Ինչպես բացահայտել ձայն փոշիացնողներին
Wed, 08 Apr 2026 18:15:54 +0400

Հայ ազգային կոնգրեսը որոշեց միայնակ մասնակցել 2026 թ. խորհրդարանական ընտրություններին, թեեւ բանակցություններ էր վարում՝ «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինք կազմելու համար, բայց, ըստ ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության, բանակցությունները տապալվել են: Ավելի տրամաբանական կլիներ, եթե ՀԱԿ-ը հայտարարեր, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին եւ իր համախոհներին կոչ է անում քվեարկել «Ուժեղ Հայաստանի» օգտին, քանի որ հենց այդ կուսակցությանը եւ նրա առաջնորդին են համարում գործող իշխանության իրական այլընտրանք: Այն, ինչ անում է ՀԱԿ-ը, ընդդիմադիր ընտրողների ձայների դասական փոշիացում է: 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը ստացել էր մոտ 20 հազար ձայն՝ ընտրության մասնակիցների ձայների 1,54 տոկոսը, այսինքն, այդքան ձայն կամ այդքան տոկոս փոշիացրել էր, որից ամենաշատը օգտվեցին ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը: ՀԱԿ-ի վարկանիշն անցած 5 տարիների ընթացքում չի ավելացել, բայց ՀԱԿ-ը, միեւնույն է` որոշել է մասնակցել ընտրություններին, գնում է նույն ճանապարհով` ձայն փախցնել հօգուտ իշխանության: Անում է դա գիտակցված` ըստ իս:
Ընդհանրապես, ինչպե՞ս որոշել՝ ով է ձայն փախցնող, փոշիացնող, իսկ ով հնարավորություն ունի հաղթահարելու անցողիկ շեմը: Դրա համար կա միայն մի ճանապարհ, մի քննություն`փողոց մարդ հանելը: Ժամանակին` 2008-ին, երբ ՀԱԿ վարկանիշը դեռ բարձր էր, Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմադիր դաշտը գրաված պահելու` իրենց ուղղված մեղադրանքներին ի պատասխան հայտարարում էր, որ մյուս ընդդիմադիր ուժերին որեւէ մեկը չի խանգարում՝ փողոցում 100 հազար մարդ հավաքել եւ դառնալ ընդդիմության առաջնորդ: Ընդդիմության առաջնորդ ուժը միշտ որոշվել է փողոցով` որ ուժը կարողանում է մարդկանց հանել փողոց, ում կոչով մարդիկ դուրս են գալիս փողոցներ եւ հրապարակներ, այդ ուժն էլ ընդդիմության առաջատարն է: Կարո՞ղ է ՀԱԿ-ը հիմա փողոց մարդ հանել, կամ` քանի՞ մարդ ՀԱԿ-ի ու նրա առաջնորդի կոչով կհավաքվի Ազատության հրապարակում, դրանով էլ կարելի է որոշել տվյալ կուսակցության հանրային աջակցության աստիճանը, եւ թե որն է ընտրություններին նրա մասնակցելու նպատակը` հաղթանա՞կը, թե՞ ձայն փախցնելը:
«Ուժեղ Հայաստանը», որն իրեն համարում է ընդդիմության առաջատար ուժը, ռիսկի է գնում` ապրիլի 11-ին կոչ անելով իր կողմնակիցներին՝ հավաքվել Ազատության հրապարակում: Ռիսկ այնքանով, որ ուզում է ոչ թե սոցիալական հարցումներով կամ փորձագիտական մակարդակով, այլ փողոցում ցույց տալ, որ ինքն է ընդդիմության առաջնորդը, որ իր կոչով հազարավոր կամ տասնյակ հազարավոր մարդիկ կարող են հավաքվել հրապարակում: Եվ սա՝ այն դեպքում, երբ կուսակցության առաջնորդը կալանավորված է եւ զրկված է հանրահավաքին մասնակցելու հնարավորությունից: Բացի այդ, Հայաստանում հիմա այնպիսի բռնապետական, ռեպրեսիվ մթնոլորտ է, ինչպիսին չի եղել որեւէ ժամանակահատվածում, որեւէ ընտրությանը նախորդող նախընտրական շրջանում: Եթե մարդիկ հավաքվեցին, «Ուժեղ Հայաստանը» կարող է իրեն հռչակել ընդդիմության առաջնորդ:
«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը կարելի է համարել նաեւ «չելենջ»՝ ուղղված մյուս ընդդիմադիր կուսակցություններին եւ նաեւ՝ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությանը: Կոչ` կրկնելու այն, ինչն իրենց հաջողվել է, եթե, իհարկե, հաջողվի Ազատության հրապարակում լեփ-լեցուն հանրահավաք կազմակերպել: Ընդդիմության մեջ իրենց առաջնորդ կամ գոնե անցողիկ համարող մյուս ուժերը եւս կարող են հանրահավաքի կոչ անել եւ ցույց տալ, որ իրենք էլ ոչ պակաս հանրային աջակցություն ունեն: Հանրահավաք հրավիրելու համար պետք է ունենալ բավականաչափ համարձակություն, քանի որ, ինչպես դրա հաջողումը, այնպես էլ տապալումը կարող է էականորեն ազդել կուսակցության հեղինակության վրա եւ կանխորոշել նրա քաղաքական ճակատագիրը:
Այս չելենջը կարող է ուղղված լինել նաեւ իշխանություններին, որովհետեւ իշխանությունը եւս իր ունեցած քաղաքական աջակցությունն ապացուցելու համար կարող է հրապարակներում մարդ հավաքելու կոչ անել, մանավանդ որ Փաշինյանը հայտարարում է, որ սա հեղափոխության երրորդ փուլն է, իսկ առանց փողոցի հեղափոխություն չի լինում: 2018-ին, երբ ՔՊ-ն ուներ բավարար հանրային աջակցություն, կարողանում էր հրապարակներում մարդ հավաքել, իսկ 2023 թ. Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ Փաշինյանը փորձեց վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց բերման ենթարկել երթի, արդյունքում կարողացավ ընդամենը 3 հազար մարդ հավաքել, որոնց կեսն էլ երթի ընթացքում փախավ եւ չհասավ Երեւանի քաղաքապետարան, որտեղ նախատեսված էր հանրահավաքը, ինչը եւ ի ցույց դրեց իշխանության հեղանակազրկված լինելը: Վրաստանի իշխանությունները, հակառակը` 2024 թ. աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ 2-3 պրոիշխանական հանրահավաք կազմակերպեցին, եւ չնայած ընդդիմությունը բողոքում էր, որ այդ մարդկանց հավաքել ու հանրահավաքի են բերել բռնի ուժով, բայց հարյուր հազարավոր մարդիկ չփախան փողոցներից եւ հրապարակից:
Բոլոր նրանք, ովքեր կվախենան փողոցում մարդ հավաքելու կոչ անել, կամ նրանց կոչին արձագանքողներ չեն լինի, բայց իրենք, այնուամենայնիվ, կմասնակցեն ընտրություններին, նրանց պետք է համարել ձայն փախցնողներ, մինչեւ ընտրությունները: Ինչ վերաբերում է իշխանությանը, եթե Փաշինյանը վախենա-հրաժարվի գոնե մեկ նախընտրական հանրահավաք կազմակերպելու գաղափարից, ուրեմն նրա հույսն էլ է ընտրություններ կեղծելը: Սա 30 եւ ավելի տարիների ընթացքում փորձված եւ փորձություն բռնած բանաձեւ է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր