Ինչ եղավ դատավորների հետ, որոնք առնչություն ունեցան Քոչարյանի գործի հետ
Fri, 10 Apr 2026 13:43:10 +0400
«Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստի ընթացքում փաստաբան Արամ Օրբելյանը հանդես է եկել կոշտ գնահատականներով՝ անդրադառնալով դատական համակարգում տեղի ունեցող գործընթացներին։
Նրա խոսքով՝ բոլոր այն դատավորները, որոնք առնչություն են ունեցել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումներին և որևէ դրական քայլ են իրականացրել, տարբեր ձևերով դուրս են մղվել համակարգից։ Փաստաբանը ընդգծել է, որ այս մոտեցումը կիրառվել է առանց բացառության՝ անկախ նրանից, թե տվյալ դատավորներն իրենց աշխատանքը որքան արդյունավետ են իրականացրել։
Միաժամանակ Օրբելյանը նշել է, որ հակառակ պատկերն է նրանց դեպքում, ովքեր, իր գնահատմամբ, ընդունել են վիճահարույց կամ ապօրինի որոշումներ։ Նրա պնդմամբ՝ նման դատավորները ոչ միայն չեն ենթարկվել պատասխանատվության, այլև որոշ դեպքերում առաջխաղացում են ունեցել։