«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ 15 հազար դրամ է աշխատել
Sat, 11 Apr 2026 10:00:38 +0400
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի ներկուսակցական, իրականում՝ նախընտրական այցերը մարզերի հասարակ բնակիչների մեջ այնքան էլ հետաքրքրություն չեն առաջացնում, ինչպես 2018 եւ 2021 թվականների այցերը։ Մարզերում Փաշինյանի հետ հանդիպածների, նրա հետ լուսանկարվածների մեջ եղել են տարբեր մակարդակի մարդիկ։ Նոյեմբերյան քաղաքում պատմում են, որ Փաշինյանի եւ բարձրաստիճան ՔՊ-ականների վերջին այցի ժամանակ Նոյեմբերյանի կենտրոնում Փաշինյանին ջերմորեն բարեւել, նրա հետ լուսանկարվել է մտավոր խնդիրներ, նաեւ խոսելու դժվարություն ունեցող նոյեմբերյանցի երիտասարդ Արմանը, որին Աման են ասում։
Նոյեմբերյանցիները պատմում են, որ Փաշինյանին ուղեկցողները, տեսնելով Արմանի վիճակը, նրան գումար են տվել, որ հեռանա, չնկարահանվի Փաշինյանի եւ բարձրաստիճան ՔՊ-ականների հետ։ Նոյեմբերյանի գործարարներից մեկն էլ, որը քննադատական, բացասական վերաբերմունք ունի Փաշինյանի ու նրա իշխանության հանդեպ, ինքն էլ է Արմանին փող տվել, որ նա վերադառնա, նորից միանա Փաշինյանի ու ՔՊ-ի խմբին։ Այդպես Արմանը մի քանի անգամ մաքոքային երթ է արել Նիկոլ Փաշինյանի խմբի եւ այդ գործարարի մոտ ու ամեն անգամ կողմերից փող ստացել։ Արմանն ուրախ ասել է, որ ինքն այդ օրը 15 հազար դրամ է ստացել 2 կողմից։