում` ամեն օր նրանց «կարկառուն» ներկայացուցիչները սենսացիոն հայտարարություններով են հանդես գալիս:
– Երեւի նկատի ունեք Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Ադրբեջանի խաղաղության երաշխավորը Հայաստանն է, իսկ Հայաստանի անվտանգությանը՝ Ադրբեջանը: Սա պարզապես սխալ ձեւակերպում չէ, սա մտածողություն է։ Եվ այդ մտածողությունը նույն հարթության վրա է այն մտքերի հետ, որոնք արդեն լսել ենք՝ «պարտությունը հաղթանակ է», «պարտությամբ ենք կառուցում պետություն» եւ այլն։ Չկարծեք, թե դրանք պատահական խոսքեր են: Մենք գործ ունենք պետականության գոյության համար ծայրահեղ վտանգավոր աշխարհայացքի հետ: Նման ձեւակերպումները պահանջում են լուրջ պարզաբանում եւ հանրային քննարկում, քանի որ առնչվում են ազգային անվտանգության հիմնարար հարցերին։ Այսօր առավել, քան երբեւէ, կարեւոր է զգոնությունը։ Պետք է սառնասրտորեն գնահատել իրականությունը, հասկանալ հնարավոր ռիսկերը եւ առաջնորդվել ոչ թե հուզական, այլ՝ բանական ընտրությամբ։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք ընդունել այն ուղին, որը մեզ առաջարկվում է, թե՞ կփորձենք ձեւավորել այլընտրանք՝ հիմնված ազգային շահի, արժանապատվության եւ երկարաժամկետ կայունության վրա։ Այո, մեր պետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ։ Հանրային մթնոլորտում նկատվում են բաժանումներ, անվստահություն, վախի տարրեր, ակտիվանում են հարմարվողականությունը եւ իրավիճակային շահն առաջնահերթ համարող շրջանակները, որոնց համար ազգային արժեքները հաճախ երկրորդական են: Մեր առջեւ մի պարզ, բայց չափազանց ծանր հարց է դրված։ Պատրա՞ստ ենք շարունակել այս ուղին՝ իր բոլոր հետեւանքներով, թե՞ ունենք կամք՝ կանգ առնելու եւ վերագնահատելու։ Եթե դա չանենք հիմա, հետո կարող է ուշ լինել։ Այդ ժամանակ այլեւս հարց չենք տալու, այլ պարզապես արձանագրելու ենք, թե ինչ կորցրինք։ Պատասխանն այս անգամ իսկապես վճռորոշ է լինելու։