Ֆրանսիան պատրաստ է օգնել․ Մակրոնը զրուցել է Փեզեշքիանի և Թրամփի հետ
Thu, 09 Apr 2026 14:30:12 +0400
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նա այս մասին հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում։
Մակրոնը նշել է, որ հրադադարը լավագույն հնարավոր քայլն է և հույս է հայտնել, որ այն խստորեն կպահպանվի բոլոր կողմերի կողմից, այդ թվում՝ Լիբանանում ստեղծված իրավիճակի հարցում։
Նա ընդգծել է, որ հրադադարի պահպանումը ստեղծում է անհրաժեշտ պայմաններ տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանն ուղղված համապարփակ բանակցություններ սկսելու համար։
«Ցանկացած համաձայնագիր պետք է լուծի Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի, ինչպես նաև նրա տարածաշրջանային գործունեության և գործողությունների հետ կապված հարցերը, որոնք խոչընդոտում են Հորմուզի նեղուցով ազատ նավարկությանը», – գրել է նախագահը։
Ավելին, Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան մտադիր է ակտիվորեն մասնակցել երկարատև խաղաղության ապահովմանը՝ գործելով Մերձավոր Արևելքի գործընկերների, այդ թվում՝ Կատարի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Լիբանանի և Իրաքի հետ սերտ համակարգմամբ։